Վերլուծություն

Պարսկաստանի դասերը՝ հայ ընդդիմադիր առաջնորդներին

Պարսկաստանի դասերը՝ հայ ընդդիմադիր առաջնորդներին

Պարսկաստանը (Իրանը) չպարտվեց Ամերիկային։ Շնորհիվ առաջնորդության։ Պարսիկ առաջնորդների շնորհիվ։ Նրանք կանգնեցին ժողովրդի առաջին շարքերում՝ տիեզերքից իրենց ուղղված նշանացույցի տակ, եւ հայտարարեցին՝ դե կրակեք եւ սպանեք մեզ, մենք չենք հանձնվում։ Նրանք չհանձնվեցին, չհամակերպվեցին, չընկրկեցին։ Գնացին գիտակցված մահվան։ Զոհվեցին։ Եվ հաղթեցին։
Որովհետեւ առաջնորդների անձնազոհությունը ոգեկոչեց, համախմբեց, ոտքի հանեց ժողովրդին։ Որովհետեւ ժողովուրդը, որը պատրաստ էր ու ելել էր իր առաջնորդների դեմ, այս անգամ տեսավ, որ նրանք այլեւս մարմնավորում են ոչ թե իշխանության վայելքը, այլ՝ պարտքը, ժողովուրդը տեսավ, որ առաջնորդը հավատարիմ է իր կոչմանը, պատրաստ է զոհաբերվելու եւ զոհաբերվում է հանուն իր երկրի։

Նմանատիպ ակնկալիք է հիմա Հայաստանում։ Հայաստանը հիմա ինքնազոհաբերության պատրաստ առաջնորդի եւ առաջնորդների կարիք ունի։

Վերջին տարիներին բազմաթիվ զուր մեղադրանքներ են հնչել ժողովրդի հասցեին։ Այնինչ նա բազմիցս է ոտքի ելել (առնվազն չորս անգամ), բայց պարտվել է, որովհետեւ չի գտել իր հաղթական առաջնորդին։ Չի ունեցել հաղթանակի տանող առաջնորդ եւ առաջնորդություն։ Եվ հիասթափվել է։ Եվ հուսահատվել է։ Բայց դարձյալ ու դարձյալ ոտքի է ելել։ Հոգու անտեսանելի խորքերում արթնացրել է անթեղված ոգին ու ոտքի ելել։

Նույնը եղավ նաեւ այս ընտրություններում։ Եվ հուսանք, որ հիմա կարծես կա առաջնորդ, կարծես կան առաջնորդներ։ Եվ ներկայիս առաջնորդների բուն պարտքը հիմա ժողովրդի ոգին չկոտրելն է։ Եթե կոտրվեց, շատ ծանր հետեւանքներ կունենա, ավելի ծանր, քան Արցախի հանձնումը։

Ուստի ես մեր առաջնորդներին կոչ եմ անում՝ դաս առնել պարսիկ առաջնորդներից, չհանձնվել, չընկրկել, գնալ առաջնորդությունն ինքնազոհաբերությամբ հաստատելու եւ այդպես հաղթանակի հասնելու ճանապարհով։ Դուք ոչ թե ընդդիմության առաջնորդն եք, այլ՝ հայկականության։ Ձեր խնդիրը հայկականությանը եւ Հայաստանին սպառնացող վտանգին հաղթելն է։ Նաեւ՝ արդարության մարտիկի կոչմանը հավատարիմ լինելը։ Այսօր՝ ընտրությունների կեղծիքի հետ չհամակերպվելով, պայքարը շարունակելով։ Գտեք ձեւը, միջոցը, եղանակը։

Ես իմ էությամբ գանդիստ եմ (չշփոթել ոմն անձի «ոչ բռնի ու թավշյա» խաբեության հետ։ Գանդիզմը եղել է ու կա միշտ, իբրեւ էություն, ազատ կամքի, հարատեւ պայքարի դրսեւորման ձեւ ու միջոց։ Իբրեւ գանդիզմի օրինակ՝ կարող ենք բերել նույնիսկ Հիսուս Քրիստոսին կամ թեկուզ առաջին նահատակներին․ ի դեպ, «նահատակ» բառի իմաստներից մեկն «առաջամարտիկ»-ն է, ասել կուզի՝ առաջնորդը, իսկ բառի առաջին՝ «նահ» արմատը կարող եք տեսնել նաեւ «նահ/ապետ» ու «նախ/հ/արար» բառերում։
Գանդիզմը խաղաղ անհնազանդությունն է։ Անզեն կռիվն է։ Զոհաբերության պատրաստակամությունն է։ Հավատն է մարդու եւ մարդկության, արդարության եւ Աստծո նկատմամբ։ Կյանքով ծառայությունն է։ Բայց գանդիզմը ի վերջո մարտական առաջնորդ է ծնում։

Հասարակ մարդու լուծը փայտյա է, առաջնորդինը՝ փշե։ Լինում է, որ առաջնորդը պիտի անձնազոհության գնա, որպեսզի ապրի ժողովուրդը, որին առաջնորդում է։ Որպեսզի հաղթանակի գաղափարը, որին ծառայում է։ Որպեսզի ոգեկոչվի ժողովուրդը, որին առաջնորդելու լուծն է հանձն առել։ Լուծ, որը խաչ է։
Ես ոչ միայն գանդիստ եմ, այլեւ, որպես հայ՝ դյուրահավատ ու ռոմանտիկ։ Եվ ուզում եմ մի պահ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե, օրինակ, նստացույց ու հացադուլ հայտարարեն մեր այսօրվա առաջնորդները։
Ֆորբսի վարկանիշով միլիարդատեր, մոլորակի ամենահարուստ հայը։
Հանրապետության նախկին նախագահը։
Առյուծներ սանձող բազկամարտի չեմպիոնը։
Մարդու իրավունքների մշտական պաշտպանը։
Հայ հեղափոխականների հարատեւ դաշնությունը։
Եվ մյուսները։

Ելնեն հրապարակ ու չարիքի իշխանության վերացման սահմանադրական կոչվող ճանապարհներից մեկով հացադուլ ու նստացույց հայտարարեն, պատրաստ լինեն եւ գնան անձնազոհության, պահանջ դնեն ու հավատարմորեն, հաստատակամորեն, հետեւողականորեն հետամուտ լինեն իրենց խնդրի իրականացմանը։

Բայց բոլորս քաջ գիտենք, որ սա ինքնին արդյունք չի տա։ Պետք է առաջամարտիկ եւ առաջնորդ լինել ու մնալ նաեւ այլ վիճակներում։ Իսկ խնդիրը հայկականության ու Հայաստանի պաշտպանությունն ու պահպանումն է։ Ոչ թե ինչ-որ սահմանադրական մեծամասնություն տալ-չտալը, ոչ թե ինչ-որ դատավոր կամ դատախազ նշանակելու իրավունք ունենալ-չունենալը, ոչ թե ինչ-որ այլ բան, այլ Հայաստանը կործանման տանող, հայկականությունը վերացնող իշխանության հեռացումը, ազգային պետության ու պետականության պաշտպանությունն ու զորացումը։

Ժողովուրդը ձեզ ձայն է տվել հիմնականում մեկ նպատակով՝ չարիքի իշխանությունը վերացնելու համար։ Եվ դուք հանձն եք առել դա։ Կատարեք ձեր հանձնառությունը։ Եվ պատկերացրեք, թե ինչ ժողովրդական համախմբում կլինի այդ հանձնառությամբ հրապարակ ելած առաջնորդների շուրջ եւ թիկունքում, ինչպիսի գիտակցում կտիրի, երբ մարդիկ տեսնեն, որ առաջնորդները ոչ թե ինչ-ինչ անձնականության կրող են, այլ հանուն երկրի, հանուն գաղափարի պայքարող եւ անձնազոհության գնացող ոգի։
Պատկերացրեք, թե ինչ կանի ժողովուրդը, եթե առաջնորդները նման առաքելություն ստանձնեն, գնան ինքնազոհությամբ հաղթելու ճանապարհով։ Բայց իմ այս առաջարկը սոսկ տարբերակ է եւ սոսկ իմ տարբերակը։ Ոչ էլ խորհուրդ է․ դա ընդամենը երազանք է։
Ձերը նպատակ է։ Գտեք նպատակն իրականացնելու ձեր ձեւը, գտեք հաղթականի ճանապարհը, գտեք ժողովրդին վերածնունդ պարգեւող խոսքը, գտեք ոգին անկոտրում պահող գործողությունը։ Հետեւեք պարսիկների օրինակին, դաս առեք նրանցից։ Ի դեպ, պարսիկները մեզնից առնվազն երկու դաս քաղել են, այն էլ՝ Ավարայրում․ մեկը՝ կրոնական հանդուրժողականությունը, որ պահպանում են մինչ օրս, մյուսը՝ «մահ իմացյալ»-ը, որից երեւում է նրանց այսօրվա վարքը։

Հասկանալի՞ է․ «մահ իմացյալ»-ը պարսիկները մեզնից են սովորել, դրա շնորհիվ են հաղթել։

ՀԳ․ Եվ ներողամտաբար ընդունեք մի նախազգուշացում եւ մի վտանգավոր իրողության փաստագրում։ Եվ հետեւություն արեք։
Նախազգուշացում․ եթե դուք չհաղթեք կամ նահանջեք, կամ թեթեւակի իսկ ընկրկեք, ոմն անձը ձեզ կոչնչացնի։ Մեզ էլ՝ ձեզ հետ։ Նաեւ՝ հայկականությունն ու Հայաստանը։

Վտանգավոր իրողություն․ այսօր իշխանությունն ուզուրպացրած ոմն անձը երբեք կամովին չի զիջի իշխանությունը։ Կձգտի ամեն գնով պահպանել այն։ Նաեւ՝ արյան ու սպանդի գնով։ Բայց նա իշխանությունը կպահպանի ոչ թե սոսկ իշխանություն ունենալու կամ, ինչպես թյուրմացաբար սահմանափակվում են շատերը՝ դրա միջոցով իր կաշին փրկելու համար, այլ այդ իշխանությամբ իր ծրագիրն իրագործելու հնարավորություն ունենալու համար։ Եվ այդ հնարավորությունը կգործադրի նույնպես ամեն գնով։
Իսկ այդ ծրագրի էությունը հայ ինքնությունը մետամորֆոզի ենթարկելն է, հայկականությունը եւ Հայաստանը կործանելն է։ Ու այդ ընթացքում նույնպես կոչնչացնի ե՛ւ ձեզ, ե՛ւ մեզ՝ իբրեւ խոչընդոտ ու թշնամի, իբրեւ տեսակների պայքարի բնական օրենքի դրսեւորում։ Եվ ամենավերջում․ դուք՝ առաջնորդներ, խոստացել եք տեր կանգնել ընտրողների ձայներին։ Կատարեք ձեր խոստումը։
Եղեք առաջնորդ։

ՀԳ 1․ Ասելիքս խմբագրություն ուղարկելուց առաջ ականջիս հասավ, որ Նիկոլ Փաշինյանն իր առաջին ճեպազրույցում հայտարարել է, թե ընդդիմությունն առանց կաշառքի ոչ մի ձայն չի ստացել։ Ես իմ օրինակով հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը սուտ է ասում։ Ուստի ստախոս է։ Եվ գուցե այս թեմայով ընտրողները ֆլեշմոբի նման մի բա՞ն անցկացնեն, թե քանի հոգի է Նիկոլ Փաշինյանին ստախոս համարում։

Հակոբ Սողոմոնյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image