Միացյալ Նահանգներն ընդունեց, որ իրենց մի շարք կառույցներ, ինչպիսիք են USAID-ը, MDI-ը եւ այլ կառույցներ, միջամտել են տարբեր երկրների ներքին գործերին եւ իրականացրել գունավոր հեղափոխություններ, ինչով էլ ազդում են ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների վարկանիշի վրա՝ «Հրապարակի» հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը:
«ԱՄՆ կառավարությունն է սահմանափակել այդ կազմակերպությունների գործունեությունն ու աշխատանքները: Այդ իսկ պատճառով մենք կազմակերպել ենք հանդիպում՝ տարբեր քաղաքական կառույցների, անհատների, լրագրողների ու մամուլի ներկայացուցիչների հետ, եւ փորձել ենք մի նախաձեռնություն իրականացնել՝ դիմել Ազգային ժողով եւ փորձել հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքների մեջ փոփոխություն իրականացնել, որպեսզի դրսից եկած ֆինանսների մասով նշված կառույցները հաշվետվություն ներկայացնեն պետությանը»,- ասաց Պետրոսյանը:
Հետաքրքրվեցինք, թե սա Վրաստանում աղմուկ հանած օրինագծի կրկնօրինա՞կն է լինելու, պարզվեց` Վրաստանի օրինակը մի քիչ տարբեր է. «Մեզ մոտ՝ Հայաստանի Հանրապետությունում, քաղաքական կուսակցությունների վերաբերյալ նմանատիպ օրենք կա, որ քաղաքական կուսակցությունը, եթե դրսից ֆինանսավորում է ստանում, պետք է ամեն տարի տեղեկատվություն տրամադրի այդ մասին պետությանը, սակայն, իմ իմանալով, Վրաստանում նման բան չկա: Իսկ հասարակական կազմակերպությունները մեզ մոտ չեն վերահսկվում, ու քանի որ Միացյալ Նահանգներն ինքն է ընդունում, որ նման միջամտություն է եղել, հիմա ամենահարմար պահն է, որպեսզի դիմենք Ազգային ժողով եւ այդ օրենքն անցկացնենք: Որպեսզի որեւիցե մեկը, կապ չունի` որ երկրից է ստանում ֆինանսավորում, փորձում է Հայաստանում իրականացնել իշխանափոխություն եւ խառնվել Հայաստանի ներքին գործերին, այդ մարդիկ հաշվետվություն տան»,- պարզաբանում է զրուցակիցս:
Նպատակն է՝ զսպել դրսից ֆինանսական աջակցություն ստացող կազմակերպություններին, որպեսզի աշխատեն հանուն Հայաստանի Հանրապետության եւ ոչ թե հանուն գումարների կամ այլ պետությունների շահերի, ինչպես այս իշխանություններն են անում՝ շեշտում է Պետրոսյանը: Ի՞նչ ակնկալիքով է դիմելու ԱԺ, երբ այնտեղ մեծամասնություն է կազմում ՔՊ-ն։ Ասաց․ գիտի, որ չեն ընդունելու, սակայն, եթե սկսեն այդ օրենքի մասին խոսել ու բարձրաձայն աշխատել, գուցե կարողանան հասնել օրենքի ընդունմանը: «Այս գործընթացը որ սկսենք, բավականին երկար պրոցես է լինելու, այնպես չի, որ մեկ օրվա ընթացքում այս ամեն ինչն ընդունվելու է: Պետք է մի օր սկսել, որպեսզի մի օր էլ դա ավարտվի»,- ասաց Պետրոսյանը: Իսկ ո՞ր քաղաքական ուժերի հետ են հանդիպել, ասաց` դեռեւս անուններ չի ուզում նշել, սակայն ԱԺ խմբակցությունների հետ հանդիպում արդեն եղել է:
«Իրենց հետ խոսել ենք, իրենք այդքան էլ հակված չեն՝ միանգամից դուրս գալու հրապարակ: Գոնե հանդիպումների ժամանակ այդպես էր իրենց վերաբերմունքը, եւ ասում էին՝ դուք սկսեք, տեսնենք՝ ինչ է լինում»,- ասաց Պետրոսյանը եւ շեշտեց, որ Հայաստանում, ցավոք, մարդիկ չեն ուզում պատասխանատվություն վերցնել, միջամտում են միայն այն ժամանակ, երբ գործը սկսում է հաջող ընթացք վերցնել, եւ այդ ժամանակ էլ հարց է առաջանում՝ իրենց միջամտությունն էլ ո՞ւմ է պետք։