Դասական ճարտարապետության եւ կառուցապատման բոլոր կանոններն ու սկզբունքները մեր քաղաքներում ոտնահարված են: Գերիշխում է կամայականության, ապօրինության, «անգույն», աններդաշնակ, խառնիճաղանճ կառուցումների տենդը:
Բոլոր բնակավայրերում սնկի պես վեր հառնող նոր կառույցները՝ բազմագույն, բազմաբղետ, քաղաքի համայնապատկերին չհամընկնող, մայրաքաղաքում՝ ավելի շատ, քան մարզային քաղաքներում, հիմնականում նույն ուղղվածությունն ունեն՝ առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ են։ Չեմ ուզում խոսել օրինական կամ ապօրինի կառույցների մասին, որոնք սնկի պես աճում են մեր բնակավայրերում՝ աղավաղելով քաղաքների ու գյուղերի ընդհանուր դիմագիծը։ Այսօր ուզում եմ անդրադառնալ «կցակառույց» անունով երեւույթին։ Մինչ հոդվածը գրելը, զրուցեցի Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի եւ քաղաքաշինության վարչության նախկին պետ Արմեն Ջանազյանի հետ։ Նրանք այսօր չեն պաշտոնավարում, պատասխանատվություն չեն կրում ընթացիկ որոշումների համար, սակայն հենց նրանց պաշտոնավարման տարիներին է տրվել կառուցապատման թույլտվությունների մեծագույն մասը, որոնց հետեւանքները տեսնում ենք հիմա։
Քաղաքներում ազատ հողատարածքներն այսօր գրեթե սպառված են։ Եվ ահա՝ ընդլայնման համար լուծումը գտնվել է․ խանութներն ու սպասարկման օբյեկտները սկսել են «կցվել» շենքերին՝ բառի ուղիղ իմաստով։ Շենքերի պատերի տակ, մուտքի, ճանապարհների, բակերի հաշվին, երբեմն էլ՝ հուշարձան հանդիսացող կառույցների կողքին հանկարծ հայտնվում են նեղ ու երկար, թունելանման, վագոն-տնակ հիշեցնող շինություններ։ Սա ոչ թե քաղաքաշինություն է, այլ՝ քաղաքախեղում։ Ի՞նչ են տալիս մեզ այս կցակառույցները։ Հայաստանն առանց այդ էլ մի մեծ «հանրախանութ» է դարձել՝ բաց երկնքի տակ։ Կցակառույցները, որպես կանոն, խանութներ են, դրանք արտադրական նշանակություն չունեն՝ ֆաբրիկա չեն, արտադրամաս չեն, աշխատատեղերի կայուն աղբյուր չեն, միայն խանութներ են ու սպասարկման օբյեկտներ, որոնք սպասարկման ու առեւտրի կարիք ունեցողներին բազմակի գերազանցում են։ Փոխարենը՝ խլում են հանրային կենսատարածքը, նեղացնում բակերն ու անցուղիները, խոչընդոտում շտապօգնության ու հրշեջ մեքենաների մուտքը, խախտում շենքերի բնական լուսավորությունն ու օդափոխությունը, խաթարում միջավայրի գեղագիտական համայնապատկերը։
Վանաձորի նախկին քաղաքապետին հարցրի՝ ինչո՞ւ են նման թույլտվություններ տրվում։ Պատասխանն էր. «Մեր համաքաղաքացիներն են՝ մի կտոր հաց վաստակելու հնարավորություն ենք տալիս»։ Այս արդարացումը տարիներ շարունակ դարձել է քաղաքաշինական ամենախնդրահարույց որոշումների քողածածկույթը։ Վանաձորի կենտրոնական՝ Հայքի հրապարակը եւ նրան շրջապատող կառույցները՝ մարզպետարանը, քաղաքապետարանը, «Գուգարք» հյուրանոցը եւ հարակից մի քանի բնակելի շենքեր, միասնական ճարտարապետական հրաշագեղ համալիր են կազմում, որը, ինչպես մայրաքաղաքի, Գյումրու հրապարակները, ՀՀ օրենքով համարվում է հուշարձանախումբ: Օրենսդրությամբ սահմանված է, որ նման տարածքներում արգելվում է կառուցապատումը՝ հուշարձանախմբին 20 մետր մոտիկ տարածքում: Սակայն քաղաքապետարանի արեւելյան հատվածում վեր է խոյացել նեղ ու երկար եռահարկ կառույց։ Այն գտնվում է քաղաքապետարանի շենքից ընդամենը 2-2,5 մետր հեռավորության վրա։ Լոռեցիք, զայրույթը կատակի վերածած, անմիջապես կնքեցին «կոնյուշնյա» (ձիանոց): Արդյունքը՝ սահմանափակված է քաղաքապետարանի գեղեցիկ շենքի առաջին երեք հարկերի բնական լուսավորությունը, նվազել է հրդեհային եւ արտակարգ իրավիճակների վտանգի դեպքում հրատապ օգնություն կազմակերպելու հնարավորությունը: Իրավաչա՞փ է սա, թույլտվություն կա՞։ Պարզվում է՝ կա:
Այդ թույլտվությունը ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից է, որն օգտվել է Վանաձորի քաղաքապետարանի լուռ համաձայնությունից, իսկ վերջինս կարող էր եւ պիտի ընդդիմանար: Չի ընդդիմացել: Այստեղ հովանավորչությունն ակնհայտ է։ Եվ սա միայն իշխանությունների մեղքը չէ։
Կցակառույցների համար պատասխանատվություն են կրում ոչ միայն թույլտվություն տվող մարմինները, այլեւ նրանք, ովքեր ամեն կերպ ձգտում են ունենալ այդ կառույցները, երբեմն՝ ճնշմամբ, երբեմն՝ «ծանոթի միջոցով»։ Եթե այդ մարդիկ իսկապես քաղաքացի լինեին եւ հարգեին իրենց համաքաղաքացիներին, պիտի մի պահ մտածեին. «Ի՞նչ եմ անում․ իմ քաղաքի տեսքն եմ խաթարում, հարեւանիս լուսամուտն եմ փակում, իմ բակի ճանապարհն եմ նեղացնում»։ Բայց մտածողությունն այլ է. «Եթե ես չանեմ, ուրիշը կանի։ Եթե ես չվերցնեմ, ուրիշը կգրավի»։ Այս տրամաբանությամբ էլ քաղաքներն աղավաղվել են, ոչ մի կանոն չի պահպանվել, քաղաքի գլխավոր հատակագիծ գոյություն չունի․ ով ինչ որտեղ ուզում՝ կառուցում է։
Իշխանությունները շեշտում են, որ կցակառույցները լուծում են սոցիալական խնդիրներ, ստեղծում են աշխատատեղեր։ Այո, գործազրկության պայմաններում դա կարող է ժամանակավոր մեղմացում լինել։ Սակայն կան հարցեր, որոնք չեն տրվում եւ ոչ մեկին չեն հետաքրքրում։ Օրինակ, տվյալ կցակառույցը ներդաշնա՞կ է շրջակա միջավայրին, պահպանվո՞ւմ են գեղագիտական նորմերը, չե՞ն խաթարվում շենքերի բակային մուտքերը, քաղաքացիների ազատ տեղաշարժը կամ մյուս բնակիչների իրավունքները, չե՞ն գերազանցվում թույլատրելի մակերեսները։
Քաղաքի նախկին պատասխանատուների բացատրությունը հնչում էր այսպես՝ կցակառույցները ժամանակավոր են, ժամանակի ընթացքում կկատարեն իրենց դերը եւ կվերանան։ Հուսանք, որ այդպես կլինի, բայց մինչ այդ որքան քիչ շենքեր կառուցեն, այնքան քիչ բան կունենանք վաղը քանդելու, մաքրելու ու շտկելու։ Անգլիացիները կատակով ասում են՝ Լոնդոնը քանդվել ու կառուցվել է 17 անգամ։ Բայց մեր քաղաքները չպետք է այդ ճանապարհն անցնեն՝ մենք այդքան հարուստ չենք եւ այդքան բեռ չպիտի թողնենք մեր ապագա սերունդների վրա։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ