Քաղաքականություն

Դա էլ լինելու է հերթական բացահայտումը 

Դա էլ լինելու է հերթական բացահայտումը 

Հետաքրքի՞ր է, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը գեթ մեկ անգամ կդադարի կեղծ «նոտա վերցնել», թե այդ առումով էլ պետք է խոստովանենք, որ կարմիր կովը կաշին չի փոխում: Չնայած ինչպես կարող է փոխել, եթե այն ծնվել է այդպիսին, և նույն երևույթն էլ վերը նշված անձի դեպքում է. վերջինիս իշխանությունը ձևավորվել է ստի ու կեղծիքի վրա: Դրա մասին գրվել է բազմիցս, բերվել են բազմաթիվ օրինակներ: Ձևավորվելով ստի ու կեղծիքի վրա՝ այն շարունակվել է նույն ոճով: Եվ այդպես էլ կգնա մինչև վերջ՝ կա՛մ իր իշխանության վերջը և կա՛մ հայոց պետականության վերջը: Եթե, իհարկե, հայաստանյան հասարակության գրագետ ու հայրենասեր հատվածին չհաջողվի կյանքի կոչել առաջին տարբերակը:

Ինչևէ, անցնենք ստի ու կեղծիքի հերթական չափաբաժինը ներկայացնելուն: Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վերջինս իրեն բնորոշ եղանակով բանախոսել է. «Հիմա բոլորիս գլխում մի բան է՝ վա՜յ, նրանց նպատակը Թուրանն է: Ի՞նչ են ուզում իրենք, ուզում են՝ ՀՀ տարածքով գնան գա՞ն, թող գնան գան, վա՞տ է դա: Մենք ենք առաջարկում: Ասում ենք՝ ի՞նչ եք ուզում, ասում են՝ ուզում են գնան արևելք–արևմուտք, հյուսիս–հարավ: Ասում ենք՝ գնացեք, ինչո՞ւմն ա պրոբլեմը»: Ո՞րն է այստեղ կեղծիքը՝ կհարցնի ընթերցողը: Այն առկա է ահա այս հատվածում. «… ուզում են՝ ՀՀ տարածքով գնան գա՞ն…»: Թուրքերը Մեծ Թուրան ասելով՝ հասկանում են Թուրքիայից Ադրբեջանի վրայով Միջին Ասիայի թյուրքախոս պետությունների բոլոր տարածքների միավորում՝ առանց որևէ տեղ ընդհատման: Ինչը նշանակում է, որ իրենք ուզում են, որ ոչ թե ՀՀ տարածքով գնան, գան, այլ այն տարածքով, որ այլևս չի պատկանելու ՀՀ-ին: Ու դա հենց այն տարածքն է, որն իրենք անվանում են «Զանգեզուրի միջանցք»:  

Ընդ որում, այդ «միջանցքը» պահանջում է ոչ թե միայն Ադրբեջանը, այլև Թուրքիայի այս կամ այն ղեկավարը: Ամենամեծը՝ Էրդողանը, հազվադեպ է հիշատակում «միջանցք» բառը, ինքը խոսում է ադրբեջանական բոլոր պահանջների կատարման անհրաժեշտության մասին: Բայց ավելի ցածր կարգի պաշտոնյաներն առիթը բաց չեն թողնում Իլհամի նման միջանցքի մասին խոսելու համար: Ու դա կփորձեն կյանքի կոչել հենց Ադրբեջանի միջոցով: Այնպես որ Նիկոլի ասածը, թե «միջանցք չի լինելու, այլ լինելու է խաղաղության խաչմերուկ», բացարձակ արժեք չունեցող խոսք է: Այն արժեք չունի, քանի որ խաչմերուկի համար առնվազն անհրաժեշտ է չորս դերակատար, իսկ Նիկոլի դեպքում առկա է միայն մեկը՝ դա իր վարչապետությամբ Հայաստանն է: Վերջերս Իլհամը վերջապես ասաց, որ ինքը Նիկոլի ձևակերպած «խաղաղության խաչմերուկի» կարիքը բացարձակ չի զգում: Նրա թիկունքին կանգնած է Թուրքիան, իսկ հարևան վրացիները ձայն չեն հանում: Վրաստանն ինքնին միջանցք է, ու իրենց, բնականաբար, ձեռ չի տալիս, որ միջանցքի վերածվի Հայաստանը: Բայց իրենք հասկանում են, որ դա չլինելու բան է, ու այդ պատճառով էլ  լռում են վատամարդ դուրս չգալու համար:

Ինչևէ, «խաղաղության խաչմերուկը», վարչապետի աթոռից կառչած անձի ասելով, նշանակում է «փոխադարձ հարգանքի, փոխադարձ իրավազորության, ինքնիշխանության ճանաչում»: Այստեղ են ասել՝ հալվա ասելուց բերանը չի քաղցրանում: Նիկոլի երկնած խաչմերուկի առումով, ինչպես ցույց տրվեց վերևում, բացարձակ առկա չէ փոխադարձ որև բան, բացարձակ: Դա միակողմանի ձգտում է կամ ավելի ճիշտ՝ ընդամենը ցանկություն, ինչն ունի կյանքի կոչվելու զրոյական հնարավորություն: Ինքը շատ է սիրում, չէ՞, զրո կետից ինչ-որ բան սկսել. մի ժամանակ դա Իլհամի հետ էր, այսօր՝ Էրդողանի: Ասվածը նշանակում է, որ «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է «Զանգեզուրի միջանցք», ինչը մենք զգալու ենք ավելի ուշ, բայց ինչ-որ բան փոխելն արդեն անհնարին է լինելու: Ի դեպ, դա գիտակցում է նաև ինքը՝ ասելով, թե պետք է «պատրաստ լինել այն բանին, որ Ադրբեջանը «խաղաղության խաչմերուկի» բացումից հետո կհայտարարի, որ բացվել է Զանգեզուրի միջանցքը»: Ի դեպ, մենք բազմիցս ենք բախվել այն երևույթին, որ տհաճ իրականությունը բացահայտվում է ոչ թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, այլ հենց Ադրբեջանի ղեկավարի կողմից: Եվ դա էլ լինելու է հերթական բացահայտումը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image