Մշակույթ

Քաղաքային իշխանությունները պետք է ուժ գտնեն ու խռոված երեւանցուն նորից Երեւանի տերը դարձնեն 

Քաղաքային իշխանությունները պետք է ուժ գտնեն ու խռոված երեւանցուն նորից Երեւանի տերը դարձնեն 

Երեւանի 2806-ամյակի առթիվ, հոկտեմբերի 13-ին մայրաքաղաքում մի շարք միջոցառումներ են նախատեսված, որոնք կանցկացվեն «Արի՛ Երեւան, տոնենք» կարգախոսի ներքո։

Երեւանի քաղաքապետարանը հայտնում է, որ, 2806-ամյակի առթիվ, ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։ Կկայանան համերգներ՝ ջազ, ռոք, դասական եւ էստրադային ժանրերի։ Կգործի բացօթյա սպորտային գոտի, կանցկացվեն գինու եւ գարեջրի փառատոներ։ Իսկ ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգ, որտեղ ելույթ կունենան սիրված արտիստներ։

1998-99թթ. Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի կարծիքով՝ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Երեւանն ու երեւանցին տոնի կարիք ունեն, բայց ոչ թե շոուների մակարդակով, այլ՝ ոգեղենության։ Նրա՝ քաղաքապետ աշխատած տարիներին է հիմնվել այս տոնը եւ բավականին մեծ հանդիսավորությամբ նշվել:

«Երբ մենք որոշեցինք, որ Երեւանի տոնը պետք է վերականգնենք, այդ ժամանակ պատերազմը նոր էր ավարտվել, ցուրտ ու մութ տարիներ էին, ես հրավիրեցի բոլոր տոների կազմակերպիչների հիմնական «աս»-երին, իսկ նրանց՝ բոլորին, գեղարվեստական, բովանդակային առումով ղեկավարում էր Արա Երնջակյանը։ Նա ինքնատիպ մտածելակերպ ուներ, ու նրա մոտ ամեն ինչ բովանդակային էր, ձեւը ծառայում էր բովանդակությանը, այսինքն՝ մարդուն, երեւանցուն։ Անկախ այն բանից, որ դա բարդ ժամանակահատված էր, մենք շատ շահեկան վիճակում էինք գտնվում, որովհետեւ երկրում տիրող մթնոլորտն ուրիշ էր՝ հաղթանակած, ոգեղեն վիճակ էր։ Այդ ժամանակ մենք որոշեցինք Երեւանի օրը կազմակերպել՝ Երեւանը կարոտ է տոնի, ու երեւանցին արժանի է տոնի կարգախոսի ներքո, ու կարողացանք օդում, հասարակության մեջ տիրող այդ արժանապատիվ ու հաղթանակած ազգի ոգեղենությունը գեղարվեստական լուծումներով ցուցադրել»։

Թե ինչ դրսեւորումներ էին ստացել այդ գեղարվեստական լուծումները Երեւանի տոնական հանդիսությունների մեջ, Սուրեն Աբրահամյանը նկատում է․ «Նախ՝ մենք տուրք չէինք տալիս ինչ-որ մի ռեփերի․․․, չգիտեմ՝ որտեղից նրան բերեինք, որ մեզ զարմացներ։ Բոլոր կատարողները, երաժիշտները մերոնք էին, մեր ստեղծագործական ուժերը։ Մենք այնպես էինք անում, որ այդ ամեն ինչը մեր մենթալիտետին ու հոգեկերտվածքին բնորոշ լիներ, այդ թիթիզ, ամպագոռգոռ բաների հետեւից չէինք ընկնում։ Մենք գիտեինք, թե Երեւանի ամեն անկյունում ապրող մարդուն ինչ է պետք․ շենգավիթցուն ինչ է պետք, արեշցուն՝ ինչ միջոցառում․ ամեն մի թաղի առանձնահատկությունները հաշվի էինք առնում։ Իսկ ամենակարեւոր միջոցառումը, արարողությունը, այդ «հրաբուխը»՝ տոնի տունը, պետք է լիներ Էրեբունիում, ոչ թե քաղաքի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում։ Մենք հիմնական տոնակատարությունն Էրեբունիում էինք անում, եւ երկար ժամանակ այդպես էր, հետո նոր՝ լոկալ կարգի միջոցառումներ, ներկայացումներ, համերգներ, որ արվում էին Երեւանի տարբեր համայնքներում»։ 

Աբրահամյանը հիշում է՝ 1998-ին, երբ Երեւանի տոնը կազմակերպեցին, լավագույն նվերը երեւանցիների տրամադրությունն էր ու Կարեն Դեմիրճյանի ռեպլիկն իր հասցեին․ «Երջանկահիշատակ Կարեն Սերոբիչն էն կողմից եկավ Վազգենի հետ, ես էլ այս ու այն կողմ եմ վազում, մեկ էլ Դեմիրճյանն իրեն բնորոշ ինտոնացիայով ասեց՝ Վազգեն, զգո՞ւմ ես, որ Սուրիկն աճում ա․․․։ Ինձ համար ամենամեծ գնահատականը դա էր, որ հաջողել ենք, իսկ Երեւանի տոնը Դեմիրճյանն առաջ քաշեց ու նաեւ այդ ավանդույթը ձեւավորեց»։ 

Երեւանի նախկին քաղաքապետն ընդգծում է՝ Երեւանի տոնը կազմակերպելը շատ մեծ պատասխանատվություն էր․ «Դա բավականին մեծ պատասխանատվություն էր, իսկ այդ ժամանակ մենք չունեինք ձեւավորված բյուջե, սա չկար, նա չկար, ու, մեծ հաշվով, փող էլ չկար, բայց ոգեւորությունը շատ մեծ էր, ու հիմա չեմ էլ կարողանում հիշել, թե մենք այդ գումարները որտեղից հայթայթեցինք, որովհետեւ բյուջեում իրոք փող չկար, բայց մենք կարողացանք այդ տոնը ստեղծել, որովհետեւ այդ ժամանակ իսկապես Երեւանը կարոտ էր տոնի, ու երեւանցին արժանի էր տոնի։ Արդյունքում կարողացանք նաեւ երեւանցուն այդ տոնը պարգեւել, որովհետեւ երեւանցին այդ օրվա հերոսն էր, ու Երեւանի տոնն էլ ձոն էր՝ նվիրված երեւանցուն»։

Ո՞վ է այսօրվա Երեւանի հերոսը։ «Լավ կլիներ, որ այսօրվա կազմակերպիչներից հետաքրքրվեիք, բայց, ցավոք սրտի, այսօրվա հերոսն այն ժամանակվա հերոսը չէ, այսօրվա հերոսին պետք է ուղղակի ցնցել, նաեւ՝ հասարակությանը ցնցել, որովհետեւ այսպես չի կարելի։ Բայց պետք է ցնցել ոչ թե շոուներով կամ անշուք պարի տրամադրությամբ, այդպես չի լինի, պետք է մարդու ոգին բարձրացնել, արարքի ուժը կարեւորել, իսկ այդ բոլորի պատասխանատուն իշխանություններն են, իրենք պետք է կարողանան այդ ամեն ինչն անել»։

Ս․ Աբրահամյանն ասում է՝ քանի որ ինքն էլ է եղել քաղաքային իշխանություն, ապա զերծ կմնա Երեւանի գործող իշխանությանը քննադատելուց, չնայած որ շատ բաներ իրեն էլ դուր չեն գալիս.  «Սեփական անձի կարեւորությունը չպետք է լինի գերիշխող, որ, տեսեք` մենք կարող ենք չգիտեմ որ ջազմենին չգիտեմ որտեղից բերել, որ Երեւանում երգի․ մերոնցից ավելի լավը չկա, Երեւանին փառք ու պատիվ է բերելու երեւանցին, ո՛չ ճապոնացին, ո՛չ էլ՝ ֆրանսիացին, ինչ կալիբրի երաժիշտ կամ մշակույթի գործիչ էլ որ լինի։ Պետք է մերոնց վրա շեշտը դնել, որովհետեւ մերոնք մեր մենթալիտետը հասկանում են»։ 

Այն, որ անցած տարի, Հայաստանի անկախության տոնի շրջանակներում, ՀՀ կառավարությունը 6 մլն էր հատկացրել Սնուփ Դոգին բերելու համար, Ս․ Աբրահամյանը դարձյալ նկատում է, որ ազգային նման տոների դեպքում մեր ազգային մենթալիտետը պետք է անպայման հաշվի առնել․ «Նորից պետք է ասեմ, որ մենթալիտետի խնդիր կա, պետք է հաշվի առնել, թե, օրինակ, Երեւանին ինչ ծառ է սազում, հաշվի առնել անգամ Երեւանի փոշին, հոտը, այդ ամենը հասկանալուց հետո միայն մեզ ինչ-որ բաներ հրամցնեն, որովհետեւ հայկական ֆուտբոլին հայ ֆուտբոլիստն է պատիվ բերելու, թե չէ դրսի վրա շեշտը դնելով ու փողերը քամուն տալով՝ ոչնչի չես հասնի։ Դրա համար ուզում եմ խոսքս լավատեսական նոտայով ավարտել եւ ասել, որ ես սիրում եմ այս քաղաքը, Երեւանը սիրո կարիք ունի, բոլորի հոգածության կարիքն ունի, այսօր երեւանցին խռովել է ու տեր չի կանգնում իր քաղաքին, ինչի համար ցավ եմ ապրում։ Պետք է ուժ գտնեն քաղաքային իշխանությունները` խռոված երեւանցուն նորից Երեւանի տերը դարձնեն։ Մի մարդու՝ տիրոջ կերպարով չի կարող հաղթանակ լինել, բոլորը պետք է տիրոջ զգացում ունենան քաղաքի, ջրի, հողի հանդեպ։ Գաղտնիքը սա է, ու թող Աստված միշտ բարի աչքով նայի իմ հրաշալի քաղաքին»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image