Ամեն քայլափոխի մենք բախվում ենք մի խնդրի, որի լուծումը չի երևում (հասցեագրվում). դա Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձի մասնագիտական նույնականացումն է: Խոսքն այն մասին է, որ յոթերորդ տարին է ավարտվում, ինչ վերջինս զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, սակայն պարզ չէ, թե ինքն, այնուամենայնիվ, վարչապետ է թե լրագրող-խմբագիր: Այսօր էլ, կանանց տոնի առումով վերջինիս ծավալուն շնորհավորական ուղերձը (300 բառ կամ 1942 նիշ) չափելով, այն պատկերացումը ստացա, որ վերջինս կրկին իրեն զգում է լրագրող-խմբագրի ամպլուայում: Դա դեռ ոչինչ, բովանդակության դիտարկման դեպքում էլ բախվեցի արդեն գենդերային պոպուլիզմին:
Առաջին պարբերության մեջ արձանագրվում է, որ կանայք մեծամասնություն են: Եվ ըստ այդմ էլ, ըստ նրա, «կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարևորագույն գրավականն է»: Բայց խնդիրն այն է, որ տվյալ դեպքում քանակը որակ չի ստեղծում, ու երկրի զարգացման առաջնային գրավականը ոչ թե ԽԾԲ մեխանիզմն է, այլ արժանիների իշխանության (մերիտոկրատիայի) ձևավորումը: Հենց այն, ինչի համար հասարակության գրագետ հատվածը 2018-ին միացավ Սերժին մերժելու գործընթացին: Բայց դրա փոխարեն «թավշյա հեղափոխական իշխանությունից» ստացավ շատ ավելի խորքային ու ծավալուն հովանավորչությամբ բնորոշվող իրականություն:
Երկրորդ պարբերության մեջ ասվում է, որ մեծանում է կանանց ներգրավվածությունը հանրային կյանքում: Թե որքանով է դա տեսանելի՝ տեղյակ չեմ, բայց որ դա արհեստականորեն է կյանքի կոչվում՝ բացարձակ չեմ կասկածում: Դա ապացուցման կարիք էլ չունի՝ ընդամենն անհրաժեշտ է մի հայացք գցել (ձգել՝ կասեին սփյուռքահայերը, որոնց, ի տարբերություն հայաստանցիների, չի սիրում գործող իշխանությունը) «տղամարդկային» (ուժային) պաշտոններում կանանց նշանակման վրա: Իսկ այդ երևույթն էլ Արևմուտքից մեզ ծանոթ բազմազանությունն, հավասարությունն ու ներառականությունն (անգլերենով՝ DEI -Diversity, equity, and inclusion) է: Ինչն ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից արդեն գցվել է աղբարկղ, իսկ մեզանում շարունակում է ծաղկել:
Բաց թողնելով «տղաների կրթության ու մրցակցայնության» վերաբերյալ խիստ խորքային վերլուծության շնորհիվ բացահայտված «օրակարգային» հատվածը՝ անդրադառնանք նրա բարձրաձայնած հանրային համերաշխության խնդրին: Որի մեկնաբանությունը հերթական կեղծիք է, քանի որ այդ խնդիրը ոչ թե գենդերային է՝ ինչպես ինքն է ներկայացնում, այլ ընդհանուր հասարակական: Կրկնեմ՝ հայաստանյան խնդիրը ոչ թե գենդերային է, այլ հասարակության գիտակից ու հայրենասեր և կիսագրագետ ու փողի մեռած (զուտ հացի խնդիր լուծող) հատվածների միջև բախումը: Ինչը կամ կօժանդակի Հայաստանի վերածնմանը և կամ կդարձնի թուրքական վիլայեթներից մեկը:
ՀԳ. Հայաստանյան կանանցից ներողություն եմ խնդրում, որ Կանանց միջազգային օրվա առթիվ նրանց շնորհավորելու փոխարեն զբաղվում եմ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի ուղերձով: Ուղղակի խնդիրն այն է, որ 2020 թվականի վերջից այս կողմ, 5 տարի շարունակ ո՛չ Ամանորն է ինձ համար տոն, ո՛չ մնացած այլ տոները: