Քաղաքականություն

Նրանք ադրբեջանական կառավարության ներկայացուցիչներ են

Նրանք ադրբեջանական կառավարության ներկայացուցիչներ են

Ադրբեջանից փետրվարի 13-ին ցամաքային ճանապարհով Հայաստան էին ժամանել այդ երկրի փորձագիտական դաշտի, պետականամերձ լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ մասնակցելու հայկական կողմի հետ երկօրյա քննարկումներին։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրեցին, որ 20 հոգուց բաղկացած ադրբեջանական պատվիրակությունը սահմանագծված հատվածով, այսինքն Տավուշի կողմից է Հայաստան մտել՝ անցնելով համապատասխան ընթացակարգերը։ Տարածված տեսանյութերից էլ է պարզ դառնում, որ ադրբեջանական պատվիրակությանը հայ սահմանապահներն են դիմավորում՝ շարժական անցակետում՝ զննելով ու կնքելով ադրբեջանցիների անձնագրերը։ Ադրբեջանցիների՝ Հայաստան այցի վերաբերյալ հրապարակավ շատ մանրամասներ չեն հաղորդվում։ Անգամ չի հաղորդվել, թե որտեղ են անցնում քննարկումները։

Հայ - ադրբեջանական կլոր սեղանը նախաձեռնած «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փոխանցմամբ՝ փետրվարի 13-ին և 14-ին քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ «Քննարկումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան 2025 թվականի օգոստոսի 8-ին վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Առանձին նիստեր կկենտրոնանան ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության, խաղաղության օգուտների, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերի վրա», - հայտնում են կողմերը:

Ադրբեջանական պատվիրակության կազմում են եղել Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը, «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնով, 1news.az առցանց հրատարակության գլխավոր խմբագիր Քամալա Մամեդովան և այլոք:

Ադրբեջանական պատվիրակության կազմում այս անգամ ներկայացված չէր դեռ աշնանը Երևանում՝ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ մեկ սեղանի շուրջ նստած Դիլարա Էֆենդիևան։ Նա շուրջ երեք տարի առաջ Լաչինի միջանցքը փակած ու արցախահայության շրջափակմանը սկիզբ դրած այսպես կոչված «Էկոակտիվիստներից» մեկն էր: Հատկապես Էֆենդիևայի այցը Հայաստան մեծ աղմուկ էր բարձրացրել, հայկական կողմից հայտնել էին, որ միմյանց կազմերը նախապես չեն քննարկել: Հայկական կողմից ևս՝ գրեթե նույն թվով մասնակից է ներկա քննարկումներին, նրանց թվում են՝ «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը, Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը։ Նաև Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր Տաթևիկ Դանիելյանն է մասնակցում։

Քննարկման մասնակիցներից մի քանիսը այսօր հրաժարվեցին մեկնաբանություններից։ Խոստացան առաջիկա օրերին հանդես գալ մամուլի ասուլիսով։

Ավելի վաղ ավելի նեղ կազմով նոյեմբերի 21-ից 22-ը Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն էին Բաքվում: Կողմերը որոշել էին նախաձեռնությունն անվանել «Խաղաղության կամուրջ»: Առաջինը անցած տարվա հոկտեմբերին ադրբեջանական պատվիրակությունն էր եկել Երևան:

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է․ «Ստացվում է, որ այդ մարդիկ ադրբեջանական տարածքից Հայաստան եմ մտել, սա շատ կարևոր հանգամանք է։ Դա նշանակում է, որ նրանք ադրբեջանական կառավարության ներկայացուցիչներ են, կներեք, բայց այստեղ չի կարող քաղհասարակության մասին խոսք անգամ լինել։ Եթե այդ մարդկանց ընդունել է Հայաստանի ԱԽՔ-ը, դա չի կարող գաղտնի պրոցես լինել, ավելին՝ այն իմիտացիա է, թե իբրև կողմերը փորձում են հասնել խաղաղության։ Գաղտնիության մթնոլորտում ինչ-որ մի հանդիպում է տեղի ունեցել, ինչը վկայում է, որ այն պաշտոնական քաղաքականության շարունակությունն է, հայ ժողովրդին մոլորության մեջ դնելու նպատակով։ Ես 90-ականների, 2000-ականների բավականին ակտիվ մասնակիցն եմ եղել քաղհասարակության, սակայն այն ժամանակ այն աստիճան թափանցիկ էին պրոցեսները, որ այժմ, այս գաղտնիության մթնոլորտում չեմ կարող իմ հիմնավոր կասկածները չհայտնել։ Այս ամենն անլուրջ է, առնվազն այն բանից հետո, երբ Մյունխենում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայաստանյան ռազմաքաղաքական ղեկավարները նացիստ են և չեն կարող ազատության մեջ հայտնվել։ Ալիևին անգամ հարց են տվել՝ ինչո՞ւ չեք իրականացնում ապրանքների էքսպորտ Հայաստանից, և նա պատասխանել է, որ դեռ քննարկումներ պետք է լինեն այդ մասով, դրա ժամանակը չէ։ Սակայն Հայաստանից մեզ վստահեցնում են, որ պրոցեսների հիմքում տնտեսական հարցերն են։ Այս ամենը վերլուծելով կարող ենք փաստել, որ այս բոլոր պրոցեսները հայ հասարակությանը մոլորության մեջ գցելու համար են»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image