Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատմական փաստաթղթի ձեռքբերման եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին ցանկալի լուրը կայծակի արագությամբ տարածվում է բազմաչարչար մեր մոլորակում: Երբ աշխարհը երկար ժամանակ ապրում է պատերազմի ռեժիմում, նույնիսկ մեկ հրադադարի լուրը կարող է հնչել որպես հույսի զանգ։ Իսկ եթե իսկապես իրականություն է դառնում Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ համապարփակ համաձայնության ձեռքբերումը, ապա դա պարզապես հերթական դիվանագիտական փաստաթուղթը չէ։ Դա կարող է դառնալ պատմական շրջադարձ ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ ամբողջ աշխարհի համար։
Մարդկությունը չափազանց մեծ գին է վճարել պատերազմների համար։ Դարեր շարունակ ժողովուրդները կորցրել են իրենց լավագույն զավակներին, ավերվել են քաղաքներ, ոչնչացվել են մշակութային արժեքներ, խեղվել են միլիոնավոր մարդկային ճակատագրեր։ Այդ պատճառով էլ ցանկացած համաձայնություն, որը կանգնեցնում է կրակը եւ հնարավորություն է տալիս խոսել ոչ թե հրթիռների, այլ բանակցությունների լեզվով, արժանի է ողջունման։
Համաձայն տեղեկությունների՝ ձեռք բերված հուշագրի առանցքային կետերը վերաբերում են ռազմական գործողությունների դադարեցմանը, անվտանգության երաշխիքներին, ծովային շրջափակման վերացմանը, Հորմուզի նեղուցի բնականոն գործունեության վերականգնմանը, Իրանի սառեցված ակտիվների հասանելիությանը եւ միջուկային հարցի բանակցային կարգավորմանը։ Եթե այս դրույթները լիարժեք կյանքի կոչվեն, ապա դրանց նշանակությունը դժվար է գերագնահատել։
Առաջինը՝ ռազմական գործողությունների դադարեցումը, ամենակարեւորն է։ Ոչ մի քաղաքական կամ աշխարհաքաղաքական նպատակ չի կարող հավասարվել մարդկային կյանքի արժեքին։ Ամեն փրկված երեխա, ամեն չավերված տուն, չընդհատված մարդկային ճակատագիր արդեն իսկ հաղթանակ է։
Երկրորդ եւ երրորդ կետերը՝ առեւտրային սահմանափակումների թուլացումն ու Հորմուզի նեղուցի բնականոն աշխատանքի վերականգնումը, կարեւոր են ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի տնտեսության համար։ Ժամանակակից աշխարհում պատերազմը վաղուց դադարել է լինել միայն ռազմաճակատի, ռմբահարում-հրթիռակոծությունների ու սառնասիրտ ավերածությունների խնդիր։ Այն հարվածում է հացի գնին, վառելիքի արժեքին, մարդկանց սոցիալական վիճակին նույնիսկ հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող երկրներում։
Չորրորդը՝ ֆինանսական ակտիվների ապասառեցումը, տնտեսական շնչառության հնարավորություն է տալիս ոչ միայն մեր հարեւան ու բարեկամ երկրին։ Իսկ տնտեսական կայունությունը հաճախ խաղաղության կարեւորագույն երաշխիքներից է։
Հինգերորդ կետը՝ ամենաբարդ հարցերի տեղափոխումը բանակցային դաշտ, եւս մեկ անգամ ապացուցում է, որ նույնիսկ ամենասուր հակասությունները հնարավոր է քննարկել ոչ թե ռումբերով, այլ՝ խոսքի միջոցով։
ԱՄՆ-Իրան հակասությունների պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի իրանական ժողովուրդը։ Անկախ քաղաքական գնահատականներից՝ դժվար է չնկատել այն տոկունությունը, որով իրանցիները դիմակայեցին ծանր փորձություններին։ Պատերազմների իրական ծանրությունը միշտ կրում են հասարակ քաղաքացիները։ Հենց նրանք են խաղաղության ամենամեծ շահառուները։
Մեզ՝ հայերիս համար, այս զարգացումներն ունեն նաեւ առանձնահատուկ նշանակություն։ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ ցանկացած մեծ ցնցում անմիջապես անդրադառնում է ազգային անվտանգության, տնտեսության եւ ապագայի վրա։ Իրանը Հայաստանի կարեւոր հարեւանն է, եւ նրա շուրջ կայունության հաստատումը մեծացնում է նաեւ մեր տարածաշրջանի կանխատեսելիությունը, խաղաղության ապահովումը։ Հատկանշական է, որ դեռ ամիսներ առաջ հրապարակված հոդվածներում հնչում էր այն միտքը, որ պատերազմի շարունակությունը կարող է աղետ դառնալ բոլոր կողմերի համար։ Այդ գնահատականն այսօր առավել արդիական է։ Իրոք, երբ պատերազմը ձգձգվում է, հաղթողներ չեն լինում։ Կորցնում են բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր հայտարարում են հաղթանակի մասին։ Հետեւաբար, այսօր թերեւս ամենաանիմաստ հարցը սա է՝ ո՞վ հաղթեց, ո՞վ պարտվեց։ Եթե պատերազմը շարունակվեր, հնարավոր է՝ բոլորը պարտվեին։ Եթե կողմերը կարողացել են վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, ապա արդեն իսկ շահել են երկուսն էլ։ Շահել են նաեւ աշխարհի ժողովուրդները։
Հինգ դար առաջ մեծ հումանիստ Էրազմ Ռոտերդամցին զգուշացնում էր. «Պատերազմը քաղցր է նրանց համար, ովքեր չեն տեսել այն»։ Ժամանակը միայն հաստատել է այդ դառը ճշմարտությունը։ Պատերազմը գրեթե միշտ ավելի շատ է խլում, քան տալիս է։ Այն ավելի հաճախ է ստեղծում նոր խնդիրներ, քան լուծում է հները։ Այսօր աշխարհը կարիք ունի ոչ թե նոր ռազմաճակատների, այլ՝ նոր կամուրջների։ Կարիք ունի ոչ թե հաղթանակի պաշտամունքի, այլ՝ մարդկային կյանքի արժեւորման։ Կարիք ունի խաղաղության։
Եվ եթե Իրանի ու Միացյալ Նահանգների միջեւ ձեռք բերված համաձայնությունը դառնա երկարատեւ ու համապարփակ խաղաղության սկիզբ, ապա այն կարելի է համարել ոչ միայն երկու պետությունների, այլեւ ողջ մարդկության հաղթանակը։ Մնում է հուսալ, որ նույն ճանապարհով մի օր կավարտվեն նաեւ աշխարհի մյուս արյունալի հակամարտությունները, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմը։ Որովհետեւ պատմությունը բազմիցս ապացուցել է մի պարզ ճշմարտություն. ամենավատ խաղաղությունն ավելի լավ է, քան ամենահաջողված պատերազմը։