ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Ֆրանսիային, որ հնարավոր է նոր առեւտրային հակամարտություն սկսվի ԱՄՆ եւ Ֆրանսիայի միջեւ։ Իր կողմից էլ ասել է, որ պատրաստ է 100 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինիների եւ շամպայնների նկատմամբ, եթե Փարիզը հրաժարվի չեղարկել թվային հարկը, որը առնչվում է նաեւ ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիաներին։ «Ես դիմել եմ նրան /նկատի ունի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին/՝ խնդրանքով, որ չհարկի ամերիկյան ընկերություններին։ Սակայն եթե նրանք դա անեն, ապա այլ ելք չեմ ունենալ քան 100 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել այն ամբողջ շամպայնի եւ գինու նկատմամբ, որ ներկրվում է Ֆրանսիայից»,- New York Post-ի հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
Նախագահ Թրամփը ասել է նաեւ, որ այդ ամենը նա հայտնել է նախագահ Մակրոնին՝ պահանջելով չեղարկել տեխնոլոգիական ընկերություններին 3 տոկոսանոց հարկելու օրենքը։ Այդ հարկատեսակը սահմանվել էր Ֆրանսիայի կողմից 2019 թվականին։ Օրենքի համաձայն տեխնոլոգիական ընկերությունները այդքան հարկ են տարեկան վճարելու Ֆրանսիային՝ Ֆրանսիայի տարածքում ստացած եկամուտներից։