ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ երեկ անակնկալ զարգացում տեղի ունեցավ` նիստը սկսվելուն պես այն վարող, հանձնաժողովի ՔՊ-ական փոխնախագահ Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է, քանի որ օրակարգային միակ նախագիծը՝ գումար վճարելով զինծառայությունից ազատվելու մասին, հավելյալ քննարկման կարիք ունի։ Այն պարագայում, երբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր անգամ խորհրդարան եկել եւ ծվարել Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում։ Նախագծի հեղինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ հայտարարությունից անակնկալի եկավ եւ հայտարարեց, որ, միեւնույն է՝ ամեն ինչ անելու է, որ մինչեւ հաջորդ զորակոչը՝ հուլիսի 1-ը, արտահերթ նիստով իր հեղինակած նախագիծն օրենքի տեսք ստանա։ ՔՊ-ականների խաղաքարտերը, պարզվեց, խառնել էին ընդդիմադիրները, մասնավորապես, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որն արդեն մի քանի տարի է՝ չէր մասնակցում պաշտպանության հանձնաժողովի նիստերին, երեկ նիստի էր եկել՝ հաշվի առնելով նախագծի կարեւորությունը։
Արդյունքում չորս ընդդիմադիր պատգամավոր էր ներկա նիստին եւ երեք ՔՊ-ական՝ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանն ու Հայկ Սարգսյանը, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու Վահագն Ալեքսանյանն ԱՄՆ են գործուղվել։ Նիստը սկսելուց րոպեներ անց միայն շնչակտուր ներս մտավ նորաթուխ ՔՊ-ական պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը, սակայն նախագծի քվեարկության դեպքում` եթե ձայները հավասար են բաշխվում, այն համարվում է չընդունված, ուստի նիստը հետաձգվեց։ Ուշագրավ է, սակայն, որ նիստի ավարտից շատ չանցած՝ մենք խորհրդարանի շենքում նկատեցինք հանձնաժողովի իշխանական անդամ Գագիկ Մելքոնյանին, որը ներկա չէր նիստին, եւ պարզեցինք, որ Մելքոնյանը հանձնաժողովին նախապես տեղեկացրել էր, որ հիվանդանոց է գնալու: Իրականում, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, իշխող խմբակցությունում խուլ դժգոհություն կա այս նախագծի վերաբերյալ, եւ մեծ մասը տարակուսած է՝ ինչու են Հայկ Սարգսյանին թույլ տվել «բանակը քանդելու» այս նախաձեռնությամբ հանդես գալ։
Մեզ պատմեցին, որ ներքին քննարկումների ժամանակ ՔՊ-ականների դարդուցավը ոչ այնքան բանակն է, որքան իրենց վարկանիշը, քանի որ նախագծի հետեւանքով առաջացած դժգոհությունների արդյունքում եւս մարդկանց՝ իրենց նկատմամբ ատելությունը բազմապատկվելու է։ Նախագիծն այնքան խնդրահարույց է, որ անգամ իշխանությունների կամակատար ՄԻՊ-ը նախօրեին մատնանշեց խութերը, որակեց այն սահմանադրությանը հակասող։
Դեռեւս ՔՊ անդամ հանդիսացող, մանդատը վերջերս վայր դրած Վիլեն Գաբրիելյանն էլ հանդես եկավ նախագծի քննադատությամբ: Իսկ շատ ՔՊ-ականներ պատերի տակ են բողոքում եւ մատնացույց անում քննադատության տարափը՝ ուղղված այս նախագծին, որով, ըստ էության, իշխանությունը կոռուպցիան օրինականացնում է` ստիպում է, որ զինկոմիսարիատներում կամ բժշկական հանձնաժողովներում պտտվող կաշառքը վճարեն պետությանը եւ օրինական կարգով ազատեն իրենց զավակներին ծառայությունից՝ դրանով իսկ բանակն ու հայրենիքի պաշտպանությունը դարձնելով անապահովների գործը: Հիշեցնենք, որ, ըստ Հայկ Սարգսյանի ներկայացրած օրինագծի, 15 եւ 20 միլիոն դրամ վճարելով` նորակոչիկը կարող է 1 կամ 4 ամիս ծառայել եւ ազատվել բանակից: Կառավարությունը նախագծում ընդամենը գումարն է ավելացրել՝ դարձնելով 18 եւ 24 մլն դրամ։