Քաղաքականություն

Լույսի մարդը

Լույսի մարդը

Փաշինյանի չտես-գյոռմամիշ թիմը փողի հոտ է առել: Գրգռված է նաեւ աղքատությունից աչք չբացող ժողջանի ախորժակը: Համով պատառ է ընկել ձեռքները՝ ՀԷՑ-ը: Ազգայնացնե՜լ, պետականացնե՜լ… գոռում են ամեն կողմից: Հասկանալի է՝ երբ ՀԷՑ-ը տեր ունի, չեն կարող լափել, փչացնել, մսխել, իսկ երբ պետական է, այսինքն՝ այլեւս ոչ մեկինը չէ, կարելի է վարվել ՀԷՑ-ի հետ՝ ինչպես ուզենան: Փաշինյանի պարագայում ամենահավանական սցենարներից են ՀԷՑ-ի մասնատումը, մանր-մունր կտորներով ծախծխելը եւ, որ ավելի շահեկան կլինի, թուրք կամ ադրբեջանցի գործարարներին հանձնելը:

Սամվել Կարապետյանը, ի զարմանս շատերի, հայտարարեց՝ թքած ՀԷՑ-ի վրա: Հասկացա՞վ, արդյոք, Նիկոլը, թե դա ինչ էր նշանակում: Նա, ահա, «ճանկերը» մեկնել է, որ ուրուրի պես փախցնի «որսը», իսկ Սամվել Կարապետյանն ասում է՝ թքած, տար, լափիր: Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, հասկացավ, որ սխալ թիրախ է ընտրել, նա այնքան էլ միամիտ չէ, բայց, ահա, նրա թիմն ու սովահար ամբոխը մի անբացատրելի մղումով հերթ կանգնեցին իրենց «հասանելիք» պատառի համար: Փաշինյանը ջինը բաց էր թողել, բայց չգիտեր, թե որն է լինելու իր հաջորդ քայլը դրանից հետո: Սովորական վիճակ մի մարդու համար, որը նույնիսկ իր գրքում է խոստովանում, որ երբեք չի մտածում հետեւանքների մասին՝ եթե ես մտածեի հետեւանքների մասին, ապա ոչինչ չէի հասցնի անել:

Եվ ջինն ամբողջությամբ դեռ շշից դուրս չեկած՝ պարզվեց, որ ՀԷՑ-ում Սամվել Կարապետյանից բացի լիքը աշխատակիցներ կան, որոնք կարող են անգործ մնալ եւ, մեղմ ասած, «թշնամանալ» Փաշինյանի ռեժիմի հետ: Ի՞նչ անել: Փաշինյանը մտածեց, մտածեց ու որոշեց նախ մի թեթեւ ահաբեկել նրանց․ ով համագործակցի իրավապահների հետ, կներվի, իսկ ով՝ ոչ, կազատվի աշխատանքից: Եվ սա ամենաստոր քայլն էր, որ կարող էր անել Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին ապօրինի կալանավորելուց հետո: Նա դրանով նաեւ հասկացրեց, որ իր գրպանի իրավապահներն են զբաղվելու ՀԷՑ-ի ճակատագրով, այն իրավապահները, որոնք իսկական էշի հարսանիք սարքեցին Ուլնեցու փողոցում:
Իսկ իրականում ի՞նչ է նշանակում՝ ազգայնացնել կամ պետականացնել ՀԷՑ-ը, արդյոք դա ա՞յն է, ինչ հասկանում են Նիկոլը, նրա կլոնները եւ սովալլուկ ժողջանը: Բանից պարզվում է՝ ազգայնացումը բավականին լուրջ գործընթաց է, որ ենթադրում է նաեւ լուրջ մոտեցում, առանց որի այն կվերածվի պետական կամ փողոցային ռեկետի: Քանի դեռ մարդկությունն ու օրենքները գոյություն ունեն, 100 հատ Նիկոլ էլ լինի, չի կարող կանգնել իրեն չպատկանող գույքի գլխին եւ հայտարարել, որ այսօրվանից դա իրենն է կամ պետությանը: Այլ բան, եթե տվյալ գույքը մասնավոր անձի կողմից ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով: Իսկ հիմա կարդանք արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի գրառումը՝ գույքի, հաստատության, ձեռնարկության կամ ընկերության ազգայնացման մասին, որպեսզի հասկանալի լինի, որ Նիկոլը, ըստ էության, հերթական անգամ խաբում է ժողովրդին ու իր հոտին եւ պատրաստվում է ոչ թե կերակրել նրանց, այլ բեռի հերթական մասնաբաժինը դնել պետության ուսերին։ 

Եվ այսպես, Գեւորգ Դանիելյանը գրում է. «Ազգայնացումը սանկցիա չէ, այն չի կարող մտահոգվելու առիթ լինել որեւէ սեփականատեր ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար, որ վերջինիս էլ իբր դրդի՝ դիմելու հակազդման քայլերի: Այն լրջագույն բեռ է հենց պետության համար: Գույքի ազգայնացումը չպետք է շփոթել գայթակղիչ բոլշեւիկյան ռեկվիզիցիայի հետ, քանզի այս դեպքում գույքի սեփականատիրոջը շուկայական արժեքով պետությունը ամբողջովին հատուցում է ոչ միայն գույքի արժեքը, որը կարող է գերազանցել մի քանի հարյուր մլն դոլարը, այլեւ պատճառված վնասները: Ազգայնացման արդյունքում պետությունը ոչ միայն ստանձնում է կառավարման արդյունավետությամբ պայմանավորված ֆինանսական ռիսկերը, այլեւ զրկվում է մի շարք բյուջետային մուտքերից: Այս ամենը հակասում է ներդրումային ողջամիտ քաղաքականությանը»:

Եվ պատկերացրեք, որ ազգայնացումն անհրաժեշտության դեպքում հենց այսպես է իրականացվում աշխարհի բոլոր օրինավոր երկրներում, պարզ առեւտուր, որից չի տուժում ոչ ոք՝ ո՛չ սեփականատերը, որ պետությանն է զիջում իր գույքը, ո՛չ էլ պետությունը, եթե ճիշտ է գնահատել իր կարողություններն ու կարող է նույնիսկ շահույթ ստանալ այդ գործարքից: Պատրա՞ստ է Նիկոլը կառավարել ՀԷՑ-ն այնպես, որ այն շահութաբեր լինի՝ սա գլխավոր հարցն է, բայց կա նաեւ մյուս հարցը՝ կարո՞ղ է Հայաստանը վճարել ՀԷՑ-ի գինը… Իսկ եթե ոչ, ապա ո՞վ է վճարելու: Այստեղից է, որ սկիզբ են առնում խոսակցությունները, որ Նիկոլը պատրաստվում է ՀԷՑ-ը հանձնել թուրք կամ ադրբեջանցի փողատերերին:
Հարգարժան Գեւորգ Դանիելյանը նաեւ հետաքրքիր խորհուրդ է տվել Փաշինյանի անհաջողակ կառավարությանը: Դա էլ կարդանք. «Իրականում խելամիտ կլիներ պետության սեփականությունն առաջնահերթ վերականգնել ընդերքի նկատմամբ, քանզի ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, հատուցման առնչությամբ գումարներն անհամեմատ փոքր են, երաշխավորվում են պետբյուջեի հսկայական մուտքեր, եւ, վերջապես, շահագործման կտրվածքով առանձնակի բարդություններ չկան....: Ահա, խնդրեմ, գնացեք եւ ազգայնացրեք՝ հա՛մ ավելի դյուրին է, հա՛մ ավելի էժան, հա՛մ էլ՝ ավելի հասկանալի: Թե չէ՝ ապօրինի ընկել եք ՀԷՑ-ի ռուբիլնիկի հետեւից, որի ո՛չ արժեքը գիտեք, ո՛չ գործածելու ձեւը:

ՀԳ. Նիկոլը, կեպին դրած, ՀՀ քաղաքացիներից մեկի դուռը թակում է… Երեխան «գլազոկից» երկար ուսումնասիրում է անկոչ հյուրին:
- Սամվելիկ, էն ո՞վ է,- խոհանոցից հարցնում է մայրիկը:
- Լույսի մարդն ա, մամ, լեւի գիծն անջատի…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image