Հարցազրույց

«Հրապարակ». Ովքեր ուզում են քաղաքականությամբ զբաղվել, պետք է եկեղեցուց դուրս գան

«Հրապարակ». Ովքեր ուզում են քաղաքականությամբ զբաղվել, պետք է եկեղեցուց դուրս գան

«Հրապարակի» զրուցակիցը ռեժիսոր, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանն է:

- Հանրային խորհուրդը ստեղծ­ման օրվանից բարդ ճանապարհ է անցել, 2018-ից հետո գրեթե չի գործել, այս տարի վերջապես համալրվեց ՀԽ կազմը, նախագահ նշանակվեց, բայց նորից ակտիվ չէ: Կարեւոր հարցեր չի քննարկում, չունի կայքէջ, ֆեյսբուքյան էջում ընթերցեցի, որ խորհուրդը դեկտեմբերի 4-ին` մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կազմակերպել է քննարկում՝ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: Դրանից առաջ էլ պաշտպանության նախարար Պապիկյանի հրավերով խորհրդի անդամներն այցելել էին ՊՆ կանանց գումարտակ, սակայն օրակարգային հարցերին վերաբերելի ոչ մի քննարկում, որոշում, հայտարարություն չտեսա: Օրինակ` Եկեղեցի-իշխանություն այս սառը պատերազմին, կալանավորված սրբազաններին, կեղծ պատարագներին որեւէ անդրադարձ չկա: Գուցե դրանք տեղի են ունենում Փաշինյանի քմահաճույքով, դա՞ է պատճառը: Ինչո՞ւ այս հարցերը չեք կարեւորում:

- Մենք մոտ երկու-երեք ամիս առաջ քննարկել ենք Եկեղեցու հետ կապված հարցը: Երբ դեռ նոր էին սկսվում այդ հարաբերությունները, ասվել է, որ ամենաճիշտ տարբերակը սահմանադրական նորմերին վերադառնալն է: Եկեղեցին անջատ է պետությունից, Եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականության մեջ, պետությունն էլ չպետք է միջամտի Եկեղեցու հարցերին:

- Բայց այս ամիսների ընթացքում տեսեք, թե որքան է խորացել հարցը, ինչքան իրադարձություններ են տեղի ունեցել: Կալանավորումներ, տասը հոգեւորական անցել է իշխանության կողմը, ամեն կիրակի Փաշինյանը Վեհափառի անունը զեղչելով պատարագ է «պատվիրում»:

- Մեր ընդհանուր կարծիքն արտահայտել էինք, բայց եթե ուզում եք, ես կարող եմ իմ կարծիքն ասել: Ամենաճիշտն այն է, որ Եկեղեցին հայտարարի, որ չի խառնվելու քաղաքականությանը, չի միջամտելու քաղաքական հարցերին: Եկեք անկեղծ խոսենք` 2020 թվականից սկսած` Եկեղեցին սկսել է խառնվել քաղաքականությանը: Այն եկեղեցականները, ովքեր ցանկություն են հայտնում քաղաքականությամբ զբաղվելու, ես կարծում եմ, որ պետք է պարզապես Եկեղեցուց դուրս գան եւ զբաղվեն հենց քաղաքականությամբ: Գուցե ես միամիտ բան եմ ասում, բայց այդպես եմ կարծում: Այլ ճանապարհ ես չեմ տեսնում:

- Եկեղեցականն էլ է ՀՀ քաղաքացի եւ Սահմանադրությամբ իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու: Լավ, իսկ ի՞նչ պարբերականությամբ է Հանրային խորհուրդը նիստեր անցկացնում: Ի՞նչ հարցեր եք քննարկում:

- Խորհուրդը նիստեր է անց­կացնում ըստ հանձնաժողովների: Վերջերս, այո, «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ քննարկում տեղի ունեցավ: Այն տեղադրված է նաեւ կառավարության կայքէջում: Հարցը քննարկվել է ԿԳՄՍ նախարարի հետ: Հրավիրված էին տարբեր մարդիկ, լուրջ խոսակցություն գնաց: Մենք մեր կարծիքները հայտնեցինք եւ եկանք այն եզրակացության, որ թեման տեղին է, պետք է այդ մասին անպայման խոսել: Ես երկու անգամ կարծիք եմ հայտնել այս թեմայով: Խոսեցին շատերը: Լինում է քննարկում՝ ֆինանսների հետ կապված եւ այլն, սակայն դա իմ մասնագիտականը չէ, իմ ոլորտը չէ, տեղյակ չեմ հանձնաժողովից: Ամեն դեպքում, հանձնաժողովներով քննարկումները շատ ավելի ճիշտ են, քան 45 հոգանոց քննարկումները:

- Նախորդ Հանրային խորհուրդը երբեմն նախկին իշխանություններին հակադրվում էր, եւ անգամ որոշակի հարցեր լուծեցին: Օրինակ` «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը չապամոնտաժվեց նախկին ՀԽ-ի ջանքերով կամ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը: Դուք ինչո՞վ եք զբաղված, բացի իշխանական թեզերը գովերգելուց: Դա՞ է խորհրդի առաքելությունը: Գուցե Արա Խզմալյանը` ՀԽ նախագահն իշխանական է, դա՞ է պատճառը, որ իշխանական թեզերով եք առաջնորդվում:

- Նա Մատենադարանի տնօրենն է, հրաշալի մասնագետ է, հոյակապ ձեւով աշխատում է: Ես կարծում եմ, որ չի կարող խնդիր դրվել՝ Եկեղեցուն դեմ արտահայտվելը դարձնել օրակարգ: Հնչում են գործնական կարծիքներ, դրանց որակը հակակառավարական կամ պրոկառավարական լինելու մեջ չէ: Դա քաղաքական ուժերի խնդիրն է, իսկ ՀԽ անդամները, ըստ օրենքների, պարտավոր են ունենալ քաղաքական չեզոքություն: Այն ենթադրում է, որ հարցերին պետք է նայել ոչ թե քաղաքական տեսանկյունից, այլ՝ քաղաքացիական:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image