Սիրիայի նոր իշխանությունները թիրախավորել են ալավիներին (նախկին նախագահ Ասադի հավատակիցներին), արաբ քրիստոնյաներին ու շիաներին՝ որպես արաբական ինքնությունից (սուննի մահմեդականությունից) հեռացածների: Երկու-երեք օր թուրքական ազդեցության ներքո գտնվող ահաբեկչական զինված ջոկատները, որ անցյալ տարեվերջին դարձան իշխանություն, մտնում էին իրենց ոչ հավատակից արաբների տները, դուրս հանում արական սեռի չափահաս անձանց, ստորացնում նրանց (ՏԳ ալիքներում առկա են կադրեր փողոցով ծնկաչոք շարժվելու ու գայլերի կամ շների ձայն հանելու առումով): Գնդակահարված զոհերի թվի առումով էլ տարբեր տվյալներ են շրջանառվում: Մի դեպքում խոսվում է մի քանի հարյուր զոհի, մեկ այլ դեպքում՝ հազարի ու նույնիսկ տաս հազարի մասին: Բայց հայերի առումով, բացի հայր և որդի Պուտրոսներից, կարծես թե նման բան չի արվել, թեև վստահ չեմ, որ հետո չեն անցնի հայերին: Ի դեպ, ռուսական ռազմակայանում նախորդ օրվա դրությամբ շուրջ 8 հազար փախստական է հավաքվել՝ հիմնականում կանայք ու երեխաներ: Ավելացնեմ, որ Արևմուտքը 3-րդ օրն է, ինչ լռություն է պահպանում այդ հարցում: Միակ բացառությունը Ֆրանսայի ԱԳՆ դատապարտող հայտարարությունն էր, և դրանով երևի հարցը լուծված համարվեց: Հաջորդ օրը ֆրանսիականին միացան գերմանական ԱԳՆ-ն ու ամերիկյան Պետդեպը: Փաստորեն տարիներ շարունակ «բռնակալ» Բաշշար ալ-Ասադի դեմ պատժամիջոցներ սահմանող Արևմուտքը «չի տեսնում», թե ինչ է կատարվում Սիրիայում: Իսկ այնտեղ իրականացվում է ցեղասպանություն:
Սիրիայից բարձրանանք հյուսիս՝ գալով Հարավային Կովկաս: Որովհետև այն, ինչ կատարվում է այս օրերին Սիրիայում, կարող է հասնել մեր տարածաշրջանը: Մեկ-երկու օր առաջ ՀՀ գործող իշխանությանը Բաքվից հասցեագրվեց հերթական պահանջը: Հերթական լինելով հանդերձ՝ այն ողջ հայ ժողովրդի ստորացմանը միտված անթաքույց սպառնալիք էր: «Դատարանի (խոսքը այնտես իրականացվող դատական ֆարսի մասին է՝ Վ. Ս.) դեմ անհարկի քարոզչություն անելու փոխարեն», ասված էր թշնամական պաշտոնական հայտարարությունում, ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձից պահանջվում էր իրենց հանձնել Արցախյան ազատամարտի բոլոր հերոսներին: Ինչը փաթեթավորված էր «անցումային արդարադատությունը վերականգնելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու» գաղափարով: Փաստորեն, թշնամին Հայաստանի դեմ օգտագործում է մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի խոսույթը կայուն խաղաղություն հաստատելու վերաբերյալ: Իսկ պահանջը կատարելուց հրաժարվելու դեպքում Հայաստանին բնորոշում է իբրև հանցագործի և սպառնում է հաշվեհարդարով:
Հասկանալի է, որ վարչապետի աթոռից կառչած անձն առանց աչքը թարթելու կկատարեր ադրբեջանական հերթական պահանջը, բայց չի կարող գնալ այդ քայլին: Որովհետև դա կարող է հանգեցնել իշխանությունը կորցնելուն: Կարծում եմ, որ հենց հայաստանցիները պետք է աջակցեն նրան, որպեսզի կորցնի այդ իշխանությունը: Ինչը թույլ կտա ոչ հեռու ապագայում ագրեսորին պատասխանել նրան ընկալելի լեզվով: Բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի միավորվի, նախ, ընդդիմությունը, իսկ հետո էլ գոնե հասարակության գրագետ ու հայրենասեր հատվածը: Այնինչ, մեզանում շարունակվում է քննարկվել այն հարցը, թե ով է բերել Նիկոլին: Ինչը, բնականաբար, ծառայում է ոչ թե հանրության համախմբմանը, այլ պառակտմանը: Որն ուժեղացնում է ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի դիրքերը, սակայն թուլացնում է Հայաստանինը:
Այդ անիմաստ բանավեճին վերջ տալու նպատակով ասեմ, որ «դուխով» Նիկոլին բերել ենք ազգովի: Բերել են նախկինները, որ երկրում հաստատել էին «բեսպրեդել», նաև նրանք, ովքեր օգտվում էին այդ «բեսպրեդելից», նաև ես ու ինձ նմանները, որ պայքարել ենք նախկինների օրոք հաստատված «բեսպրեդելի» դեմ, և վերջապես նրանք, ովքեր թքած ունեին, թե ինչ է կատարվում իրենց հայրենիքում: «Բեսպրեդել» ասելով նկատի ունեմ այն բոլոր անիրավություններն ու անօրինությունները, որ կատարվում էին Հայաստանում: Ու նշանակություն չունի, թե որ մի խավն ինչ չափով է մասնակցել դրանց ու նաև Նիկոլին բերելուն: Դա թողնենք անցյալում կամ էլ ապագային, երբ պատմաբանները (հուսով եմ, որ հայաստանյան) կփորձեն «կշռել» ամեն մեկիս հանցանքն այդ հարցում: Այսօր մենք խնդիր ունենք ամրապնդելու մեր պետության դիրքերը, քանի որ թշնամի երկրի մայրաքաղաքից արդեն հնչում են վերին աստիճանի աննորմալ պահանջներ:
ՀԳ. Տվյալ թեմայով հոդված գրելու գաղափարի հետ ծնունդ առավ այդ բանավեճին Ֆեյսբուքում նույնիսկ «լայքելով» չմասնակցելու միտքը: Ինչն այն դեպքն է, երբ որքան պակաս լինի դրան անդրադարձը, այնքան ավելի արագ կարող է այն դադարել: