Հունվարի 15-ին քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների միջև: Կարծիքներ են փոխանակվել Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին։ Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների հակասահմանադրական հարձակումներին հակազդելու, քաղբանտրակյալների իրավունքների պաշտպանության, ընտրությունների ընթացքի օրինականության ապահովման հետ կապված հարցեր, սակայն տարածված հաղորդագրության մեջ կոնկրետ չի նշվում, թե կողմերն ինչ կոնկրետ հարցեր են քննարկել և ինչ հստակ նպատակ է ունեցել հանդիպումը։ Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ։
- Պարոն Խաչատրյան, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հանդիպումը շատերի մոտ զարմանք է առաջացրել, քանի որ հասարակության մոտ այնպիսի տպավորություն է, որ երկու կուսակցությունները ոխերիմ թշնամիներ են ու գաղափարական հակառակորդներ։ Ինչպե՞ս ստացվեց, որ նման հանդիպում կայացավ։ Ի վերջո՝ ո՞րն էր այդ հանդիպման նպատակը։ Ի՞նչ կոնկրետ հարցեր են քննարկվել և ի՞նչ հանգուցալուծումներ առաջարկվել։
- Նշում եք, որ հանդիպումը զարմանք է առաջացրել, կարծում եմ, դա ոչ թե զարմանք է, այլ մանիպուլյացիա, ինչու, որովհետև ՀԱԿ-ը արդեն մի անգամ երկարատև համագործակցության միջով անցել է ՀՅԴ-ի հետ։ Դա եղել է 2014-2015 թվականներին։ Խոսքը հայտնի քառյակի մասին է, որը հետագայում վերածվեց եռյակի։ Այդ ընթացքում մենք Դաշնակցության հետ, ինչպես նաև՝ ԲՀԿ-ի և Ժառանգության հետ երկարատև քաղաքական պայքարի մասնակից ենք եղել։ Ցանկացած անկեղծ մարդ հասկանում է, որ անգամ ամենաոխերիմ քաղաքական ուժերը կարող են ինչ-որ պահի իրար հետ համագործակցել, որևէ հարցի շուրջ։ Այս հանդիպման վերաբերյալ տարածվել է հաղորդագրություն և քննարկվել են այն հարցերը, որոնք տեղ են գտել հաղորդագրության մեջ։ 2024 թվականին ՀՅԴ համագումարին ասեմ, որ ՀԱԿ-ը ևս հրավիրված է եղել, այլ կուսակցությունների հետ մեկտեղ և մեր ներկայացուցիչը ներկա է գտնվել։ Դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում։ Թե մեր և թե ՀՅԴ-ի գնահատմամբ՝ Հայաստանն այսօր կանգնած է այնպիսի ճակատագրական իրավիճակում՝ պարտված պատերազմ, շարունակական ձախողումներ և այլն։ Մենք այժմ այնպիսի պատմական շրջանում ենք գտնվում, որ քաղաքական կոնսուլտացիաները, քննարկումները այս փուլում պարզապես անհրաժեշտություն են։ Մենք ունենք մի իշխանություն, որին հեռացնելու գաղափարը կրում են շատ տարբեր կուսակցություններ, գուցե մոտեցումների հարցում կան տարբերություններ, սակայն նպատակը մեկն է, ուստի շատ նորմալ է, որ նման հանդիպում է տեղի ունեցել։ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն կարծում են, որ Հայաստանում պետք է անհապաղ իշխանափոխություն տեղի ունենա։
- Իսկ ընտրական բլոկում կոալիցիա ՀՅԴ-ի հետ բացառո՞ւմ եք։
- Մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք կոալիցիայի գնալ ցանկացած ուժի հետ, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՀՅԴ-ի հետ, որպես Ռ․ Քոչարյանի հենարան։ Բացառում եմ, որ ՀԱԿ-ը ՀՅԴ-ի հետ կոալիցիա կկազմի։ Այս կոնսուլտացիան բացառությամբ այլ բանի մասին էր, օրինակ՝ հնարավորինս ընտրախախտումներից զերծ մնալու և այլն։ Հնարավոր համագործակցությունը տեսականորեն կարող է լինել այդ տրամաբանության մեջ։