Քաղաքականություն

Սերժից ավելի մերժված «լուզերը»

Սերժից ավելի մերժված «լուզերը»

Առողջական խնդրով պայմանավորված՝ 2018-ից այս կողմ չեմ մասնակցել ապրիլքսանչորսյան ամենամյա արարողությանը: Այս անգամ գնացի Ծիծեռնակաբերդ՝ Նիկոլի ինադու լրացուցիչ մեկ հոգու ներկայությունն ապահովելու նպատակով: Եթե ինքը փորձում է «հասկանալ», թե ինչպես և ինչու սկսվեց Ցեղասպանության օրակարգը, ապա Ծիծեռնակաբերդում մարդկանց քանակը պետք է լինի նրա պատասխանը: Դրանից հետո կհասկանա, թե ոչ՝ դա իր խնդիրն է: Իսկ եթե ընդհանրացնելու լինենք այդ երևույթը, ապա կստացվի այսպիսի մի բան. ինչ էլ ինքն ասի, պետք չէ հետևել նրա ասածին: Նույնիսկ եթե այն ընդունելի է ու տրամաբանական, միևնույն է, այն պետք է մնա առնվազն անպատասխան, որպեսզի ինքն, ի վերջո, գիտակցի, թե որքան է մերժված մեր հասարակության կողմից: Այն անձը, ով ընդամենը յոթ տարի առաջ նույն այդ հասարակության կուռքն էր: Իսկ յոթ տարին էլ «ընդամենը» մակբայով լրացված, քանի որ հազարմյա պատմության մեջ դա շատ փոքր ժամանակահատված է՝ չնայած մեր հանրության համար, վերջինիս վարչապետության պատճառով, խիստ դաժան ժամանակային հատված:

Մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ այս երկու օրը ներկայացնում են մինչև 2020 թվականի աշնան «դուխով» Նիկոլի և դրանից հետո «խեղճ հարիֆի» (իր սիրելի ժողովրդի բնութագիրը) կողմից ասված խոսքերը Ցեղասպանության կապակցությամբ: Դրանք, բնականաբար, 180 աստիճանով տարբերվում են միմյանցից: Մի դեպքում հզոր ու պահանջատեր անհատն է՝ թիկունքին ժողովրդի աջակցությունը, մյուս դեպքում՝ պարտված ու խեղճացված ու նույն այդ ժողովրդի ատելությունը վաստակած «լուզերը» (անհաջողակը): Ու ըստ այդմ՝ առաջին դեպքում Ցեղասպանություն դատապարտողը, մյուս դեպքում՝ այն կասկածի տակ դնողն ու նույնիսկ ուրացողը: Ու հանուն բարեկեցիկ կյանքի (ինչպես ինքն է դա ընկալում)՝ ժողովրդյան հիշողությունը կորսի մատնողն ու Ցեղասպանությունը ժխտող թուրքի հետ բարեկամացողը:

Իհարկե, կարող էինք մաքրվել ազգային այդ խայտառակությունից, եթե վերջինս դրսևորեր ոչ միայն ազգային, այլև անհատական, զուտ մարդկային արժանապատվություն: Բայց ինչպես ցույց տվեց կյանքը, ինքը զուրկ է թե՛ մեկից և թե՛ մյուսից: Եվ ես էլ այնքան միամիտ չեմ՝ չնայած լոռեցիների ժառանգ եմ, որպեսզի հույս ունենամ, թե ինքը հրաժարական կտա Սերժի նման: Որովհետև եթե ոմանց համար կյանքի ու մահված խնդիր է, օրինակ, թղթախաղում կամ մեկ այլ մոլախաղոււմ հաղթելը, ապա վերջինիս համար նույն տրամաբանությամբ կյանքի ու մահված հարց է իշխանության պահպանումը: Դա գիտակցում է ինքը, դա գիտակցում է հասարակության գրագետ հատվածը: Չնայած այդ գիտակցմանը՝ մենք, չգիտես ինչ տրամաբանությամբ, զբաղված ենք նրանով, որ անընդհատ դիմում ենք նրան հեռանալու առաջարկով: Կարծում եմ, որ դրա փոխարեն անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր ուժերի միավորումը՝ ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության կազմակերպման ու իրականացման նպատակով: Այդ նպատակով պետք է մշակվի գործողությունների պլան ու ժամանակացույց: Եթե ընդդիմադիր ուժերը կարողանան նման բան կազմակերպել, ապա դա կարող է հանգեցնել ուժայինների առնվազն չեզոքության հաստատմանը: Ինչից հետո իրեն այլ բան չի մնա, քան արտասահման փախչելը: 

Փաշինյան Նիկոլի համար ի գիտություն խաղաղության և անվտանգության իրական տեսլականը (X սոցիալական ցանցում Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոյի գրառումը). «Հիշել հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը նշանակում է և՛ հարգել զոհերի հիշատակը, և՛ երաշխավորել, որ նրանց նահատակությունը չի մոռացվի, և՛ ապահովել հայ ժողովրդի՝ խաղաղության և անվտանգության մեջ ապրելու հնարավորությունը»։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image