Իրանի վրա Իսրայելի ավիահարվածների սկզբից ի վեր օրական մի քանի ժամ նվիրում եմ դրա վերաբերյալ նորություններին ծանոթանալուն: Հիմնական աղբյուրը, ինչպես եւ ուկրաինական պատերազմի դեպքում է, ռուսախոս տելեգրամյան ալիքներն են: Անցյալ շաբաթավերջից դրանք համարյա թե կրկնակի ավելացան, ինչը նշանակում է, որ այդքան էլ ավելացավ դրանց նյութերը կարդալու վրա ծախսված ժամանակը: Չգիտեմ՝ նո՞ւյնն է, թե՞ ոչ՝ Հայաստանի անվտանգության պատասխանատու կառույցների ղեկավարների առումով: Դրա հարցով առկա է մեկ անուղղակի ցուցանիշ. կաթողիկոսի հասցեին վարչապետի աթոռից կառչած անձի ֆեյսբուքյան գրառումների, ենթադրաբար, ժամանակավոր դադարեցումը: Առաջին միտքս այն էր, որ վերջինս մինչեւ վերջ չի կորցրել Աստծո կողմից մարդկանց նվեր տրվող ադեկվատությունը: Ու փառք տվեցի Աստծուն, որ, թեկուզ նվազագույնի սահմաններում, պահպանել է վերջինիս առողջ դատողությունը:
Բայց անմիջապես սկսեցի կասկածել, թե որքանով է ճշմարիտ այդ միտքը: Ինչո՞ւ բոլոր մյուս դեպքերում առաջին պլան է մղվում գժականը՝ համապատասխան բացասական հետեւանքներով, իսկ այս դեպքում բացառություն է տեղի ունենում: Եվ, ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ «… փնտրեցեք եւ կգտնեք…», ես եւս գտա պատասխանը: Դա այն է, որ երբեմնի «դուխով» Նիկոլը վախեցած է, շատ է վախեցած: Ու այդ պատճառով էլ դադարեցրել է հոգեբանական ճնշումները եկեղեցու վրա: Ու միաժամանակ մտածել է, որ վաղը, մյուս օրը կարող է այնպես պատահել, որ ստիպված լինի դիմել եկեղեցու օգնությանը: Ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի սկզբին: Չնայած, որքան հիշում եմ, դա արվեց անուղղակիորեն: Բացի դրանից, կա մեկ այլ, բայց արդեն նման պատմական հանգամանք: Հայրենական մեծ պատերազմի երրորդ օրը հրապարակվում է բանաստեղծ Վ. Լեբեդեւ-Կումաչի Священная война (Սուրբ պատերազմ) բանաստեղծությունը, ինչն անմիջապես երգի է վերածում կոմպոզիտոր Ալ. Ալեքսանդրովը: Իսկ կրոնական «սուրբ» բառը մինչ այդ, Լենին-Ստալին զույգի օրոք համարյա թե օրենքից դուրս էր հայտարարված:
Ենթադրաբար, դրա ազդեցության ներքո, ինչպես նաեւ կողքից խորհուրդներին անսալով՝ ինչ-որ պահից Իոսիֆ Ստալինը թուլացրեց եկեղեցականների նկատմամբ ճնշումները: Ենթադրում եմ, որ ասվածը ծանոթ է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին, ու ինքն էլ, բնականաբար, ստիպված է եղել՝ թեկուզ ժամանակավորապես, թուլացնել հակաեկեղեցական արշավը: Բայց դա չի խոսում հայրենիքի ճակատագրի վերաբերյալ մտահոգության մասին: Խոսում է ընդամենը սեփական պաշտոնը պահպանելու հարցում ադեկվատության մասին: Իսկ այն, ինչպես հայտնի է, վերջինիս մեջ առկա է ավելի քան 100 տոկոսով:
Մեկ-երկու խոսք էլ իսրայելական ագրեսիայի առումով արեւմտյան երկրների վերաբերմունքի մասին: Ի տարբերություն ռուս-ուկրաինական պատերազմի, որում անմիջապես ագրեսոր հռչակվեց հարձակվող կողմը, տվյալ դեպքում դա տեղի չունեցավ: Ավելին, ԱՄՆ-ի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից անմիջապես հայտարարվեց, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանվելու իրավունք, ինչը նշանակում է, որ Իրանի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածներն ինքնապաշտպանության դրսեւորում էին, իսկ ռուսական նմանատիպ գործողությունները՝ ագրեսիա: Սա այն է, ինչ պետք է իմանա շարքային հայաստանցին: Դա կարեւոր է հատկապես մեզ համար, քանի որ Սյունիքի անվտանգությունն անմիջապես կախված է Իրանի դիրքորոշումից եւ այն դրսեւորելու կարողությունից, այն, ինչ տեղի է ունեցել մինչեւ այժմ: Իսկ եթե Իրանը պարտություն կրի, ապա Իրանի ձայնն արդեն արժեք չի ունենա, ու մենք պետք է Աստծուն աղոթենք, որպեսզի նա չթույլատրի Իլհամին՝ հատել Սյունիքի (նաեւ՝ Վայոց Ձորի) սահմանային գիծը: Իսկ ինչո՞ւ Աստծուց: Որովհետեւ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն իր հակառուսական քաղաքականությամբ համարյա զրոյացրել է Հայաստանի անվտանգության ապահովման առումով ռուսական գործոնի նշանակությունը: Իսկ եվրոպական երկրները, ասենք՝ նույն Ֆրանսիան, կդատապարտեն Ադրբեջանի ագրեսիան ու դրանով իրենց բավարարված զգալով՝ հանգիստ կշարունակեն իրենց կյանքը: Ճիշտ այնպես, ինչպես 2020-ի պատերազմի եւ 2023-ի Արցախի հայաթափման դեպքերում: Վարչապետ կոչված անձն էլ կհայտարարի, որ պետք է հանձնել Սյունիքի (նաեւ՝ Վայոց Ձորի) մարզերը, որպեսզի պահպանվեն «իրական» Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը, ինչն ինչ-որ ժամանակ անց, ըստ Նիկոլի, «շատ ավելի կուժեղանա» այդ տարածքները թշնամուն հանձնելուց հետո: