Հնդեվրոպական լեզվաընտանիքի հիմնական լեզուներում, որքան տեղյակ եմ, ի տարբերություն հայերենի, առկա չեն «տ» և «թ» հնչյուններ: Մի դեպքում առկա է միայն առաջինը՝ դա, օրինակ, ռուսերենն է, մեկ այլ դեպքում՝ միայն երկրորդը: Զարմանալիորեն, «տ» և «թ» հնչյուններն առկա են նաև վրացերենում, որը Կովկասյան լեզվաընտանիքի Քարթվելական ճյուղին պատկանող լեզու է: Բայց տվյալ հոդվածը վերաբերում է ոչ թե լեզվաբանությանը, այլ վերը նշված հնչյունային երկակի առնչությամբ առաջացած թյուրիմացությանը: Ինչևէ, առանց երկարացնելու նշեմ, որ այդ հնչյունային երևույթն անցած շաբաթ մեկ այլ՝ մարդկային առումով զավեշտական երևույթի պատճառ հանդիսացավ:
Պատմությունն այսպիսին է. Ազգային ժողովի 4-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր, փաստաբան ու քաղաքական գործիչ, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը փետրվարի վերջին կամ մարտի սկզբին (օրը մեզ անհայտ է) ինչ-ինչ հարցով նամակ է ուղարկում ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: Դա պետական այն կառույցն է, որը զբաղվում շահույթ հետապնդող (ՍՊԸ, ՓԲԸ և այլն) կամ ոչ այդպիսի (ՀԿ-ներ, հիմնադրամ և այլն) կազմակերպությունների գրացման, գործունեության (տարեկան հաշվետվություններ և այլ, ոչ ֆինանսական) հարցերով: Որպես կուսակցության նախագահ Տիկին Փոստանջյանն էլ ինչ-որ բան է ուղարկել ու մարտի 12-ին այդ գործակալության էլեկտրոնային հասցեից ստացել է իր հղածին պատասխան նամակը:
Ստացվածը նամակը համակարգչային «վորդ» ֆայլի ձևաչափով է, որի անվանումն այսպիսին է. «turq zaruhi posta…» (ըստ նամակի առաքման էլեկտրոնային սքրինի): Տիկին Փոստանջյանին թվացել է, որ դա նշանակել է «թուրք զարուհի փոստա…», ինչից ինքը խիստ վիրավորվել է: Վիրավորվել է թե՛ թուրք բառից և թե՛ իր անուն-ազգանունը փոքրատառով գրելու հանգամանքից: Եվ իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է երկու էլեկտրոնային էջ կազմող՝ բողոքի պատասխանը (https://hraparak.am/post/de91a66793dfdd8205d7ea7a280ef9b6)՝ ուղղված ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին: Ինչպես նաև նշված գործակալության պետ Տաթև Մկրտչյանին և դրա տեղեկատվության մշակման բաժնի կատարող Կարինե Հովհաննիսյանին: Պատասխան նամակում տիկին Փոստանջյանը, կարելի է ասել, անարգանքի սյունին է գամում այդ երեք կանանց: Ցանկացողները կարող են նամակին ծանոթանալ այս պարբերության մեջ առկա հղմամբ:
Ինչևէ, ես էլ որպես գործող իշխանությանն ընդդիմադիր ու միաժամանակ Զարուհի Փոստանջյանի համակիր՝ համապատասխան հոդված եմ պատրաստում: Ավելացնեմ, որ տարիներ առաջ վերջինս, որպես փաստաբան, ընդդեմ զինդատախազ Ջհանգիրյանի՝ հաջողությամբ պաշտպանել էր երեք անմեղ զինվորների: Հետո էլ (2000-ականների սկզբում) ակտիվ պատգամավորական գործունեությում էր ծավալել: Եվ ես էլ, լինելով ընդդիմադիր (այն ժամանակ՝ ընդդիմադիր նախկիններին) բարձր էի գնահատում նրա աշխատանքը. հատկապես իրենց զինակցի սպանությանը չմասնակցած զինվորներին բանտից ազատելը: Ինչևէ, մի քանի ժամ չարչարվելուց հետո (հոդվածը զարմանալիորեն չէր ստացվում)… և հանկարծ պարզվում է, որ տիկին Փոստանջյանը չի ընկալել, որ գործակալությունից ստացված «turq zaruhi posta…» անվանման մեջ «turq» բառը ոչ թե հայերեն «թուրք» բառն է, այլ «տուրք»-ը, այսինքն՝ պետական տուրքը: Արդեն ենթադրում եմ, որ էլեկտրոնային հաղորդակցության մեջ էլ մեծատառերը մեխանիկորեն վերածվում են փոքրատառերի: Ու Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն էլ բացարձակ ցանկություն չի ունեցել վիրավորելու տիկին Փոստանջյանին: Ահա այսպիսի ապրիլմեկյան կատակ մարտի 17-ին (հոդված գրելու օրն է):
Անկեղծ ասած, մի քիչ տխրեցի, որ այդպիսի բան ստացվեց, քանի որ հոդվածի նախկին տարբերակում արտահայտել էի բացասական զգացումներս գործող իշխանության հասցեին: Հաշվի առնելով թե՛ իմ և թե՛ տիկին Փոստանջյանի կողմից ժամանակին «դուխով» Նիկոլին աջակցելու հանգամանքը: Ե՛վ իմ, և՛ տիկին Փոստանջյանի վերածվելը կրկին ընդդիմադիր գործիչների:
ՀԳ. Այսօր հետաքրքիր կարճ երկխոսություն ունեցա` ծանոթներիցս մեկն ինձ պատմեց, որ համացանցում տեսել է, որ մարտի 16-ը Պանդաների (սևասպիտակ մորթով արջազգիների փոքր, զուտ չինական տեսակ) միջազգային օրն, բայց բարձրաձայն կարդալուց ստացվել է «պատանդների օր», ինչը վկայում է, թե որքան խորն է մեզանում մտածողության բացասականությունը՝ թելադրված մեր իրականության կողմից: