Հասարակություն

Ոչ մի Ռիո դե Ժանեյրո էլ չկա...

Ոչ մի Ռիո դե Ժանեյրո էլ չկա...

Այսօր քանի՞ ապահովագրական ընկերություն է աշխատում Հայաստանում: Թիվն ո՞վ գիտի: Արմենիա, Նաիրի, ԻՆԳՈ, Ռոսգոսստրախ, ՍԻԼ… Հազիվ երկու միլիոն ենք, եւ մեկ տասնյակից ավելի ինշուրանս: Երեւի մեր մեկ շնչին ընկնող ինշուրանսների թվով էլ հենց որոշում են, որ Հայաստանն աշխարհի ամենաապահով ու ամենաերջանիկ երկիրն է: Նիկոլն էլ ի՞նչ դարդ ունի, հեծանիվ կքշի, բա ի՞նչ կանի: Ինշուրանսների փողը մենք ենք տալիս, ինքն ու իր կնոջ ֆոնդը կապ չունեն, ոչ էլ իր «տուֆտա» կառավարությունը: Մենք մեր փողով մեզ ապահովագրում ենք, մեր փողով մեր խնդիրները լուծում, մինչդեռ Նիկոլն ու իր ընտանիքը պետական հոգածության առարկա են:

Այս իմաստով Նիկոլին հավասարեցված մի քանի պաշտոնյա էլ կա Հայաստանում, որոնք, ի դեպ, պատասխանատու են մեր առողջության, ապահովության եւ երջանկության համար: Բայց նրանց, շատ ներողություն, տանձին էլ չէ, թե ինչ է կատարվում Պողոսների ապահովագրության ոլորտում: Կարող է ասեք՝ Նիկոլն ահավոր ներվայնանում է, երբ իմանում է, որ մի Պողոսը հայտնվել է իր ինշուրանսի սարդոստայնում ու անիմաստ մաքառում է բժշկի երես տեսնելու համար: Այդպիսի բան չկա, ի՞նչ ներվայնանալ: Երբ Նիկոլի հետույքը հարվում է հեծանիվի թամբին, Ավանեսյան Անոն ինքն է վազեվազ գալիս, թե` քոռանամ ես, հլա շորտիկդ իջեցրու՝ տեսնեմ… Պողոսը կարո՞ղ է նման բան երազել: Կատա՞կ եք անում: Պողոսն ո՞վ է, որ հա՛մ փողը տա, հա՛մ էլ կարողանա բժշկի դիմել: Պողոսը նախ պետք է հավաքի իր ինշուրանսի համարը, նրան մի քանի անգամ պետք է ասեն, որ ազատ օպերատոր չկա… Հետո պետք է մուզիկա միացնեն ու Պողոսին այնքան պահեն գծի մեջ, որ Պողոսը նադայել լինի, գծից դուրս գա ու նորից զանգի: Իսկ երբ դանակը հասնում է Պողոսի ոսկորին, նրա մեջ բնական ցանկություն է առաջանում հայհոյելու… Ու հենց այդ պահին «ավտոատվետչիկը» Պողոսին ասում է՝ հանկարծ չփորձես, քո զանգը ձայնագրվում է…

Բայց մեր Պողոսը հեշտ հանձնվողներից չէ: Նա վեր է կենում ու իր ցավի հետ գնում ուղիղ բժշկական կենտրոն: Նա գիտի, որ ինքն աշխարհի ամենաապահով ու ամենաերջանիկ երկրի հպարտ քաղաքացին է: ԲԿ-ի մուտքի մոտ քայլերն արագացնում է՝ ցավն անտանելի է դառնում: Մի քիչ էլ դիմացիր, Պողոս ջան, հասար, հա… Ընդունարանում նրանից հետաքրքրվում են՝ ապահովագրություն ունե՞ս: Ունեմ: Ուրեմն պիտի բարձրանաս երկրորդ հարկ, որտեղ ինշուրանսի աղջիկներն են նստում: Նրանք կկապվեն քո ապահովագրական ընկերության հետ, վճարումների հարցը կլուծեն ու քեզ կուղարկեն բժշկի մոտ: Վերելակի մոտ հերթ է: Աստիճանների բազրիքից բռնելով՝ Պողոսը մի կերպ հասնում է երկրորդ հարկ: Ցավը չի թուլանում: Հենց միջանցքում մի ընդարձակ «ֆոյե» կա՝ ապակիների հետեւում նստած լիքը աղջիկ:
- Ինշուրանսի աղջիկները դո՞ւք եք,- հարցնում է Պողոսը:
Ձայն չկա: Պողոսը կրկնում է հարցը:
- Մենք ենք, Պողոս պապի, բայց զբաղված ենք: Մի 10 րոպե ֆռֆռա, մինչեւ ազատվենք,- ասում է աղջիկներից մեկն ու «խորանում» իր գործերի մեջ:
Ցավը սաստկանում է, ուր որ է՝ «պրիստուպ» կտա… Պողոսը, տեսնելով, որ իրեն ձայնագրող չկա, մտքում թունդ հայհոյում է անորոշ ուղղությամբ: Մի հինգ րոպեից աղջիկներից մեկը կանչում է Պողոսին.
- Համեցեք, նստեք, ի՞նչ խնդիր ունեք…
- Լավ չեմ, աղջիկ ջան, այսպես ու այսպես…
- Այստեղ գալուց առաջ ձեր ապահովագրական ընկերության հետ կապվե՞լ եք:
- Չէ, ազատ օպերատոր չկար:

Աղջիկը փորձում է կապ հաստատել Պողոսի ինշուրանսի հետ: Մի քանի անհաջող փորձից հետո նրան վերջապես հաջողվում է բռնացնել օպերատորին, սկսում է պատմել՝ գիտե՞ք, ձեր հաճախորդ Պողոսը մեզ մոտ է, ցավեր ունի փորի շրջանում: Չէ, ի՞նչ հղի, ասում եմ՝ Պողոսը, չե՞ք լսում, Պո-ղո-սը… Ինշուրանսից հետաքրքրվում են՝ բժշկի ցուցումը կա՞:
- Մենք դա կկազմակերպենք, եթե դուք ասեք՝ Պողոսն ինչքան փող ունի ձեզ մոտ եւ ինչպիսի ծառայություններ կարող է ստանալ,- ասում է աղջիկն ու կրկին դիմում Պողոսին։- Դուք այն բազմոցին նստեք, մինչեւ պատասխանեն, լա՞վ:
Ժամանակն անցնում է: Բազմոցի վրա արդեն մի ժամ ցավից գալարվող Պողոսն այլեւս չի դիմանում: Մոտենում է նույն աղջկան.
- Հը՞…
- Դեռ չեն պատասխանել, եթե շտապում եք, ինքներդ զանգահարեք ձեր ապահովագրությանն ու խնդրեք արագացնել:

Պողոսը հավաքում է համարը… Կներեք, այս պահին մեր բոլոր օպերատորներն զբաղված են, ծառայությունների որակը բարելավելու նպատակով ձեր զանգը կարող է ձայնագրվել, մնացեք կապի մեջ, մուզիկա լսեք, մինչեւ օպերատորներն ազատվեն… Պողոսը, հեռախոսն ականջին, քայլում է դեպի բազմոցը եւ գրեթե փլվում բազմոցին: Զգում է, որ ցավը նահանջում է: Նա պարզորոշ լսում է հեռախոսի միջից եկող Բախի երաժշտությունը: Ծարավ է զգում: Հայացքով փնտրում է ջրի ապարատը: Միջանցքի հեռավոր ծայրին է՝ փող մուծելու ապարատի կողքը: Ո՞վ է այնտեղ հասնողը… Հեռախոսը դեռ նվագում է ու մեկ-մեկ կրկնում՝ մնացեք կապի մեջ, մինչեւ… Պողոսը զարմանում է իր համբերության վրա: Անվրդով Բախ է լսում ու սպասում: Հանկարծ միջանցքը սկսում է պտտվել: Անցուդարձ անող մարդիկ վերածվում են տգեղ ու անճոռնի ստվերների, գույները խամրում են, Բախի երաժշտությանն ինչ-որ տագնապի ձայներ խառնվում… Ջուր հասցրեք, բժի՜շկ, սրսկեք մի հատ, քույր չկա՞…

Կարճ ժամանակ անց ամեն ինչ հանդարտվում է: Միջանցքում անցուդարձը վերականգնվում է, ինշուրանսի աղջիկներն անցնում են իրենց գործին… Նրանցից մեկի հեռախոսին զանգ է գալիս:
- Այո, լսում եմ… Այո… Այո… Ուղարկել ենք… Ոչ… Ոչ… Ո՛չ ուրոլոգի, ո՛չ էնդոկրինոլոգի, ո՛չ էլ թերապեւտի… Մորգոլոգի մոտ ենք ուղարկել ձեր Պողոսին, մորգ` մեռավ Պողոսը, հասկանո՞ւմ եք, մե-ռավ:

Այսպես են աշխատում աշխարհի ամենաապահով եւ ամենաերջանիկ երկրի՝ Հայաստանի ապահովագրական ընկերությունները: Եվ որքան էլ տարօրինակ է, դա այլեւս զարմանալի չէ: Բոլորը չէ, որ Պողոսի նման անվճար ընկնում են մորգ, բայց բոլորի «ըստեղն» է հասնում, մինչեւ ապահովագրական ընկերությունները համաձայնում են փոխհատուցել բժշկական հետազոտություններն ու բուժման ծախսերը: Կարդում ես քաղաքացիների հետ նրանց կնքած պայմանագրերը՝ քեֆդ գալիս է: Բա մարդ մի լավ չհիվանդանա՞, որ օգտվի այդ բարիքներից… Փչոց է, ամեն ինչ, մանիպուլյացիա, խաբեություն, նիկոլություն՝ բառիս բուն իմաստով: Դեղն ի՞նչ է՝ դեղի փողն էլ են խնայում հիվանդին: Ասում են՝ դու քո գրպանից դեղն առ, կտրոնը «վայբերով» մեզ ուղարկիր, մենք կփոխհատուցենք: Ու սկսվում է՝ անձնագրիդ քսերոքսն ուղարկիր, սոցքարտիդ քսերոքսն ուղարկիր, ապահովագրությանդ քարտի քսերոքսն ուղարկիր, բանկային հաշվիդ համարն ուղարկիր… Փողն էլ փող լինի՝ 15 հազարի համար այսքան բան են ուզում, դեռ չհաշված, որ դա էլ ժամանակին չեն փոխանցում եւ ամեն զանգի հետ նյարդերդ ուտում են՝ ազատ օպերատոր չկա, մնա կապի մեջ, քեզ համար մուզիկա լսիր ու հանկարծ չհայհոյես, որովհետեւ քեզ ձայնագրում են:

Քանի՞ ինշուրանս կա Հայաստանում: Հաշվե՞լ եք: Ինչպիսի՜ բազմազանություն, ինչպիսի՜ դիվերսիֆիկացիա…
Դե իսկ Պողոսին՝ ողորմի: Գնաց, հոգին ազատեց այս ամենից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image