Հունվարի 27–ը սահմանվեց որպես Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր, այն կլինի ոչ աշխատանքային։ ՀՀ Ազգային ժողովն այսօր 69 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայյների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության առաջարկած նախագիծը, որի համահեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Օրինագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվել է, չկա հատուկ օր` նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակը հարգելուն և մեծարելուն։ Հետևաբար, մարդիկ զոհվածների հիշատակը հարգում են կամ տարբեր ռազմական իրադարձությունների նշման կամ հունվարի 28–ին՝ Բանակի օրը, որն ավելի շատ տոնական օր է, քան հիշատակի: Բայց շատերը մտածում են, որ այս իշխանությունները չարամտորեն, թե անգիտակցաբար փորձում են մեր հաղթանակի և տոնական օրերը դարձնել սգո օրեր: «Հրապարակը» զրուցել է 2022 թվականին Վերին Շորժայի դիրքերում զոհված Սերյոժա Ղազարյանի հոր` Սերժիկ Ղազարյանի հետ:
- Իշխանավորները` պատերազմից գրեթե վեց տարի անց որոշել են հարգել զոհերի հիշատակը, այդ կապակցությամբ ոչ աշխատանքային օր են սահմանել` հունվարի 27-ը: Ի՞նչ եք կարծում` Եռաբլուրում զոհվածի մորը ծեծի ենթարկողները, իրենց օրը խրախճանքների մեջ անցկացնողները կարո՞ղ են հարգել զոհերին….
- Իրականությունն այն է, որ պատերազմից շատ տարիներ են անցել: 44-օրյա պատերազմ, դրանից հետո` սեպտեմբերյան պատերազմ, շարունակ զոհեր: Քանի՞ տարի անցավ: Մինչև հիմա սգո օր չհայտարարեցին, եկավ ինչ-որ մի օր` ընտրություններից առաջ գցեցին-բռնեցին, որ կարող էին սգո օր հայտարարել: Մի անգամ լսե՞լ եք, որ խոսեն սեպտեմբերի 13-ի չարաբաստիկ պատերազմի մասին, որի ժամանակ էլ իմ որդին զոհվեց: Ես շատ զոհվածների ծնողների հետ կապ ունեմ, նրանք բոլորն էլ այդ կարծիքին են: Հիմա ուզում եմ մի բան հասկանալ` ի՞նչ է փոխվելու, եթե ռեստորաններում քեֆ-ուրախություն են անում ամբողջ օրը ու տժժում: Ի՞նչ կարող են այդ օրով փոխել: Ինձ պետք է, որ իմ երկիրը լավ վիճակում լինի, խաղաղ լինի: Ինչքա՞ն կարելի է մարդկանց աչքերին թոզ փչել:
- Բայց իշխանավորներն ասում են` Ադրբեջանի տարածքով բենզին, ցորեն ենք Հայաստան բերում: Արդյո՞ք դա խաղաղություն չէ:
- Ուզում է անգամ իրենց մամաներին տանեն Ադրբեջան ու պահեն, ինձ համար դա նշանակություն չի ունենա: Խաղաղության մասին խոսք անգամ չի կարող լինել: Ադրբեջանը մի քանի տարին մեկ պատերազմ է հայտարարում: Ինչո՞ւ Հայաստանում չկա արտադրանք, օրինակ` Վանաձորում թող կարի ֆաբրիկա ստեղծեն, ինչո՞ւ պետք է Թուրքիայից այդքան շատ շոր Հայաստան մտնի, կամ ցորենից են խոսում, անասունի համար նախատեսված ցորենը բերում են, իսկ մեր ցորենի դաշտերը նվիրում Ադրբեջանին: Հասարակության 80 տոկոսը ինձ նման է մտածում….
- Իշխանությունները Ձեզ նման մարդկանց ասում են` պատերազմ եք ուզում, այլ ոչ թե խաղաղություն:
- Եթե 44-օրյա պատերազմից հետո այս մարդիկ համարում են Արցախը Ադրբեջան, ապա կարո՞ղ են ասել` իմ երեխան զոհվել է Ջերմուկի, Ներքին և Վերին Շորժաների համար, ի՞նչ է նշանակում դա: Մտել են իմ տարածքում իմ որդուն սպանել են, դուրս են եկել, դա ճի՞շտ է: Ու սրա՞նք են խոսում խաղաղությունից: Չէ, սրանք մեզ անգրագետի տեղ են դրել, բայց ի տարբերություն իրենց` մենք և բարձրագույն կրթություն ենք ստացել և պատմություն ենք սովորել, այնպես որ թող ռադները քաշեն: