Այլ

Ոչ թե սպասեք, թե ո՞վ է հաջորդը, այլ գործեք․․․

Ոչ թե սպասեք, թե ո՞վ է հաջորդը, այլ գործեք․․․

Քաղաքական դաշտը նստել ու սպասում է՝ ո՞վ է հաջորդը։ Ընդունում են, որ հարձակումը կա, ընդունում են, որ ամեն օր նոր ռեպրեսիա, ձերբակալություններ են լինում և գոնե իրենց հայտարարություններից այն տպավորությունն ես ստանում, որ սպասման մեջ են՝ ո՞վ է հաջորդը։ Նման մոտեցման դեպքում  թուլանում է ժողովրդի ինքնապաշտպանական ռեակցիան։ Մարդկանց մոտ վախ է առաջանում, որ հաջորդը կարող է ինքը լինել։ Դրա համար բոլոր աղբյուրները կան։ Վախ սերմանելու աղբյուրը միայն իշխանությունը չի կատարում։ Նրան զուգահեռ քաղաքական ընդդիմադիր դաշտը վախ է սերմանում։ Հենց այն, որ ամբողջ դաշտը ուղղված է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վերլուծությամբ ու գնահատականներով՝ վախ է։ Մարդկանց մոտ ամրապնդվում է այն համոզմունքը, որ Փաշինյանը կարող է անել այն, ինչ մտքովը անցնի։ Դա վա՞խ է, թե՞ վախ չի։ Դա մարդկանց կարո՞ղ է գամել իրենց տեղում, դատապարտել անշարժության, ինքներդ որոշեք։

Մարդկանց ակտիվությունը կորում է։ Նրանք՝ դեմ լինելով ապազգային քաղաքականությանը, լռում են, որ հաջորդը իրենք չլինեն։ Այս ճեղքը պետք է փակել։ Վառ հոգիները, որոնք պոռթկում են, ձերբակալվում են։ Սրբազանները ձերբակալվում են և ընդդիմադիր դաշտը՝ հատկապես վերջին շրջանում, դարձել է փաստերի արձանագրման ու գնահատականներ տալու գործիք։  Սա նման է այն բանին, որ հայտնվել ենք փոսում ու փոսից դուրս գալու փորձ անելու փոխարեն բոլորս մտահոգված, ահաբեկված ենք, թե որքան խորն է փոսը, որքան անօգնական ու անճար ենք փոսից դուրս գալու համար։ Ելք միշտ լինում է։ Ասում եք՝ ելքը իշխանափոխությունն է։ Արեք՝ ի՞նչն է ձեզ խանգարում։ Նույնիսկ Փաշինյանն էր ասում՝ ինձ չեք ուզում, հեղափոխություն արեք։ Այո, պետական լծակներով նա ճնշում, ճնշելու է, բայց մի՞ թե նման ճնշումներ են հաղթահարվել։ Երբ պայքար չկա, հաղթանակ լինել չի կարող։ Ժողովրդական ուժերը մոբիլիցացնող է պետք։ Ժողովուրդը հենց դրան է սպասում։ Այսօր ավելի քան արդիական է Մաքսիմ Գորկու «Պառավ Իզերգիլը»։  

Պատմվածքի երրորրդ մասի հերոսը՝ Դանկոն իրեն զոհաբերում է հանուն ժողովրդի և նրանց փրկում  իր վառվող սրտի օգնությամբ։ Մեզ Դանկոյի պես մի վառվող սիրտ է պետք, որ իր կրակով, ջերմությամբ վարակի ժողովրդին, արթնացնի ու տանի լույսի, ազատության  ճանապարհը։ Ասում եք՝ համազգային պայքար չի ձևավորվում։ Ես էլ դա եմ ասում՝ Դանկոյի սիրտ է պետք, որ կրակը վերցնի ու առաջնորդի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image