Եթե լիներ հայ հասարակության հետաքրքրությունները պատկերող սանդղակ, ապա վստահ ենք, որ գենդերային հարցերն այդ սանդղակի վերջին տողում կլինեին։ Բայց Հայաստանի իշխանությունները եւ նրանց սպասարկող ՀԿ-ներն ամեն կերպ առաջ են բրթում դրանք։
ՄԻՊ Անահիտ Մանասյանը, որին բնորոշում են որպես ՀՀ կառավարությանը կից պաշտոնյա, մեկնել է Ծաղկաձոր եւ մարզային ՀԿ-ների առաջ ելույթ ունեցել «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակում։ «Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում խթանել կանանց ներգրավվածությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»,- գրում է ՄԻՊ-ն իր ՖԲ էջում՝ մոռանալով, որ ինքը` որպես ՄԻՊ եւ որպես կին, ներգրավված չէ ՄԻ պաշտպանության ոլորտում ու անգամ իր պաշտպանության կարիքն ունեցող ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց հանդեպ բավականին անտարբեր է, անձամբ չի այցելում՝ նրանց լսելու եւ գոնե հոգեբանորեն աջակցելու։ Ծաղկաձորյան սեմինարից 2 օր առաջ էլ նա Վարդենիսի դպրոցականներին տարել էր պատմության թանգարան ու այնտեղ որպես դիդակտիկ նյութ օգտագործելով Անահիտ աստվածուհու բրոնզե արձանը՝ երեխաների հետ «քննարկել էր իրավահավասարությանն ու կանանց իրավունքների խթանմանն առնչվող հարցեր»։
Երեխաները Վարդենիսից էին, որոնք Երեւան այցելելով եւ պատմության թանգարան էքսկուրսիայի գնալով, փաստորեն, մասնակցել են «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի միջոցառումներին։ Նոյեմբերի 28-ին Անահիտ Մանասյանը գերմանացի հյուրերի հետ է գենդերային հարցերի շուրջ զրուցել` այդ երկրի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչների հետ, եւ շոշափել նաեւ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտության հարցը։ Իր էջում նա հրապարակել է կանանց հարցերի փորձագետ, Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Վախենարի եւ նրա նվիրած գրքի լուսանկարը։
ԿԳՄՍ նախարարությունն էլ հետ չի մնում գենդերային թեման քարոզելուց՝ ամենեւին հաշվի չնստելով այն հանգամանքի հետ, որ պատերազմից հետո դեռ խոր ընկճախտի մեջ գտնվող, սոցիալական անդունդը գահավիժող մեր հասարակությանը «գենդեր» բառն անգամ նյարդայնացնում է եւ հունից հանում, ինչպես Նիկոլի հեծանիվը կամ Աննայի փաթաթած տոլման։ Նախարարությունը սեւեռված է գենդերի վրա, որը հայ հանրության ընկալման մեջ գրեթե այլասերման հոմանիշ է դիտվում։ ԿԳՄՍՆ-ն համաժողով է կազմակերպել Դպրոցը՝ ապահով միջավայր. «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» թեմայով։ Գենդերը ԿԳՄՍ նախարարին ու նրա անձնակազմին ավելի է հուզում, քան, ասենք, հետզհետե ընկնող կրթության որակը կամ ուսանողների թվի անկումը։ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը նախարարության գենդեր-պատասխանատուն է։ Նմանատիպ միջոցառումների ժամանակ նա է ներկայացնում նախարարությունը։ «Համաժողովի նպատակն է՝ խթանել գենդերազգայուն եւ գենդեր-արձագանքող ուսուցումը ՀՀ հանրակրթական դպրոցներում՝ ընդգծելով կրթության դերը ներառականության եւ հավասարության ամրապնդման հարցում»,- ասված է ԿԳՄՍ հաղորդագրության մեջ։ ԿԳՄՍ գործընկերը գենդերային հարցերն առաջ տանելու գործում Եվրոպայի խորհուրդն է, որի հետ համագործակցելով՝ մշակվել է «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» ծրագիրը։
Եվ ոչ մեկին չի հետաքրքրում այն, որ ո՛չ աշակերտները, ո՛չ էլ նրանց ծնողները երբեւիցե որեւէ ուսուցչի առաջ չեն դրել, գենդերային հարցերի հետ կապված, իրենց երեխաների աչքերը բացելու պահանջ։ Չնայած սրան, նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում հանրապետության տասնյակ դպրոցներում՝ գենդերային հավասարության, բուլինգի թեմաներով։ Հոկտեմբերին Արաքսիա Սվաջյանը, օրինակ, հանդիպել էր Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի ղեկավար Շեյն Քուինի պատվիրակության հետ, խոսել նաեւ գենդերային հավասարության թեմայով:
Մեր չինովնիկների այս գենդերային մտասեւեռումները եվրոպացիների պահա՞նջն են, ինչո՞ւ են այսքան ուշադրություն դարձնում Հայաստանի համար երկրորդական հարցերին, համաժողովներ հրավիրում։ «Պարզ է, որ ազգային ինչ-որ միջոցառում չէին անելու: ԿԳՄՍՆ-ից այլ բան սպասելի չէ, կարծում եմ»,- մեկնաբանում է ԿԳՄՍՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության նախկին պետ Արտակ Աղբալյանը՝ միաժամանակ նշելով, որ ցանկացած մեկնաբանություն, հիմնական շահառուների լուռ համաձայնության պարագայում, ավելորդ է։
«Առաջին շահառուն տվյալ իրավիճակում երեխան է, ուսուցիչն է եւ ծնողն է։ Եթե շահառուների շրջանակը լռում է` սկսած մանկավարժներից, որոնք տարիների կենսափորձ ունեն իրենց ոլորտում, երեխաների հետ աշխատելու երկարատեւ փորձ, եւ ամեն մի հիմար ծրագիր, որ մտցնում են դպրոց, այդ մանկավարժները լռում են` որպես առաջին շահառու, կողքի կարծիքն անիմաստ է դառնում»,- ասում է նա։ Մի կարեւոր հանգամանք էլ է նշում․ «Վերնագրի տակ շատ բաներ են քողարկված։ Արտաքուստ վերնագիրը լավ բան է ենթադրում՝ տուժող երեխաների կամ նրանց վրա բռնության հետ կապված մոդուլ են մտցնում։ Բայց հենց մտնում ես խորքերը, հասկանում ես, որ լրիվ ուրիշ բանի մասին է խոսքը։ Վերջերս Տավուշի դպրոցներից մեկում երեխային բռնության ենթարկելու դեպք էր տեղի ունեցել, ձեռք էին բարձրացրել երեխայի վրա՝ ծխելու, թե ինչ-որ նյութ օգտագործելու համար։ Մի ամբողջ վայնասուն բարձրացավ համացանցով մեկ` ինչպե՞ս կարելի է։ Ես, իհարկե, դեմ եմ բռնությանը, որ երեխայի վրա ձեռք են բարձրացնում, բայց մեկը չասաց, թե այդ մանկավարժին ինչ աստիճանի են հասցրել, որ, ենթադրենք, երեխայի ականջն է ոլորել։ Այսպես մանկավարժի դերը կամաց-կամաց նսեմացնելով, բերեցինք հասցրինք այս վիճակին։ Հիմա ինչ մոդուլ ասես, կարող են մտցնել։ Մանկավարժ չկա` խոսող, ծնող չկա` խոսող, երեխաների համար էլ արդեն ամեն ինչ մեկ է»։
Հիշեցնենք․ մայիսին Ստրասբուրգում Եվրոպայի նախարարների խորհուրդն ընդունել է գենդերային հավասարության ռազմավարություն կոչվող փաստաթուղթ՝ 2024-2029 թթ․ համար, որն ուղղված է գենդերային ստերեոտիպների եւ սեքսիզմի, աղջիկ երեխաների եւ կանանց ընտանեկան բռնության դեմ, աղջիկների եւ կանանց համար արդարադատության հավասար հասանելիությանը, քաղաքական, հասարակական, սոցիալական ոլորտներում կանանց հավասար մասնակցության ապահովմանը եւ այլն։ Հավանաբար, եվրոպական այս հովերն են, որ գալիս-հասնում են Հայաստան։