Մշակույթ

4 տարի է՝ պայքարում եմ․ ենթարկվել եմ ֆիզիկական բռնության, աշխատանքից զրկվել եմ, բայց չեմ հիասթափվել

4 տարի է՝ պայքարում եմ․ ենթարկվել եմ ֆիզիկական բռնության, աշխատանքից զրկվել եմ, բայց չեմ հիասթափվել

«Սրբազան պայքար» շարժման նոր փուլն ազդարարվեց օրեր առաջ Մարզահամերգային համալիրում կազմակերպված մեծ հավաքով, որի ընթացքում շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մասնավորապես հայտարարեց. «Մեր պայքարը նոր մոտեցումներով եւ նոր մեթոդաբանությամբ, քայլ առ քայլ հաղթանակներով պիտի հասնի սահմանված վերջնարդյունքին՝ զուգորդված քաղաքական լուծումների հնարավոր տարբերակներով»։ Ինչ վերաբերում է կոնկրետ անելիքներին, ապա. «Քննարկումների, վերլուծությունների, տարաբնույթ մեկնաբանությունների, հավակնությունների ժամանակը վաղուց սպառված է։ Եկել է բռունցքվելու եւ գործելու ժամանակը»։ Սրբազանն ընդգծեց, որ ակտիվ պայքարի շրջանը վերսկսում են հոկտեմբերի 2-ին, ժամը 18։30-ին՝ Հանրապետության հրապարակում: 

Բանաստեղծ Վահե Արսենը, որը ներկա է եղել հավաքին, իր տպավորությունները նախ մեկ բառով է բնութագրում` «մարտական», ապա նկատում, որ մարդկանց մոտ պայքարի նոր լիցքեր են առաջացել ու կուտակվել, որովհետեւ «ամեն օր, ամեն րոպե այս իշխանությունը ցույց է տալիս, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ հայությանը տանելու է կործանման: Սա հստակ երեւում է, ու այդ ամենը հասկանալու համար մեծ ինտելեկտ պետք չէ: Ընդամենը օրեր առաջ վարչապետը հայտարարեց, թե` ինչու մենք պետք է չտանք Սյունիքով այդ ճանապարհը, ու Թուրքիայի հետ այդ կապը չլինի, պատկերացնո՞ւմ եք` ոչ թե ասում է` ինչու պետք է լինի, այլ` ինչու պետք է չլինի։ Այսինքն՝ արդեն կայացած փաստի մասին է խոսում, ու եթե սրանք մնացին իշխանության, վաղը Սյունիքի հանձնումը ներկայացնելու են իբրեւ մեր հաղթանակը... էլ չի մնացել Օվերտոնի մի պատուհան, որ չբացվի..., բոլոր կարմիր գծերը` հնարավոր եւ անհնար, արդեն անցել են...: Ասում է` Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում մեր հաղթանակն է։ Սա մի՞թե տարօրինակ չէ, երբ Ադրբեջանն էլ է Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում համարում իր հաղթանակը, այսինքն` մեր ու Ադրբեջանի իշխանությունների հաղթանակը նույնն է...»: 

Վահե Արսենը հակադարձում է նաեւ այն մարդկանց, որոնք Սրբազան շարժումից կտրուկ քայլերի ու գործողությունների ակնկալիք ունեն։ «Ինչի՞ց են հիասթափվել, ի՞նչ են ուզում այդպես ասողները, որ միանգամից գնան գրոհե՞ն, այդպես լինո՞ւմ է...., ես չեմ հասկանում՝ մարդիկ ի՞նչ են ուզում: Կա քայլերի հաջորդականություն` շախմատային պարտիայի տրամաբանությամբ, հնարավոր է միանգամից մատ հայտարարել, եթե, իհարկե, դիմացդ երեխա է, բայց դիմացդ ուղեղային կենտրոններ են, մեծ ուժեր, հեշտ չէ այդ դիմադրությունը հաղթահարել, դրա համար ե՛ւ ժամանակ է պետք, ե՛ւ ռեսուրսների ճիշտ կառավարում: Սա մի ամբողջ ստրատեգիական պրոցես, ընթացք պետք է լինի: 1-2 օրում դա չի լինի, ես արդեն 4 տարի է՝ պայքարում եմ եւ այս ընթացքում ենթարկվել եմ ֆիզիկական բռնության, աշխատանքից զրկվել եմ, ամեն ինչի միջով անցել եմ, բայց չեմ հիասթափվել: Մինչդեռ, մի քանի օր հանրահավաքների գալով, ուզում են ի՞նչ անեն։ Այդպիսի մարդիկ պետք է ուղղակի չմասնակցեն շարժումներին, որովհետեւ սա քաղաքական պրոցես է, եթե քաղաքական պրոցեսն արագ եղավ, ուրեմն կդառնա տեռորիստական ինչ-որ գործողություն, իսկ այդպիսի բան բնավ ծրագրված չէ, Սրբազան պայքարի հիմքում չկա որեւէ բան, որը կարող է պետության հիմքերը խարխլել կամ միջազգային ասպարեզում հեղինակազրկել, եւ դա հենց այն մասին է հուշում, որ շարժումը ճիշտ ճանապարհով է գնում»,- ընդգծում է Վահե Արսենն ու հոկտեմբերի 2-ին ընդառաջ, բոլոր թերահավատներին խորհուրդ է տալիս՝ լսել Փաշինյանի ու նրա մերձավորների հայտարարությունները։ 

«Թող լսեն ու տեսնեն, թե ինչ են արել այդ մարդիկ 2018-ից հետո այս երկրի հետ` Արցախը կա՞, թե՞ չկա, կարմիր գծերը կա՞ն, թե՞ չկան, արագաչափերը կա՞ն, թե՞ չկան...., թող հասկանան՝ ինչ է կատարվել ու կատարվում այս ընթացքում, եւ արդյոք իրենք այդ տրամաբանությամբ լավ ապրելո՞ւ են: Ինձ թվում է` հնարավոր է լինելու լավ ապրել այսօրվա Հայստանում միայն մահից հետո, կյանքի օրոք լավ չեն ապրելու, ավելին` ընդհանրապես չեն ապրելու, ինչպես Արցախում այլեւս չեն ապրում: Թող իրենց ներսը նայեն ու տեսնեն, թե այդ ստերի, կորուստների շարանն ուր է տանում, միայն մի բան է ասվել ու արվել՝ այն է, որ Արցախի հարցը պետք է լուծվեր Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով: Եվ ամենասարսափելին արցախցիների հանդեպ այս ատելության գեներացիան է, որ տարվում է այսօր. իբր զենքը թողեցին եկան, չկռվեցին... ո՞նց չկռվեցին, որ ամենաշատն արցախցին է կռվել, միայն պաշտոնական՝ 4 հազար զոհից հազարն արցախցիներ են, այսինքն՝ 140 հազարանոց Արցախը տվել է հազար զոհ, իսկ 3 միլիոնանոց Հայաստանը` 3 հազար։ Միայն սա բավական է, որ բաղդադեք ու տեսնեք, թե քանի տոկոսն է կռվել ու զոհվել հանուն Արցախի»,- եզրափակում է Վահե Արսենը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image