Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանն օրեր առաջ հրապարակեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը` նրան դատապարտեց 2 տարվա ազատազրկման։ Նշենք, որ դատախազ Արման Բաղդասարյանը 2 տարի 6 ամիս ազատազրկում էր պահանջել Միքայել Աջապահյանի համար: Հիշեցնենք, որ Աջապահյանը մեղավոր է ճանաչվել զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ 2023 թվականին իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն ատում է Հայ առաքելական եկեղեցին եւ նրա սպասավորներին, եւ բնավ զարմանալ պետք չէ, որ Փաշինյանի կողմից հոգեւորականությանն ուղղված զանազան հայհոյանքներից ու զրպարտող գրառումներից հետո սկսել են հոգեւորականներին նաեւ բանտարկել: «Հրապարակը» զրուցել է դերասանուհի Աննա Էլբակյանի հետ:
- Տիկին Էլբակյան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը երկու տարով ազատազրկվեց: Ի՞նչ նախադեպ է սա: Ի՞նչ եք կարծում` դատարանի վճիռն արդա՞ր էր:
- Ոչ, արդար չէր: Ես միայն աղոթում եմ…. մարդու տարիքը, ծառայությունը, Եկեղեցին եւ ընդհանրապես հոգեւոր մարդկանց պետք է հարգել, ես մեծ հարգանք ունեմ նրանց հանդեպ: Ահավոր է այս ամենը, ես շատ վատ եմ նայում այն ամենին, ինչը տեղի է ունենում Եկեղեցու շուրջ: Ես զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ինչ-որ քաղաքական ենթատեքստեր են կարողանում կպցնել այս ամենին: Եթե անգամ չեն էլ հավատում Աստծուն կամ հավատում են` չգիտեմ, ինչպե՞ս կարող են հոգեւորականին դատել: Ես երբեք ոչ մի հոգեւորականի չեմ կարող դատել, քննադատել: Մեր եԵկեղեցու ֆունկցիաներից է ազգը, մշակույթը, հայրենիքի միաբանությունը պահպանելը: Եկեղեցին մեր ազգի ծածկոցն է, իսկ թե այնտեղ ով ինչով է զբաղվում, ով ինչ սխալներ է գործում, դա մեր գործը չէ: Նրանք Աստծո համար են ծառայում եւ Աստծո առաջ էլ կարող են սխալվել: Թող դատավորը դատի, մենք դատավոր չենք: Դատարանը դատում է հոգեւորականներին, դա վերջն է: Ես անձամբ նրանցից ոչ մեկին չեմ ճանաչում, ուղղակի հարցին նայում եմ մարդկային տեսանկյունից: Մենք մոռացել ենք տարիք հարգել, մոռացել ենք մարդու ծառայությունը հարգել: Նույնիսկ եթե նրանք սխալվում են, չի կարելի այդպես վարվել, կարելի է նրանց լսել այլ կերպ, գոնե մարդկային առումով:
- Ասում են` օրենքի առաջ բոլորը հավասար են….
- Այո, հավասար են, բայց ի՞նչ է արել այդ մարդը: Ո՛չ մարդ է սպանել, ո՛չ հանցագործություն է կատարել, իր կարծիքն է ասել ընդամենը: Ի վերջո, ասում են՝ Հայաստանը դեմոկրատական երկիր է: Չի՞ կարող մարդը տարբերվող կարծիք հայտնել: Մենք մի ընտանիքի պես ազգ ենք եղել, մեր միջից ո՞վ կարողացավ հանել մեր առանձնահատկությունները: Պետք է նստել մի սեղանի շուրջ, եթե կան տարաձայնություններ, հարթել դրանք, ինչպես ասում են` խորաթա անել: Հայաստանում, ցավոք, կոտրվում են բոլոր մարդկային եւ հոգեւոր չափանիշները, եւ դա շատ վատ է:
- Նիկոլ Փաշինյանը վերջերս կրկին հայտարարեց, որ պատրաստվում է Վեհարանի մոտ ակցիա իրականացնել եւ կաթողիկոսին հեռացնել Վեհարանից:
- Չի կարելի այդպես, ես կողմնակից եմ դիալոգի: Ես ջարդից մազապուրծ եղած պապեր եմ ունեցել ու այսօր չեմ կարող ընկալել, թե ինչպես կարող է հայը հային քառատել: Այդ ինստիտուտն ինձ համար հասկանալի չէ: Մենք պետք է կարողանանք վերականգնել իրար աչքերի մեջ նայելու, իրար հետ երկխոսելու սովորությունը: Ինչո՞ւ են այսքան սպանություններ, ինքնասպանություններ տեղի ունենում այսօր: Որտեղի՞ց է գալիս դա: Այդ ամենը պատահականություն չէ, դա գալիս է այս համընդհանուր չարությունից:
- Իշխանավորները նաեւ պայքար են սկսել սիմվոլների դեմ: Ասում են` Մասիս սարը մերը չէ, մենք չպետք է հիանանք դրանով, Մաշտոցին հանում են Այբբենարանից, Հայոց պատմությունն են խմբագրում, եւ այսպես շարունակ: Ձեր կարծիքով` այս ամենի նպատակը ո՞րն է:
- Բացարձակ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում` Մասիսը մերը չէ: Օրինակ` լուսինը ո՞ւմն է, գուցե դրանո՞վ էլ չի կարելի այլեւս հիանալ: Մասիս սարը հրաշալի երազանք է, իսկ երազանքը չի կարելի խլել մարդուց: Իմ հայրը տարիներ շարունակ խոսել է այդ մասին: Մենք ոչ մեկից չենք փորձել խլել ոչ մի բան, այն մեր երազանքն է: Ինչո՞ւ` մեր հակառակորդ ազգն ուզում է ունենալ ավելին, իսկ մենք չե՞նք կարող: Այն աստիճան, որ արդեն Մասի՞սը պետք է մեր սրտից ջնջենք: Մաշտոցը քրիստոնեության դարձի իմաստով շրջադարձային պերսոնա է հայ ազգի կայացման մեջ, հայոց լեզվի կայացման մեջ: Մենք պետք է սկսենք վերանայել մեր մարդկային ու հոգեւոր արժեքները, չկա ոչինչ կուրորեն պաշտելու հարց, բայց պիտի ապրենք երազանքներով, ոչ ոք չի կարող մեզ զրկել մեր երազանքներից: Բոլոր ազգերն էլ ունեն պաշտպանվելու, երազելու իրավունք: