Իմացանք, որ Նուբարաշենի հոգեկան առողջության վերականգնման կենտրոնից երկու հոգի են փախել: Մեկին բռնել են, իսկ մյուսի որոնումները դեռ շարունակվում են: Հետաքրքիր է, թե մասնագետներն ինչ կարծիքի են տեղի ունեցածի մասին: Անձամբ ես մտածում եմ, որ այդ երկու քաղաքացին սխալմամբ են հայտնվել նշված կենտրոնում: Այլապես ինչո՞ւ պետք է փախչեին, չէ՞ որ այնտեղ բոլոր պայմանները կան՝ սիրած գործով զբաղվելու համար՝ ուզում ես նապոլեոն-նապոլեոն խաղա, ուզում ես՝ ալիեւ-նիկոլ, ավազից դղյակներ կառուցիր կամ մի ուրիշ բան: Իսկ սրանք վեր են կացել ու փախել: Եվս մի կարեւոր հանգամանք: Փախչելուց հետո այդ մարդիկ, հետքերը կորցնելու նպատակով, առանձնացել են: Եվ, ուրեմն, ինչպես կարելի է այդքան բան հասկացող մարդկանց, եթե հանցագործ չեն, պահել փակ հաստատության ներսում… Մտածելու բան է:
Իսկ հիմա նայենք շուրջներս: Արդյոք մեր կյանքը շա՞տ է տարբերվում հոգեկան առողջության վերականգնման կենտրոնների կյանքից: Երեւանի Հանրապետության հրապարակում ժամացույցով մի շենք կա, տեսե՞լ եք: Ըստ ձեզ՝ այդ շենքում աշխատողներին չի՞ կարելի դիտարկել որպես հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացիների եւ տեղավորել առավել կոմպակտ հատուկ տարածքում: Թե՛ բուժումը հեշտ կլինի, թե՛ կերակրելը, թե՛ լողացնելը, թե՛ կրթելը: Թողնենք՝ սրտներն ուզածի չափ Նիկոլ-Աննա խաղան, վարչապետ-փոխվարչապետ, ԱԱԾ-ՆԳՆ, նախարար-մարզպետ, դատախազ-դատավոր: Ով փախավ՝ կարող ենք համարել, որ դեռ վերջնական «կտտցրած» չի: Ի դեպ՝ փաստ է, որ 7 տարի շարունակ, ով հայտնվել է այդ շենքում, այլեւս չի փախել: Հոգեկան առողջության վերականգնման ինչպիսի՜ օրինակելի հիմնարկ: Նույնիսկ պարիսպներ էլ պետք չեն…
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս «առողջարանի» սաներից մեկի մասին գրել է. «Նա մի նոր հանճարեղ միտք է հղացել, այն է՝ իր համակիրների եւ աջակիցների միջոցով հզոր մի հանրահավաք կազմակերպել Վաղարշապատի հրապարակում, ընդհուպ Մայր Աթոռի հարեւանությամբ։ Ի՞նչ է սա, եթե ոչ գիտակցված սադրանք՝ ուղղված ամբոխի միջոցով Եկեղեցուն ճզմելուն: Նա չի՞ գիտակցում, արդյոք, որ Եկեղեցու հետեւորդները շատ ավելի բազմամարդ են, քան իր կողմնակիցները»: Ոչ, պարոն նախագահ, չի գիտակցում, նա առհասարակ որեւէ բան չի գիտակցում: Դուք, պարոն նախագահ, խոսում եք մի պացիենտի մասին, որ սխալմամբ է հայտնվել այդ հիմնարկում: Մինչդեռ, կրկնում եմ, վերջին 7 տարում ո՛չ նա, ում մասին խոսում եք, ո՛չ էլ նրա կողմնակիցները, չնայած այսքան թուքումուր ուտելուն, փորձ էլ չեն կատարել լքել խնդրո առարկա «առողջապահական հիմնարկը»: Դուք ճիշտ եք, պարոն նախագահ՝ ցանկացած իշխանության գլխավոր խնդիրը երկրի ներքին կայունության եւ ժողովրդի անվտանգության ապահովումն է: Բայց ո՞ւմ եք ասում սա, եթե տեսնում եք, որ Հայաստանի իշխանության բոլոր քայլերն ուղղված են կայունությունը խախտելուն եւ երկրում խառնաշփոթ ստեղծելուն։ Ուրեմն համաձայնեք ինձ հետ, պարոն նախագահ, որ մենք գործ ունենք ոչ թե կառավարության եւ իշխանության, այլ հոգեկան առողջության վերականգնման կենտրոնի կոնտինգենտի հետ, որի սաներից մեկը, տառապելով մեծամոլության (գիգանտոմանիա) սինդրոմով, ինքն է թեժացնում իրավիճակը:
Ահավասիկ, պարոն նախագահ, նշել եք, որ արտաքին սպառնալիքներին դիմակայելու միակ միջոցը ներքին կայունության ապահովումն է, եւ եթե դա կայանա, ապա միանգամից կնվազեն արտաքին գործոններով պայմանավորված սպառնալիքները, հակամարտող կողմերը պատեհություն կգտնեն՝ երկկողմանի կառուցողական բանակցություններ սկսելու։ Դարձյալ պետք է հարցնեմ՝ ո՞ւմ եք ասում այդ ամենը՝ «առողջապահական» հիմնարկից դուրս գտնվողների՞ս: Մենք դա գիտենք էն գլխից ու հազար անգամ ենք ասել, որ այսպես չի կարող շարունակվել, վերջ տվեք քաոսին, դրսում ծիծաղում են մեզ վրա: Կներեք, պարոն նախագահ, բայց ո՞ւմ տանձին ա… Մեզ ասում եք՝ հայրենիքի շահերից ելնելով՝ փորձեք համաձայնության գալ թեկուզ ամենացավոտ հարցերում: Խեղկատակի հետ համաձայնության գալը ո՞րն է, պարոն նախագահ: Դուք անձամբ կարո՞ղ եք նրա հետ համաձայնության գալ այն ամենից հետո, ինչ այդ ազգակործան պատուհասն արել է ժամացույցով շենքում հայտնվելուց հետո:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ռոմանտիզմն ինձ ուղղակի սպանում է: Նա գրում է. «Իմ կարծիքով, հակադիր ուժերի դիմակայության վերացմանը կամ թեկուզ դրա մեղմացմանը մեծապես կնպաստեր Վաղարշապատում նախատեսված հանրահավաքի չեղարկումը եւ քաղբանտարկյալների, առաջին հերթին, Բագրատ եւ Միքայել սրբազանների եւ Սամվել Կարապետյանի ազատ արձակումը։ Այսօր դա է Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացման միակ միջոցը»։ Կներես, Լեւոն պապի ջան, չլինի՞ դու էլ ես մտածում, որ Բագրատ եւ Միքայել սրբազաններին, Սամվել Կարապետյանին եւ մյուս քաղբանտարկյալներին հայտնի պացիենտն է ձերբակալել: Դե ուրեմն այդպես էլ ասեք, ասեք, որ սա երկիր չէ, հատուկ առողջապահական հիմնարկ է, որի «հաջողակ» պացիենտը կարող է ձերբակալել իր քաղաքական ընդդիմախոսներին եւ ազատ արձակել, երբ խելքին փչի…
Ամեն դեպքում՝ շնորհակալ եմ Ձեր «լավատեսական ահազանգի» համար, պարոն նախագահ: Ասում եմ՝ սրանց ռադ անելուց հետո մի օր գամ, «Սեւ դղյակի» այգում նստենք, շիշը խփենք ծառին ու վերհիշենք էն բարի ժամանակները, երբ Դուք էիք մեղմացնում ու վերացնում հակադիր քաղաքական ուժերի դիմակայությունը: Հե՜յ, գիտի, օրեր…