«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքկաան վերլուծաբան, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը:
-Պուտինը հեռախոսազանգով շնորհավորեց Փաշինյանի ծննդյան տարեդարձը: Սակայն ռուսական լրատվամիջոցներից մեկը` «Կոմերսանտը», հղում անելով Կրեմլի իր աղբյուրներին, գրել էր, որ Պուտինի զանգը չի նշանակում, որ հայ -ռուսական հարաբերություններում ամեն ինչ կարգին է: Ինչո՞վ էր պայմանավորված հայկական կողմի հաղորդագրության մեջ առկա բովանդակային դիսոնանսը:
-Դիվանագիտական էթիկայի շրջանակներում է ծնունդներին, պետական տոներին, հատկապես բարձրաստիճան ղեկավարության ծննդյան օրերը շնորհավորելը: Եւ այդ դիվանագիտական ձևական կողմը պահպանվում է, որովհետև որքան էլ ճգնաժամային լինեն հարաբերությունները, բայց դեռևս փակուղում չեն, հետևաբար, շնորհավորանքներ հղելն ու ընդունելը նորմալ է: Այլ բան է բովանդակությունը, որովհետև անգամ շնորհավորական ուղերձների մեջ կան մեսիջներ, որոնց տողատակերը պետք է հասկանալ: Քանի որ հակառուսական բավականին տրամադրություններ են գեներացրել, տարօրինակ և տարակուսելի է, որ հիմա հենց ՔՊ-ականները դարձել են «ռուսամետ», հակառուսական վարքագիծ փորձում են չդրսևորել, կարևորություն տալ միջպետական հարաբերություններին, թե ինչքան բարեկամական ու դաշնակցային ժողովուրդ են, այսինքն` վտանգները զգում են, գիտեն որ պահին, ինչպես պետք է փոխել իրենց պահվածքը: Այսօր խոսում են հայ-ռուսական բարիդրացիական հարաբերություններից, վաղը` մեղադրում են Ռուսաստանին հիբրիդային պատերազմներ մղելու մեջ, հետևաբար սա իրենց ձեռագիրն է: Փաստ է, որ Ղազախստանում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ հստակ պատկերը ստացանք` պարզ հայտարարության տեքստով, կարծես թե մինչև դեկտեմբեր ժամանակ տրվեց, այն սպասումով, որ հաջորդ նիստին՝ դեկտեմբերին հստակ պետք է Հայաստանը հայտնի իր կողմնորոշման մասին՝ գնում է ԵՄ, թե մնում է ԵԱՏՄ-ին: Հասկանալի է, որ նրանք Հայաստանին հեռացնելու հնարավորություն չունեն, բայց ատամ ընդ ատամ տրամաբանությամբ են շարժվում, այսինքն, եթե դու ասում ես, որ սառեցնում ես ՀԱՊԿ-ի հետ, չնայած նման ստատուս գոյություն չունի, իրենք ասում են՝ ձեզ չենք կարող դուրս հանել, հետևաբար մենք էլ սառեցնում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ ԵԱՏՄ շրջանակներում:
-Իսկ դրանից ո՞վ է տուժում:
-Տուժում է հայ ժողովուրդը, որը միլիոնավոր դոլարների տույժեր է ստանում հատկապես մթերքի իրացման մասով, որի վրա արգելք է դրվել: Եվ այս ամենի ֆոնին, նորից հնչում է այն կարծիքը, որ մենք ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ԵՄ-ն չի տվել իրենց անդամակցելու համաձայնությունը: Այսինքն, բացեիբաց խոսում են այն մասին, որ կհեռանան ԵԱՏՄ-ից, երբ ու ինչպես իրենց է հարմար: Բնական է, որ սա սրերով է ընդունվելու ԵԱՏՄ երկրների շրջանակի կողմից:
-Իսկ դիրքորոշումը սո՞ւր էր դրված:
-Հանուն արդարության պետք է ասեմ, բավականին փափուկ, ոչ կոշտ դիրքորոշմամբ հանդես եկան ԵԱՏՄ երկրների ղեկավարները, ասելով, որ դա բացառապես հայ ժողովրդի ցանկության հարցն է, իրենք կհարգեն հայ ժողովրդի ընտրությունը, բայց պատասխանատվությունը կրում է այն ղեկավարությունը, որն այս պահին գործում է, հետևաբար գնդակն այժմ այս իշխանությունների խաղադաշտում է:
-Եթե Փաշինյանը վերընտրվի, ռուսական իշխանությունները պատրա՞ստ են աշխատել նրա հետ:
-Ռուսաստանն այնպիսի խորքային պետություն է, որ որքան էլ իր քիմքին հաճելի չլինեն այս իշխանությունները, իրենք աշխատելու են ցանկացածի հետ, անկախ իրավիճակից՝ հարաբերությունները վատթար վիճակում են, թե բարելավման ենթակա են: Իրենք այնպես են միջպետական հարաբերությունները կառուցում, որը բացառապես համահունչ է իրենց ազգային շահի դոկտրինին: Ուրիշ բան` դրանից Հայաստանը տուժում է, թե ոչ: Իրենք բացեիբաց խոսում են հայ ժողովրդի հանդեպ հարգանքի մասին, բարեկամության և եղբայրության մասին, բայց նաև հասկացնում են, հայ ժողովուրդ, դուք որոշեք, եթե ձեզ ձեռնտու է ունենալ իշխանություն, որոնք պատեհապաշտ արկածախնդիրների մի համույթ են, հետևաբար համակերպվեք այն ամենի հետ, ինչ լինելու է, որովհետև նման վերաբերմունք մեր հանդեպ մենք չենք հանդուրժելու: Երկընտրանքի առաջ իրականում հայ ժողովրդին են դնում, և որոշում կայացնելու օրը հունիսի յոթն է: Իրականում հունիսի յոթի ընտրությունները ռուսական կողմը դիտարկում է ընտրություն նաև այս հարցում: Չնայած իրենք ասում են, որ մեր մասով վերջնական որոշումը կկայացվի հաջորդ գագաթնաժողովին, սակայն որոշումը կկայացվի հունիսի յոթի ընտրությունից հետո: Ընտրության արդյունքներով Ռուսաստանի համար պարզ կլինի, թե Հայաստանը ուր է գնալու, մինչև դեկտեմբեր չեն սպասելու: