Հանրային քննարկման դրված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծում առանձին հոդվածով անդրադարձ կա նաեւ Ակադեմիական քաղաքին: Այսպես. «Ակադեմիական քաղաքում տեղակայված հանրային բուհերին գույքը հանձնվում է անժամկետ օգտագործման իրավունքով՝ տվյալ հանրային բուհի կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան, իսկ միջպետական կամ մասնավոր բուհերին՝ պայմանագրով սահմանված ժամկետով»: Ինչպես նաեւ` ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամն իրականացնում է Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների շահագործման արդյունքում այլեւս չօգտագործվող բուհական եւ գիտական ենթակառուցվածքների կառավարումը, որից ստացված եկամուտն օգտագործվում է Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների զարգացման նպատակով, իսկ չօգտագործված եւ որոշակի ծրագրերի իրականցման համար չնախատեսված գումարն օգտագործվում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով»:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին զարմացրել է այն հանգամանքը, որ օրենքում անդրադարձ է արվում նաեւ Ակադեմիական քաղաքին, քանի որ չի կարծում, թե դա օրենքով ամրագրվող բան է: Ակադեմիական քաղաքին առնչվող հոդվածում մի այսպիսի ձեւակերպում կա, այն է` «Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս արգելվում է բուհերի ակադեմիական միավորների ենթակառուցվածքների ստեղծում, եթե դա պայմանավորված չէ ենթակառուցվածքի բաղադրիչի կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկությունների հետ»:
Այս ձեւակերպումը Սերոբ Խաչատրյանն անհասկանալի ու խնդրահարույց է համարում. «Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ բոլոր բուհերն այդ տարածքում պետք է գտնվեն, թե՞ խոսքն այն մասին է, որ բոլոր այն բուհերը, որոնք այդտեղ են գտնվում, չեն կարող ունենալ մասնաշենք Հայաստանի այլ վայրերում: 2 դեպքն էլ անընդունելի է, այսինքն, եթե մենք խոսում ենք բուհերի ինքնավարության մասին, այդ ինքնավարության կարեւոր կետերից մեկը բուհերի շենքերի ենթակառուցվածքներն են: Ավելին` կա այսպիսի մի թեզ, որ եթե շենքը չի պատկանում բուհին, ինքը չի կարող ինքնուրույն լինել, հիմա այս օրենքում մենք նորից բուհերին չենք տալիս այդ ինքնուրույնություն` տնօրինելու իրենց շենքերը: Ինչո՞ւ պետք է բուհը չորոշի, թե իր շենքը որտեղ գտնվի: Սա նույն այդ ինքնավարության խիստ սահմանափակում է, որովհետեւ եթե շենք ունեմ, բայց չեմ տնօրինում այդ շենքը, դա արդեն կախվածություն է ստեղծում»,-նկատում է փորձագետը: