Հարցազրույց

Հայոց լեզվի դեմ էլ է արշավ սկսվել, ֆակուլտետները դասաժամեր են կրճատում

Հայոց լեզվի դեմ էլ է արշավ սկսվել, ֆակուլտետները դասաժամեր են կրճատում

«Հրապարակի» զրուցակիցը ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների դոցենտ Նարինե Դիլբարյանն է։

- Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը կարծում է, որ մայր բուհին հարկավոր չէ Արտասահմանյան գրականության ամբիոն, և այն պետք է լուծարել, իսկ դասախոսների և ամբիոնի մագիստրոսների ճակատագիրը հայտնի չէ։ Ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ այս որոշումը կապված է իր քաղաքական հայացքների և իշխանություններին ուղղված սուր քննադատական գրառումների և հարցազրույցների հետ։ Ի վերջո՝ ի՞նչ եք կարծում, ի՞նչ որոշում է սա, և ո՞րն է նպատակը։

- Նպատակը շատ ավելի խորքային է։ Այսօր կրթության կառավարիչները ցանկանում են բուհական կրթությունը դարձնել հնարավորինս մակերեսային ու պարզունակ։ Սա համակարգային իրողություն է՝ խորքային մասնագիտական գիտակարգերը թերագնահատել և ձերբազատվել դրանցից։ Նման որոշմամբ ցանկանում են երկու հարց լուծել՝ ազատվել անցանկալի անձանցից և լուծարել, միավորել, խոշորացնել մասնագիտական ստորաբաժանումները։ Ամբիոնների հախուռն միավորումներ տեղի ունեցան։ Ֆակուլտետի գիտխորհուրդներին տվել են իրավունք՝ որոշելու, թե ինչ առարկաներ են ընդգրկելու ուսումնական ծրագրերում։ Նման որոշման առաջին «զոհը» դարձան ֆակուլտետները միավորող հիմնային գիտակարգերը։ Էականորեն կրճատվեցին արտասահմանյան գրականության ժամերը։ Արևելագիտության ֆակուլտետում էապես սահմանափակեցին հին հայերենի՝ գրաբարի ժամերը, ԵԼՀ-ում գրեթե հեռացրին գրաբարը, իսկ 2026 թվականի սեպտեմբերին ես զարհուրեցի՝ ուսանողներից իմանալով, որ միավորել են արտասահմանյան և ռուս գրականությունը մեկ կիսամյակում։ Պատկերացնում եք՝ ինչ սարսափելի կրճատում է։ Մենք գրեթե երեք տարի և դեռ ավելին անցել ենք արտասահմանյան և ռուս գրականություն, իսկ այսօր՝ մեկ կիսամյակ։ Այդ ամենը տեսնելով՝ ուզում ես լաց լինել։ Ի դեպ՝ շատ ուսանողներ ևս ծանր են տանում այդ իրողությունը։ Ուսանողները ուզում են սովորել, այնպես չէ, որ չեն ուզում։ Ասեմ ավելին՝ Հայոց լեզվի դեմ էլ է արշավ սկսվել։ Քիմիայի ֆակուլտետը արդեն հայտարարել է, որ հայերենը պետք է դասավանդվի մեկ կիսամյակ, երկուսի փոխարեն։ Սա զարհուրելի ուղեղային մթագնում է։ Սա արհավիրք է։ Հայ գրականության ժամերը, ընդհանուր լեզվաբանության ժամերը ևս նվազեցրել են։ Եվրոպական լեզուների ֆակուլտետը՝ նախկինում Ռոմանագերմանական բանասիրության, հրաժարվել է լատիներենից, գրաբարից, իսկ առաջ դրանք պարտադիր առարկաներ էին։ Համալսարանական կրթությունը պետք է տարբերվի խորությամբ, ակադեմիական ընդգրկման մեծությամբ։ Ջախջախում են ամբիոնները, ֆակուլտետները չպետք է իրենք որոշեն՝ իրենց ինչ է պետք, քանի որ դա հանգեցնում է ներտեղային շահերով առաջնորդվելուն, արդյունքում տուժում է կրթության որակը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image