Հարցազրույց

«Հրապարակ». Բոլոր գունավոր հեղափոխությունները դեմ են եկեղեցուն

«Հրապարակ». Բոլոր գունավոր հեղափոխությունները դեմ են եկեղեցուն

«Հրապարակի» զրուցակիցը հրապարակախոս, հասարակական գործիչ Արծրուն Պեպանյանն է:

- Արդեն մի քանի ամիս է, ինչ գործող իշխանությունները Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ են սկսել, եթե վերջին մի քանի ամսում արշավը զրպարտության եւ չարախոսության մակարդակում է, ապա վերջին ամիսներին Փաշինյանը կոնկրետ գործողություններ է սկսել: Արդեն չորս սրբազան բանտարկված է, տասը եպիսկոպոս դուրս է եկել եկեղեցու դեմ, իսկ Փաշինյանն ամեն կիրակի եկեղեցու դեմ կոնկրետ գործողություններ է ձեռնարկում` խախտելով օրենքը: ՔՊ-ական միջոցառումներ է կազմակերպում` անունը դնում պատարագ: Ձեր կարծիքով` ի՞նչ է ուզում Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցուց:

- Դեռ 2019 թվականին ես մի հոդված էի գրել այն մասին, թե ինչու են գունավոր հեղափոխությունները պարտադիր կերպով մարտնչում եկեղեցիների դեմ: Դա ընդհանուր համաշխարհային տենդենց է: Երբ տեղի է ունենում գունավոր հեղափոխություն, դրան անմիջապես հաջորդում է եկեղեցու դեմ արշավը: Սկսած ֆրանսիական հեղափոխությունից, բոլշեւիկյան հեղափոխությունից մինչեւ Վրաստան, Հայաստան եւ այլն: Այն գաղափարները, որ ունեն գունավոր հեղափոխությունները, դեմ են եկեղեցուն: Եկեղեցին, այսպես ասած, խանգարում է նրանց: Եկեղեցին կրում է որոշակի արժեքներ` ընտանիք, հայ, հավատք, կրոն, ինչը գլոբալ ուժերին ձեռնտու չէ: Նրանց պետք է, որ բազմությունը նման արժեքներից հեռու լինի: Քանի որ Հայաստանում եղել է հեղափոխություն, այստեղ էլ պետք է արվեր այդ քայլը: Գլոբալ ուժերը, որոնք այժմ իշխանություն են հաստատել Հայաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, եկեղեցական արժեքներին դեմ են: Երբ նոր էին ցանկանում Էջմիածնի դեմ գրոհ սկսել, ես ասել եմ, որ այդ ակցիան Հայաստանում չեն մշակել, իշխանությունն այդքան խելք չունի, սա կոնկրետ քաղաքականություն է: Էջմիածնի վրա կոնկրետ ճակատային գրոհ են անում, քանի որ այն կարող է ժողովրդին համախմբել ինչ-որ մի պահ, ինչպես որ ես կարծում էի։ Այդ վտանգից ելնելով՝ դադար տվեցին, հետո այլ տակտիկայով սկսեցին մասնատել եկեղեցին: Իշխանությունը զուտ կատարող է եւ չի կարող չանել այն, ինչ հրահանգվում է դրսից: Նրանք ամեն գնով անելու են իրենց առջեւ դրված հրահանգը: Ոչ մի բանի առջեւ կանգ չեն առնելու:

- Հարեւան Վրաստանում Սահակաշվիլուն չհաջողվեց քանդել եկեղեցին: Տպավորություն է, որ այն, ինչ չի ստացվել անել հարեւան Վրաստանում` գունավոր հեղափոխության միջոցով, Հայաստանում հաջողվում է: Ի՞նչ եք կարծում` ո՞րն է պատճառը, որ նույն Վրաստանում իշխանափոխություն եղավ, եկեղեցին` Իլյա կաթողիկոսը ազատվեցին Սահակաշվիլու ճիրաններից, իսկ Հայաստանում` թունելի վերջում լույսը դեռ չի երեւում….

- Իսկապես, ժողովուրդների միջեւ տարբերություն կա: Մենք տարբեր անցյալ ենք ունեցել, ուստի մտածողությունները նույնպես տարբեր են: Ուզում եմ խորհենք Սերժ Սարգսյանի մի մտքի վրա: Երբ նրան Վրաստանի վերաբերյալ հարց ուղղեցին, նա ասաց` այնտեղ կար արտաքին ուժերի ոչ այնքան ակնհայտ ազդեցություն: Նա ասաց, որ Վրաստանում կան ուժեր, որոնք հակազդել են Սահակաշվիլու նպատակներին: Մեզանում եթե չլինի այդ երրորդ ուժը, որը կհակադրվի այն գլոբալ ուժերին, որոնց կատարողները գործող իշխանություններն են, ապա հայ ժողովրդի վիճակը շատ տխուր կլինի, հատկապես, եթե փաստենք, որ համակարգեր ստեղծելու առումով մենք երբեք էլ չենք փայլել:

- Հոգեւորականների մասին ի՞նչ կասեք: Փաստորեն, տասը եպիսկոպոս դավաճանեց եկեղեցուն:

- Եկեղեցու խորհրդականներից չեմ, ինձ չեն հրավիրում այդ հավաքներին, բայց ես մտածում եմ, որ պետք է խելացի մարդկանցով հավաքվենք եւ այս հարցերը քննարկենք, պլան մշակենք, որ եթե իշխանությունը գնաց առճակատման եւ արեց ամենավատ քայլերը, մենք ինչ կարող ենք անել: Պետք է եկեղեցին փրկել: Ի ուրախություն մեզ, այն մեկ վայրում չէ, որ գնան, մի շենք գրավեն, ու վերջ: Եկեղեցին ամբողջ աշխարհով մեկ սփռված է, եթե անգամ շատ էլ ցանկանան, եկեղեցին չեն կարող վերացնել, Հայաստանում կփակեն, օրինակ, Ռուսաստանը կարող է դառնալ կենտրոն կամ մեկ այլ երկիր: Ես ինչքանով որ հետեւում եմ մեր քաղաքական դաշտի քննարկումներին, ոչ մի համակարգ ստեղծող գաղափար չեմ լսում: Ամեն դեպքում, մի բան հստակ է` չենք կարող եկեղեցուն մենակ թողնել, չենք կարող ամեն ինչ բարդել հոգեւորականության վրա, մենք էլ մեր չափով պետք է աջակցենք գործընթացին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image