Հենց սկզբից ասեմ, որ մեր ընտրությունների վրա դրսի ազդեցության մասին ոչ մի խոսք այս հոդվածում չկա: Կարճ ասած՝ մենք մերոնցով ենք: Եվ ուրեմն…
Վահագն Հովակիմյան, դու պետք է շատ արագ կողմնորոշվես՝ կա՛մ դու ես հիմար, կա՛մ՝ շեֆդ: Ես ամենայն լրջությամբ եմ ասում: Մինչեւ ՍԴ-ն վճռի, թե ինչ է անում այս խայտառակ ընտրությունների հետ, որոնք դու եւ շեֆդ կայացած եք համարում, պետք է կողմնորոշվեք՝ իրավունք ունեի՞ք, արդյոք, կայացած հայտարարել համատարած ընտրակաշառքներով ուղեկցված ընտրություններն ու մի բան էլ վերջնական արդյունքներ հրապարակել: Եթե ունեք այդ իրավունքը, ցույց տվեք, խնդրեմ, իսկ եթե ոչ, ապա երկուսդ էլ ռադներդ քաշեք եւ թույլ տվեք ժողովրդին՝ իրական ընտրություն կատարել: Ասողն էլ ես չեմ, Վահագն Հովակիմյան, շեֆդ է ասել, որ 500 հազարից ավելի մարդ 100 տոկոսով ընտրակաշառք է ստացել: Եվ դու, ո՜վ կոլոտ կամանդիր, անտեսելով այդ «փաստն» ու առանց մի գրամ ամաչելու, արդյունքնե՞ր ես հրապարակում:
Ի դեպ, ԿԸՀ պատմության մեջ Վահագն Հովակիմյանի անունը գրվեց որպես այդ կառույցի առաջին նախագահ, ով չի կատարել, իսկ ավելի ճիշտ, քամահրել է ՀՀ դատարանի որոշումը՝ վիճելի ընտրատեղամասերում վերաքվեարկություն իրականացնելու մասին: Դու քանի՞ գլուխ ունես, Վահագն Հովակիմյան, որ քեզ վեր դասես ու դատարանի վճռից հետո դիմես մանիպուլյացիաների, թե բա՝ դատարանը սխալ որոշում է կայացրել, եւ հնարավոր չէ վերաքվեարկություն կազմակերպել, քանի որ այդ տեղամասերում փոխվում են ընտրությունների տրամաբանությունն ու ընտրողների հավասարությունը: Բայց մի հատ քո այդ հանճարեղ ուղեղով փորձիր հասկանալ՝ «հավասա՞ր» են արդյոք բոլոր ընտրողները, երբ դու քամահրում ես դատարանի վճիռն ու 3 տեղամասի քվեարկություն լցնում աղբարկղ: Քեզ է պետք նետել պատմության աղբարկղը եւ ոչ թե մեր հազարավոր ընտրողների քվեն:
Բայց նույնիսկ ձեր (քո եւ Նիկոլի) այս հանցագործությունը չի թեթեւացնում պատասխանատվությունն այն զրպարտության համար, որ Նիկոլ Փաշինյանը թույլ տվեց իրեն, իսկ դու պարտակեցիր՝ հայտարարելով վերջնարդյունքները՝ իբր ոչինչ տեղի չի ունեցել: Դե հիմա մտածիր, թե ինչ եք անելու, ինչպես եք դուրս գալու այդ խայտառակ զրպարտության տակից: 500 հազարից ավելի մարդու, առանց դատուդատաստանի, անվանել եք կաշառակեր եւ կնիք դրել պետական ամենաբարձր փաստաթղթի, այն է՝ համապետական ընտրությունների ամփոփագրի տակ:
Հետեւելով ձեր (քո եւ Նիկոլի) այս վարքագծին՝ ես էլ, որպես ընտրակաշառք ստանալու մեջ հանիրավի մեղադրված ՀՀ քաղաքացի, հայտարարում եմ, որ համատարած ընտրակաշառք է բաժանվել հենց ՔՊ-ի կողմից, եւ այդ ուժին տրված 700 հազարից ավելի քվեները 100 տոկոսով ընտրակաշառքի արդյունք են, եւ դրանց մեջ չկա գոնե մեկ հատիկ օրգանիկ քվե: Այսու՝ մեր շատ սիրելի տիկին դատախազին առաջարկում եմ քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի եւ իմ դեմ՝ որպես զրպարտիչների: Այո, տիկին դատախազ, դատեք մեզ եւ, եթե կարելի է, նույն գործով եւ նույն դատավորով, որ հանկարծ ինձ ու Նիկոլ Փաշինյանին (Վահագնը նրա հետ է) տարբեր պատժաչափեր չտա: Պատրաստ եմ նաեւ նրանց հետ նստել նույն խցո ւմ եւ կյանքներն ուտել այնքան ժամանակ, մինչեւ ընդունեն, որ իրենք ընտրակեղծարար են:
Հարգելի Վահագն Հովակիմյան (սենց լա՞վ ա)… դու այս ընտրություններից մի այնպիսի էշի հարսանիք ես սարքել, որ մարդիկ (նկատի ունեմ ընդդիմությանը) չեն կարողանում հասկանալ՝ ճիշտը մանդատները վերցնե՞լն է, թե՞ չվերցնելը: Վերցնում են՝ դառնում են քո եւ Նիկոլի հանցակիցը, չեն վերցնում՝ չեն կարողանում իրենց ընտրողին պատասխան տալ կորած քվեների համար: Ես հասկանում եմ, որ «դափոնով» ԱԺ անցած ՔՊ-շնիկների համար սա խնդիր չէ, նրանց ձայները հիմնականում նկարված են, իսկ ստացած հատուկենտ քվեն՝ պատահականություն: Իսկ ի՞նչ անեն ընդդիմադիրները, որ մանդատներն ստանձնելով՝ ընկնում են քո եւ Նիկոլի քրեականացված ընտրությունների թակարդը, չստանձնելով՝ ամոթով մնում 500 հազար քաղաքացու առաջ:
Ձեր (քո եւ Նիկոլի) բուն մեղքը, պարոն Հովակիմյան, միայն ընտրակաշառք բաժանելը չէ: Դուք (դու եւ Նիկոլը) մի ամբողջ ընդդիմադիր քաղաքական ուժ եք կուլ տվել՝ իր ընտրազանգվածով հանդերձ: Այն էլ այնպիսի քաղաքական ուժ, որ թե՛ տարիքով է մեծ ՔՊ-ից, թե՛ իր կշռով (սա՝ անկասկած), թե՛ մեր երկրի համար իր արած-չարածով: Կարողանալո՞ւ եք մարսել, երբ ՍԴ-ում ձեզ հարցնեն՝ ԲՀԿ-ն ո՞ւր է, ինչո՞ւ չի անցել խորհրդարան: Պիտի ասեք՝ քվենե՞րը չեն բավարարել: ՍԴ ո՞ր դատավորը կհավատա ձեզ, երբ նրանց պարզաբանվեն այս ընտրությունների բոլոր հանգամանքներն ու հատկապես ամբողջական տեղամասերի արդյունքների չեղարկումը: ՍԴ-ն ձեզ (քեզ եւ Նիկոլին, պարոն Հովակիմյան) կհարցնի՝ ինչո՞ւ չեք կատարել վարչական դատարանի պահանջը՝ խնդրահարույց տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին: Եվ հանկարծ չփորձեք ՍԴ-ում դիմել մանիպուլյացիաների, ձեզ չեն հավատա, այլ սիրուն խոստովանեք, որ ԲՀԿ-ն այնքան ձայն ուներ այդ տեղամասերում, որ նրան լիուլի բավարար էր՝ ԱԺ շեմը հաղթահարելու համար:
Կարծում եմ՝ դրանից հետո ՍԴ-ն կխղճա ձեզ (քեզ ու Նիկոլին, պարոն Հովակիմյան) եւ կուղարկի նոր ընտրություններ անցկացնելու, բայց այս անգամ առանց ընտրակաշառքների եւ հետին մտքերի, որպեսզի 1,5 միլիոն մարդ, ի վերջո, կարողանա սեփական երկրում օրինավոր իշխանություն ձեւավորել: Եվ ոչ մի դեպքում չփորձեք ՍԴ-ի վճիռը չկատարել: Այդ 1,5 միլիոն մարդը փուլ կգա ձեր գլխին եւ այս անգամ արդեն կպահանջի նոր ընտրություններ՝ առանց Նիկոլի եւ Վահագն Հովակիմյանի:
ՀԳ. 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը համապետական երկու ընտրություն է կազմակերպել, երկուսն էլ՝ խայտառակ: Այդ ընտրությունների ժամանակ նա վարչապետի աթոռից գոնե մեկ ժամով չի իջել: Այս հիմքով՝ ՍԴ-ին առաջարկում եմ՝ Փաշինյանից հետաքրքրվել՝ պարոն վարչապետ, այսքանից հետո, արդյոք, ձեր բոլո՞ր վերջույթներն են տեղում, թույլ չե՞ք տվել, արդյոք, այնպիսի կեղծարարություն, որի համար ստիպված լինեք կտրել դրանք: