Հասարակություն

«Հրապարակ»․ Ստուգում են հայկական կոնյակի որակը եւ հետ ուղարկում

«Հրապարակ»․ Ստուգում են հայկական կոնյակի որակը եւ հետ ուղարկում

Ռուսաստանը Հայաստանի համար էժան գազի, սեզոնային աշխատողների եւ նրանց ընտանիքների եկամտի աղբյուր է, մեր առեւտրաշրջանառության զգալի մասի՝ տարբեր գնահատականներով, 35-40 տոկոսն ապահովող երկիրը (իսկ պատժամիջոցները շրջանցող գործարքներով հանդերձ՝ մոտ 60 տոկոսի), նաեւ՝ հայկական գյուղատնտեսական ապրանքների զգալի մասի շուկան:

Չկա մեկը Հայաստանում, որ չհասկանա այս պարզ իրողությունը։ Դա հասկանում է նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Սրանով են, թերեւս, բացատրվում մոսկովյան այցից հետո նրա հաճախակի դարձած հանդիպումները գործարարների հետ։ Արդեն գրել էինք, որ օրերս վարչապետ Փաշինյանն «աշխատանքային նախաճաշի» է հրավիրել Հայաստանի խոշոր գործատուներին, որի նպատակը Ռուսաստանի հետ աշխատող հայ գործարարներին հանգստացնելն է եղել: Ըստ «Հրապարակի» աղբյուրների, հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ շուտով կկարգավորվի, եւ Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարները նրանց առաջ այլընտրանքային շուկաներ կբացեն` ոչինչ, որ ռուսական շուկայից զրկվեք, բայց գործարարները դժգոհ են դուրս եկել հանդիպումից։

Այսօր արդեն նոր տեղեկություն ենք ստացել: «Հրապարակի» աղբյուրը հաղորդում է, որ արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ ռուսները սահմանին թանկարժեք սարքավորում են տեղադրել` մոտ 10-12 հազար դոլար արժողության, որով ստուգում են հայկական կոնյակի որակը եւ զանգվածաբար հետ ուղարկում: «Շիշ առ շիշ ստուգում են: Շիշը հանում են, նայում, եւ եթե խաղողի սպիրտը 80 տոկոսից պակաս է, չեն թողնում, որ մտցնեն Ռուսաստան»,- ասում է բիզնես շրջանակի մեր տեղեկացված աղբյուրը: Ըստ դրա, կոնյակի մեծ մասը, բացի Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքից, չի բավարարում այդ չափանիշներին: Իհարկե, Ռուսաստանում սրա անունը սանկցիա կամ պատժամիջոց չեն դնում, այլ՝ ֆիտոսանիտարական եւ մաքսային հսկողության խստացում, որը կապում են այն կասկածների հետ, թե Հայաստանն իր շուկան բացել է ԵՄ ապրանքների առաջ եւ թաքուն այլ երկրների ապրանք է ներկրում Ռուսաստան` առանց մաքսային վճարումներ անելու: Հասկանալի է, որ ստուգումները քաղաքական հենք ունեն եւ խստացել են Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո, որը ցրել է ՌԴ նախագահի վերջին կասկածները՝ Հայաստանի պրոեվրոպական կողմնորոշման հարցում:

Ի դեպ, այս սանկցիաներից տուժելու են նաեւ ռուսաստանցի գործարարները: Մաքսատունը բարձրացրել է «ոչ բարեկամական» երկրներում արտադրված ապրանքների մաքսատուրքը, որոնց թվում են սննդամթերքը, ալկոհոլը, հագուստը, կոսմետիկ միջոցները: Մոսկվայի մարզի ձեռներեցության զարգացման կենտրոնի տվյալներով, ֆրանսիական շրթներկի համար բազային մաքսատուրքը, օրինակ, 6,5 տոկոսից աճել է մինչեւ 35 տոկոս, իսկ ֆրանսիական օծանելիքի համար տուրքն ավելացել է 20 տոկոսով: ՌԴ պետական մարմինները հայտնել են, որ բարձր դրույքաչափերը գործելու են մինչեւ 2027-ի վերջը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image