ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունն անընդհատ զարմացնում է մարդուն՝ այդ թվում թե՛ դրականը, թե՛ առնվազն կասկածելին: Դրականի մասին շատ է ասվել, նաև տողերիս հեղինակի կողմից: Բացասականի առումով թե՛ իր երկրի և թե՛, ասենք, մեր առումով, ոչինչ ասել չեմ կարող (համարյա ողջ աշխարհի հետ մաքսատուրքային պատերազմն այլ խնդիր է): Երևի միայն Ուկրաինայի առումով է որոշակիորեն բացասական՝ երբ այդ երկրի նախագահ Զելենսկուն ստիպում է պայմանագիր ստորագրել ռազմավարական ենթակառուցվածքների և ընդերքի կառավարումն ու ըստ այդմ՝ հասույթի մեծ մասը Միացյալ Նահանգներին հանձնելու մասին: Որպես իր նախարդի կողմից Ուկրաինային հատկացված ռազմական ու ֆինանսական օգնության փոխհատուցում: Դրա փոխարեն անձամբ Զելենսկուն ոչինչ չառաջարկելով, իսկ տարածքների, որտեղ գործելու են ամերիկյան մասնագետները, առումով անվտանգության ապահովում: Զելենսկին, իհարկե, դա բավարար անվտանգություն չի համարում Ուկրաինայի առումով, բայց վերջինս ընդամենը խորամանկում է. դա բավարար անվտանգություն է իր երկրի, բայց ոչ իր համար: Չնայած դժվար է ժամանակին ռուսախոս հրեային ուկրաինացի համարելը միայն այն բանի հիման վրա, որ նա ծնվել է Խորհրդային Միության այն տարածքում, որ հետո ձևակերպվել է որպես Ուկրաինա:
Ինչևէ, անցնենք ԱՄՆ 47-րդ (նաև 45-րդ) նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությանը: Պարզվում է, որ այս օրերին վերջինիս կողմից արվածը լավ մոռացված հինն է, ընդ որում, իր համակուսակից, ԱՄՆ 40-րդ (1981-1989 թթ.) նախագահ Ռոնալդ Ռեյգանից և ԱՄՆ 42-րդ (1993-2001 թթ.) նախագահ Բիլ Քլինթոնից (դեմոկրատ) փոխառնված: Ռոնալդ Ռեյգանը նախաձեռնել էր խորհրդային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից տիեզերական պաշտպանության գաղափարը: Ինչն այսօր փորձում է կյանքի կոչել Թրամփը (խորհրդայինը փոխարինելով ռուսականով): Ինչպես նաև առաջ էր քաշել «MEGA» («Ամերիկան կրկին դարձնենք մեծ») կարգախոսը: Այդ կարգախոսն առկա էր նաև 2016-ի նախագահական ընտրություններին: Իսկ «DOGE»-ի (Կառավարության արդյունավետության դեպարտամենտը՝ միլիարդատեր գործարար Իլոն Մասկի գլխավորությամբ) գաղափարը, որքան էլ զարմանալի թվա, կրկնօրինակվել է դեմոկրատ Բիլ Քլինթոնից: Զարմանալի, քանի որ Թրամփի նախորդ, դեմոկրատ Ջո Բայդենի օրոք ԱՄՆ դաշնային բյուրոկրատական ապարատը բավական լուրջ աճ էր գրանցել: Ինչևէ, նախագահ ընտրվելուց ընդամենը երկու ամիս անց ԱՄՆ 42-րդ նախագահը հայտարարել էր Կառավարության արդյունավետության ազգային խորհուրդ (այս օրերի «DOGE»-ի նախատիպը) ստեղծելու մասին:
Խորհրդի նպատակն էր «Դաշնային կառավարությունը դարձնել ավելի քիչ ծախսատար և ավելի արդյունավետ, ինչպես նաև փոխել մեր ազգային բյուրոկրատիայի մշակույթը»: 1993 թվականի հունվարից մինչև 2000 թվականի սեպտեմբերը ԱՄՆ-ում աշխատանքից ազատվել է 426200 դաշնային աշխատակից։ Ընդ որում, աշխատանքից կամովի ազատվող պաշտոնյաներին, ըստ հատուկ դրա համար ընդունված օրենքի, վճարվել է մարդա (Սիմոնյան Ալենի բառապաշարով) 25 հազար դոլար: Արդյունքում, 1998 թ.-ի սեպտեմբերի 30-ին հայտարարվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսվող ֆինանսական տարին փակվելու է դաշնային բյուջեի՝ 70 միլիարդ դոլարի հասնող հավելուրդով: Եվ այդպես էլ ստացվեց՝ 1998-2001 թթ.-ին դաշնային բյուջեները կյանքի էին կոչվում այս կամ այն չափի հավելուրդով, ինչը չէր կատարվել շուրջ երեսուն տարի: Սակայն 2002 թվականին ինչ-որ բան այնպես չգնաց, ու տարեկան բյուջեների ընդունումը վերադարձավ նախնական իրավիճակին՝ պակասուրդով ընդունվելուն: Ինչը շարունակվում է մինչև օրս, ու Դոնալդ Թրամփն էլ փորձում է ազատվել այդ երևույթից՝ հույս ունենալով դաշնային բյուջեի ծախսերը կրճատել տարեկան 2 տրիլիոն դոլարով: Բայց դրա իրականացման ճանապարհին բախվում է ամերիկյան անկախ դատական համակարգի առաջ բերած խոչընդոտներին: