Փաշինյան Նիկոլին միանգամից ասեմ, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հետ ո՛չ բանավիճելու, ո՛չ էլ նույնիսկ երկխոսելու չունի: Փաշինյան Նիկոլը՝ փողոցից պատահաբար իշխանության եկած այդ գռեհիկը, այդքան չկա պարզապես, որ Ամենայն հայոց հովվապետը նրա հետ որեւէ խնդիր, կիսելու բան կամ, առավել եւս, բանավիճելու նյութ ունենա: Այս պատկերը, իհարկե, միանգամից կարող է փոխվել, եթե ՀՀ սահմանադրությամբ Փաշինյան Նիկոլը հանկարծ հռչակվի ամենայն հայոց վարչապետ: Ու քանի դեռ նման բան տեղի չի ունեցել, Փաշինյան Նիկոլը կարող է մոռանալ իրեն բնորոշ լկտի ձեւերով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտ ընդունելության եւ, առավել եւս, նրա հետ բանավիճելու ու հարցեր պարզելու մասին:
Լավ հարց է՝ ի՞նչ է ուզում Նիկոլը Կաթողիկոսից եւ, որ նույնն է` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց: Ճիշտն ասած՝ չգիտեմ: Ինքն ինչ-որ բաներ է ճամարտակել իր՝ համարյա սուրբ լինելու մասին. «Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետեւորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի…»: Ես, իհարկե, շատ կուզենայի, որ Նիկոլի մասին այս բարձր խոսքերը մեկ ուրիշն ասեր, թեկուզ 2021 թ. արտահերթ ընտրություններում նրան ձայն տված մի մոլորյալ գառնուկ: Ես ավելի շատ տեսածովս առաջնորդվող մարդ եմ եւ երբ հայացք եմ նետում Նիկոլի վրա, այն զգացողությունն եմ ունենում, որ նա ամենեւին էլ չի ճառագում Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետեւորդի լույսերով ու երանգներով, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի: Հայ Առաքելական Եկեղեցու միլիոնավոր հետեւորդների մեջ լիքը «բռակ» կա, եւ ոչ մի տեղ գրված չէ, որ երկրի վարչապետը չի կարող լինել այդ խոտանի մեջ: Ահավասիկ՝ նայում եմ Նիկոլին, կարդում նրա հերյուրանքները մեր չուլան-եկեղեցիների մասին ու մտածում, որ ես ճիշտ եմ՝ Նիկոլը, որպես հայ քրիստոնյա, կատարյալ խոտան է:
Եվ ուրեմն՝ ի՞նչ է ուզում Նիկոլը: Կրկին խոստովանեմ՝ չգիտեմ: Ինքը գրել է. «Գարեգին Բ-ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Սա փաստ է, եւ եթե Գարեգին Բ-ն փորձի հերքել, անհրաժեշտ ձեւաչափով դա կապացուցեմ»։ Ասեմ, որ այս նախադասության մեջ առկա ավելորդ բառակապակցությունների, կետադրական նշանների եւ շաղկապների սխալ գործածության հեղինակը համալսարան չավարտած Նիկոլն է՝ հախուռն բնավորությամբ, ստախոս եւ ճղճղան: Ես իրեն ընդամենը մեկ հարց ունեմ՝ ի՞նչ է նշանակում՝ «անհրաժեշտ ձեւաչափով դա կապացուցեմ»: Չկա այդպիսի ձեւաչափ, Նիկոլ, որով դու կարողանաս որեւէ բան ապացուցել ՀԱԵ-ին: Գիտե՞ս, թե քեզ նման քանի՜-քանիսն են փորձել տարբեր ձեւաչափերով բան ապացուցել հոգեւորական դասին: Նրանք կա՛մ բանադրվել են եկեղեցու կողմից, կա՛մ քարկոծվել համայնքի կողմից, կա՛մ` պատժվել Աստծու կողմից: Հիմա, եթե դու ստախոս չես, ապա նշիր նաեւ այն «ձեւաչափը», որով պատրաստվում ես ապացուցել ախմախագույն, որեւէ պետության ղեկավարի եւ անգամ միապետի պատիվ չբերող այս հերյուրանքդ: Նիկոլ, եթե ինքդ կին լինեիր, կարող էիր այս ոճով խոսել տեգրակնոջդ վարքի մասին, որպեսզի սկեսուրիդ աչքին բարձրանայիր: Թե բա՝ կապացուցեմ… Տո դու քո կյանքում որեւէ բան ապացուցած կա՞ս: Հոկտեմբերի 27, Մարտի 1, Քառօրյա պատերազմ, 44-օրյա պատերազմ, Արցախը Հայաստան է, եւ վերջ, Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր, Հայոց ցեղասպանություն չի եղել… Սա չե՞ս դու, բա մի ձեւաչափ չգտա՞ր, որ ապացուցես քո ճշմարտացիությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ «շփվելու ավելի լավ ձեւաչափ» գիտե՞ս, քան ՀՀ առաջին նախագահի հետ Վեհի ոտքը գնալն ու մեղքերիդ թողություն խնդրելը: Քո խղճի վրա հազարավոր հայ քրիստոնյաների արյուն կա, ախր, դու միլիոնուկես անմեղ զոհի արյունն ես արդեն շալակել, դու հայրենիք ես ծախել, ախր, Արցախն ու Արցախի բազում եկեղեցիներ ես խոնարհել թշնամու առաջ: Ի՞նչ ձեւաչափով ես արել այդ ամենը՝ Էրդողան-Ալիեւ-Նիկո՞լ, թե՞ ավելի համեստ՝ Փաշազադե-Նիկոլ ձեւաչափով: Զարմանում եմ, էլի, մարդու գլուխն ինչքան չուլան պիտի լինի, որ կեղտոտ բերանը բացի ՀՀ առաջին նախագահի հասցեին, որ գնացել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտ՝ իր անառակ «զավակի» համար բարեխոսելու եւ, ով գիտի, նրան սարսափելի տանջանքներից փրկելու գուցե:
Այդպես էլ չկարողացանք պատասխանել հարցին, թե ինչ է ուզում Նիկոլը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց եւ Վեհափառ Հայրապետից: Ինքն ինչ-որ բան է խզմզել, որ կոչի է նման. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում՝ համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որեւէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։ Այստեղ պետք է մի փոքր թարմացնեմ մարդկանց հիշողությունը: Սիրելի հայրենակիցներ եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներ, 2018 թվականին Փաշինյան Նիկոլը մի անգամ արդեն սիրո եւ հանդուրժողականության թավշյա հեղափոխություն արել է, ինչի հետեւանքներն այսօր կրում ենք բոլորս: Այնպես որ, նրա ուզածը թավշյա հեղափոխությունը Եկեղեցի մտցնելն է: Լա՞վ եք հիշում «Նոր Հայաստան՝ նոր կաթողիկոս» խոսույթը: Էլ բան չկա քանդելու: Մի եկեղեցի է մնացել՝ ազգին ազգ պահող, դա էլ է ուզում քանդել: Հաշվե՞լ է Փաշինյան Նիկոլը, արդյոք, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քանի հատիկ հավատավոր հետեւորդ կգնա իր այս դավադիր կոչի հետեւից, այն դեպքում, երբ 2021 թվին իրենց «կոտրած» ձեռքով «ս. Նիկոլ ընտրած» հոտի 90 տոկոսն այլեւս գոյություն չունի:
ՀԳ. Սիրելի հայրենակիցներ, հավանաբար, բոլորդ եք հասկանում, որ ՀԱԵ-ն խնդիր չունի ո՛չ ինքնապաշտպանվելու, ո՛չ էլ, մանավանդ, Նիկոլին հաշվետվություն տալու: Խնդիրը մենք ենք, Նիկոլի հարձակումների թիրախում մենք ենք, մեր հայրենիքն է, մեր անկախության այս փոքրիկ ծվենը, որը դեռ պետություն է կոչվում: Սպանել մեր հավատքը, ֆիզիկապես ազատվել մեզնից, մեր հայրենիքը տալ թշնամուն, ոչնչացնել մեր պետությունը: