Մշակույթ

«Հրապարակ». Իշխանությունները գտել են իրենց սրտի դեկանին

«Հրապարակ». Իշխանությունները գտել են իրենց սրտի դեկանին

Հուլիսի 10-ին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, որը 2005 թվականից այս ֆակուլտետի դեկանն էր, անակնկալ կերպով ազատվեց աշխատանքից: Նրա պայմանագրի ժամկետը լրացել էր, եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որը շատ մտերիմ էր Ժամկոչյանի հետ եւ ինքն էլ մասնագիտությամբ աստվածաբան է, չերկարացրեց պայմանագիրը:

ԵՊՀ մեր աղբյուրն ասում է, որ համալսարանում բոլոր դեկանների պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է, սակայն իշխանության հանդեպ լոյալ դեկանների ժամկետն անաղմուկ երկարացնում են, իսկ նրանք, ովքեր ցանկալի չեն, հեռացվում են: Թեպետ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի պարագայում պատկերը փոքր-ինչ այլ է: Նա սերտ հարաբերություններ ունի ոչ միայն ռեկտորի, այլ նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի հետ: Ժամկոչյանը վերջին տարիներին որեւէ քննադատական խոսք չի ասել իշխանությունների մասին, ավելին` ըստ որոշ լուրերի, անգամ Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ է տվել` Եկեղեցու դեմ պայքարում, սակայն հունիսի 27-ին նա Մայր Աթոռի բակում էր, երբ ԱԱԾ-ն փորձում էր Միքայել Աջապահյանին բերման ենթարկել, իսկ հուլիսի 4-ին մասնակցում էր ի աջակցություն Սամվել Կարապետյանի ակցիային եւ մյուս հոգեւորականների հետ բարձրացել էր բեմահարթակ ու դրանից հետո հայտնվել իշխանությունների թիրախում:

Մայր բուհի մեր աղբյուրն ասում է, որ Ժամկոչյանին աշխատանքից ազատելուց հետո իշխանությունը, բառի բուն իմաստով, հարմար դեկան չի կարողանում գտնել: Աստվածաբանության ֆակուլտետում որեւէ դասախոս չի հավակնում դեկանի պաշտոնին, քանի որ գրեթե բոլորը մտերիմ են Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հետ եւ չեն ուզում նրա աթոռը զբաղեցնել: Աստվածաբանության ֆակուլտետը, ըստ էության, մայր բուհի ամենափոքր ֆակուլտետներից է, որտեղ դասախոսների թիվը մեծ չէ, ուստի այնպես է ստացվել, որ գրեթե բոլորը նախկին դեկանի հետ ջերմ հարաբերությունների մեջ են:

Մայր բուհի պաշտոնական կայքից դեռ օգոստոսին տեղեկացել էինք, որ որեւէ դիմում չեն ստացել` Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի թափուր մրցույթին մասնակցելու համար, ուստի չեղարկվել է գիտխորհրդի արտահերթ նիստը, որը պետք է դեկան ընտրեր. «ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համալրման նպատակով հայտարարված մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում (2025 թ. հուլիսի 11-25-ը) որեւէ հավակնորդ դիմում չի ներկայացրել: Ուստի՝ 2025-ի օգոստոսի 28-ին նշանակված ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստը չեղարկվում է»։

Մենք տեղեկացանք, որ թեպետ որեւէ մեկը չի առաջադրել իր թեկնածությունը եւ հայտ չի ներկայացրել դեկանի մրցույթին, սակայն իշխանությունը, որը խոշորացույցով է ընտրում պետական բուհերի դեկաններին, գտել է իր նախընտրելի թեկնածուին եւ ժամանակավոր պաշտոնակատար նշանակել: Խոսքը նույն ֆակուլտետի դասախոս Պարգեւ Բարսեղյանի մասին է, որը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ավարտել է Հայ բանասիրության ֆակուլտետը, սակայն ասպիրանտուրան ընդունվել է Կրոնագիտության ամբիոնում: Ինչպե՞ս ստացվեց, որ դարձաք ֆակուլտետի դեկանի ԺՊ, այդ դեպքում ինչո՞ւ չէիք առաջադրվել՝ մրցույթին մասնակցելու համար, առաջիկայում եթե մրցույթ հայտարարվի, կմասնակցե՞ք, թե՞ ոչ: Բարսեղյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դե, հիմա ի՞նչ հետաքրքիր է, թե ինչպես է եղել, եղել է, ի՞նչ ասեմ ես: Հարմար են գտել ինձ, որոշել են, որ ես հարմար թեկնածու եմ դեկանի համար, նշանակել են: Մրցույթ այս պահին չկա, եթե լինի, կմտածեմ»:

Ի դեպ, ԵՊՀ-ի կայքէջում նշված էր, որ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ԺՊ Բարսեղյանը փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, սակայն նա մեզ հետ զրույցում պնդեց, որ կրոնագետ է, թեպետ ավարտել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետը. «Փիլիսոփայական գիտություն, սակայն կրոնագիտություն մասնագիտությամբ, փիլիսոփայական գիտությունը լայն հասկացություն է, դրա մեջ ով ասես կարող է մտնել` հոգեբան, սոցիոլոգ եւ այլն»:

Նշենք, որ մայր բուհից տեղեկացանք՝ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի մրցույթը հայտարարվելու է վեց ամիս անց:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image