Երեկ Մայր Աթոռի տարածքում իրավիճակը լարված էր: Այնտեղ էին 10-ը եպիսկոպոսները, որոնք դեկտեմբերի 17-ին հանդես էին եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին և դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ էր հանդես եկել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին: Միևնույն ժամանակ Մայր Աթոռում հավաքվելու կոչեր էին արել ընդդիմադիր մի շարք ուժեր: Նիկոլ Փաշինյանի աջակցիները ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս աչքի ընկան իրենց գռեհիկ, հավատացյալին ոչ հարիր ու անպարկեշտ վարքագծով:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանին «Հրապարակը» հարցրեց` ի՞նչ տվեց այս խաժամուժի ներկայությունը Մայր Աթոռի տարածքում` Փաշինյանին, ի՞նչ նպատակով էր նա այս քայլին դիմել: Մաթևոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Սա 2018 թվականից հետո Մայր Աթոռը գրավելու առաջին փորձն էր: Ակնհայտ է, որ այն անհաջող փորձ էր, սակայն դա դեռ չի նշանակում, որ նոր փորձեր չեն լինելու: Մենք պետք է մի բան հստակեցնենք` այս խնդիրը բացառապես աշխարհաքաղաքական խնդիր է: Ադրբեջանի հոգևոր ներկայացուցիչները Երևանում ներկայացուցիչ են նշանակել: Դա տեղի է ունեցել այս տարվա մայիս ամսին: Ներկայացուցիչը պետք է հետևի, թե ինչ է կատարվում «Արևմտյան Ադրբեջանի» հոգևոր կյանքում: Այս քայլերը մեկ բան են նշանակում, որ կա նախաձեռնություն ադրբեջանիցներին Հայաստան տեղափոխելու, որ պետք է լիակատար կերպով փակել Արցախի հարցը` վերջնականապես:
Հայ Առաքելական եկեղեցին` Կաթողիկոսի գլխավորությամբ հանդիսանում է այն կետը, որը դեմ է այդ պրոցեսներին: Աշխարհաքաղաքական պատվերն իջեցվել է, Նիկոլ Փաշինյանն էլ այդ ամենի համատեքստում քայլեր է ձեռնարկում: Նրան Կաթողիկոսի անկումը անհրաժեշտ է պարզ տրամաբանության շրջանակներում: Որքան արագ ստացվի Կաթողիկոսի անկումը, այնքան շուտ նախընտրական օգնություն կստանա Փաշինյանը Ադրբեջանից: Այդքան բան: Նա նաև ցանկանում է ցույց տալ աշխարհին, որ դեռ Հայաստանում կարողանում է ինչ-որ հարցեր լուծել, իրավիճակներ վերահսկել: Այս անգամ փորձը անհաջող էր, բայց կարող են հաջորդ անգամ ավելի շատ մարդկանց կոնսոլիդացնել պրոցեսի մեջ, որ ոչ միայն Թալինի համայնքապետն այնտեղ լինի, այլև Թալինի բնակիչները նաև և այսպես շարունակ: Հավանաբար նկատեցիք, որ այնտեղ կային նաև մի շարք ՆԳՆ աշխատակիցներ, ովքեր քաղաքացիական հագուստ էին կրում: Անկախ այն բանից, որ այս ընթացքում` պատարագների ժամանակ մարդկանց թիվը չի ավելացել, պետք է հասկանանք մի բան, այստեղ դրված է կոնկրետ աշխարհաքաղաքական խնդիր: Նիկոլ Փաշինյանը փորձելու է մինչև վերջ գնալ: Դեռ չենք տեսել ՔՊ-ի վարչական ռեսուրսի կիրառման պիկը: Նկատի ունեմ, որ նրանք կարող են ավելի շատ մարդ բերել` ողջ Հանրապետությունից: Պետք է արձանագրենք մի բան, որ Փաշինյանի այս օրակարգը հասարակության կողմից չի ընդունվում: 2018 թվականի գարնանը, Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հետ ունի հանդիպման մեկ օրակարգ, վերջինիս հրաժարականը քննարկելու հարցը, Էջմիածնի գրոհից առաջ նա կրկին նույն ձևակերպումը տվեց` լրագրողների հետ զրույցում: 2018-ի շաբլոնով փորձում է հասնել Վեհափառի հրաժարականին, սակայն Էջմիածնում տեղի ունեցածը մի բան փաստեց` եթե դու չես ուզում իշխանություն հանձնել, անկախ նրանից, թե քանի հոգի է այն պահանջում, դու դա ուղղակի չես անի»: