Բյուջետային քննարկումների շրջանակում երեկ Ազգային ժողով էր եկել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որը, ի տարբերություն նախորդ անգամների, ոչ այնքան ագրեսիվ, որքան մոլորված, անտեղյակ, ինչ-որ առումով` անադեկվատ պահվածք դրսեւորեց՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին պատասխանելիս։ Գրեթե ոչ մի հարցի նախարարը չուներ հստակ պատասխան, ինչն ապացույցն է այն բանի, որ հայկական կողմը մասնավորապես Ադրբեջանի հետ ոչ թե բանակցություններ է վարում, այլ, տեղի տալով շանտաժներին, ուղղակի կատարում է թշնամի պետության հակահայկական պահանջները։ Միակ ողջունելին թերեւս այն է, որ, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ այլ կարկառուն ՔՊ-ական պաշտոնյաների, Միրզոյանը չստեց՝ հայտարարելով, թե իրենք խաղաղության դարաշրջանը վաղուց բացել են, եւ պատերազմի վտանգ չկա ու չի լինելու։ «Քանի դեռ վերջնական չենք հանգել խաղաղության, չենք ստորագրել պայմանագիրը, ու ձեռքսեղմում չի եղել, էսկալացիայի վտանգը կա»,- հայտարարեց նա։
Խոսելով Սյունիքում ամենօրյա դարձած կրակոցների մասին՝ նախարարը դժվարացավ պատասխանել, թե ինչու է մեր հակառակորդը կրակում․ մի քանի անգամ հարցրինք՝ չե՞ն փորձել պարզել պատճառները, ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում, մանավանդ` եթե կողմերը համաձայնության են եկել «խաղաղության պայմանագրի» տեքստի շուրջ, եւ այլեւս չբանակցված կետեր չկան: «Ինչո՞ւ են կրակում` չեմ կարող ասել, բայց Հայաստանի դիրքորոշումը մեկն է՝ ստեղծենք միասնական, համատեղ հետաքննող մեխանիզմ, որի արդյունքում էլ կարելի է պարզել՝ հրամա՞ն են կատարում այդ զինվորները, ինքնուրույն գործողությո՞ւն են արել»,- պատասխանեց նախարարը։ Հարցրինք՝ ԵՄ դիտորդներն է՞լ չեն պարզել կրակոցների պատճառները, ի վերջո, նրանք հենց այդ առաքելությամբ են տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին, որ իրավիճակի անաչառ վերլուծություն անեն եւ ներկայացնեն, թե ով է սահմանային միջադեպերը նախաձեռնողը։ Սակայն արտգործնախարարն ինչ-որ խուճուճ մեկնաբանություն տվեց՝ միայն հասկացնելով, որ այդտեղ էլ խնդիր կա, եւ դիտորդներն էլ չունեն այդ հարցի պատասխանը։
Խոսելով հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» մասին՝ Արարատ Միրզոյանը «ձեռքբերում» որակեց դրա համաձայնեցումը: Սակայն ստորագրման վերաբերյալ, թե երբ կլինի, որեւէ նորություն չհայտնեց: Ընդդիմադիր պատգամավորների հարցերին, թե ադրբեջանական կողմի պայմանների կատարումն ինչպես կարող է համարվել «ձեռքբերում», նախարարն արձագանքեց. «Այդ կետերին համաձայնել ենք նաեւ այն պատճառով, որ մնացած համաձայնեցված փաստաթղթի հետագան չդառնա մշուշոտ»։ «Ինչ-որ պահի հայկական կողմը քիչ հավանական համարեց, որ մնացած ձեւակերպումների վերաբերյալ հետագա քննարկումները կհանգեցնեն ցանկալի արդյունքի։ Եվ սա արդեն կասկածի տակ է դնում խաղաղության համաձայնագրի տեքստում նշված չափազանց կարեւոր ձեւակերպումների վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- կալամբուրի դիմեց Միրզոյանը՝ մատնելով, որ չկա որեւէ երաշխիք, որ մոտ ապագայում ՀՀ իշխանությունները հերթով չեն կատարի Ադրբեջանի այլ պահանջներ եւս՝ հույսով, որ Ալիեւը վերջապես ստորագրելու է բաղձալի թուղթը, եւ իրականում դժվար է ասել՝ այն խաղաղություն բերելո՞ւ է մեզ։ Ավելին, չնայած Ալիեւի կողմից ամեն օր նորանոր պահանջներ են հնչում, սակայն Արարատ Միրզոյանը հույս հայտնեց, որ առաջիկայում ստորագրման հարցում դրական տեղաշարժ կլինի։ Ո՞րն է իր լավատեսության հիմքը՝ հարցրինք։ Ասաց, որ չկա նման հիմք, պարզապես իր զգացողություններն են, որոնք կարող են նաեւ սխալ դուրս գալ։
Հարցրինք նաեւ սահմանազատման գործընթացի մասին՝ ինչո՞ւ է կանգ առել, չէ՞ որ խոստանում էին սահմանը զատելով հասնել մինչեւ Մեղրի: Նախարարը նեղսրտեց, որ չենք հասկանում գործի բարդությունը։ Հիշեցրինք, որ ընդամենը մի քանի օրում Կիրանցի տարածքները հանձնեցին` սահմանազատման անվան տակ, հիմա ինչո՞ւ հանկարծ բարդացավ։ Նախարարը վստահեցրեց, որ աշխատանքներ են տարվում, գործընթացը չի տապալվել։ «Եթե դուք ուզում եք ասեք՝ վայ, այդ պրոցեսը կանգնել է, մտել է փակուղի, չի ընթանում, չի լինելու` այդպես չի ընդհանրապես։ Այսօր էլ քննարկում է ընթանում այդ հանձնաժողովների առնվազն ղեկավարների միջեւ, եւ հուսով եմ՝ որոշակի փոխըմբռնման հասնելուց հետո գետնի վրա այդ գործընթացը կշարունակվի»,- ասաց Միրզոյանը։ Արդյոք այն տարածքները, որոնք Ադրբեջանը բռնազավթել է, կվերադարձվե՞ն Հայաստանին։ «Իհարկե, կան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ, որոնք հիմա Ադրբեջանի կողմից են վերահսկվում, շուրջ 208 ք/կմ-ի մասին է խոսքը։ Մենք մի քանի անգամ ասել ենք, որ այս տարածքները Հայաստանին վերադարձի հարցը տեսնում ենք սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Հիմա սահմանազատման իմաստն այն է, որ երկու կողմերը նստում են` տեղանքով, քարտեզներով, որոնք ընդունելի են երկու կողմի համար, որեւէ իրավական ակտերով, որոնք տարբեր շրջաններում կարող են ընդունված լինել, որոնք վերաբերելի են եւ էլի ընդունելի են երկու կողմերի համար, այ, այդ թղթերով, քարտեզներով, նկարով, տեղանքով գնում են, դիցուք, օրինակ՝ մեր դեպքում հյուսիսից հարավ, եւ նայում են։ Այնտեղ, որտեղ որ այս հողը պատկանում է աջ կողմին, բայց գտնվում է ձախ կողմի տիրապետության տակ, արձանագրվում է, որ պետք է վերադարձվի աջ կողմին։ Եվ հակառակը՝ այնտեղ, որտեղ տարածքները պատկանում են ձախ կողմին, բայց հիմա գտնվում են աջ կողմի վերահսկողության տակ, պետք է վերադարձվեն համապատասխանաբար ձախ կողմին։ Հիմա մենք սա պիտի անենք»,- փաշինյանական լոլոն կրկնեց նրա նախարարը։
Ապա հուսահատ պատասխաններ տվեց Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին հարցին՝ ասելով, թե հումանիտար հարցերն օրակարգի կարեւոր, բայց ցավոտ մասն են եւ երեւի եզակի հարցերից են, որ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ։ «Վերջին բանը, որ շոշափելի է եղել, գերիների մեծ փոխանակությունն էր, դրանից հետո չի ստացվել, եւ այստեղ ուրախ լուրեր հայտնելու տեղ չունենք»,- եզրափակեց նա` նկատի ունենալով 2023-ի վերջին վերադարձած 32 գերիներին, որից հետո հայկական կողմն ադրբեջանական սահմանախախտին 2024 թ. մարտին վերադարձրեց Ադրբեջան` առանց որեւէ գերու հետ փոխանակելու, պարզապես որպես «բարի կամքի դրսեւորում»։