Քիչ առաջ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։ «Հրապարակի» հետ զրույցում Ռուբեն Հակոբյանի որդին՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախկին անդամ Սամվել Հակոբյանը հայտնեց, որ դեռ գործ մանրամասներին տեղյակ չէ։ «Մենք միայն գիտենք, որ ինչ որ նոր գործ է՝ հարցազրույցում արտահայտած մտքերի վերաբերյալ։ Նա նշեց, որ Ռուբեն Հակոբյանին նախապես չեն ծանուցել քննչական ներկայանալու վերաբերյալ․ «Առավոտյան ծնողներս զանգեցին, ասացին, որ եկել են ձերբակալելու, ես եկա իրենց բնակարան, որտեղից էլ ձերբակալեցին ու տարան քննչական։ Հիմա սպասում ենք, որ փաստաբանը ծանոթանա գործի նյութերին»։
Հակոբյանի խոսքով ինքը զարմացած չէ․ «Մենք բոլորս գիտեինք, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի՝ անկախ նրանից՝ ապօրինաբար, թե՝ օրենքով, վերջը սա է լինելու։ Գալու է բոլոր այն մարդկանց հետևից, ովքեր իր դեմ են խոսում»։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։