Երկիրն էլ շնչավոր է, կասեի՝ բազմաշունչ։ Նա էլ կարող է հիվանդանալ, կոմայի մեջ ընկնել, վերակենդանացման բաժնում հայտնվել։ Կասեի՝ Հայաստանն այսօր այդ վիճակում է՝ ծանր ու որոշման սպասող։ Մեր բժիշկները՝ քաղաքագետները, մտահոգվողները՝ երեխաները, հարազատներն են։ Ծանր ու անփոխարինելի հիվանդով անհանգստացած են բոլորը ու չգիտեն՝ ինչ անեն, որ ճիշտ լինի։ Շատ բժիշկների են դիմում, կոնսիլիում են հրավիրում, բոլորը միաբերան ասում են՝ փրկության միակ ելքը ուռուցքի հեռացումն է։ Դժվար գործընթաց է սպասվում, բայց պիտի անհապաղ սկսել։
Նման պարագայում պատկերացնու՞մ եք, որ երեխաները, հարազատները սկսեն հակաճառեն՝ չէ, ուռուցքը պիտի պահել։ Այսօր քաղաքական դաշտում այս վիճակն է։ Շատերն ասում են՝ չէ՜, ուռուցքը կարող է հետ նահանջել, ուռուցքը կարող է իր բնույթը փոխել․․․ Հիվանդը, կոնկրետ դեպքում մեր երկիրը, վերակենդանացման բաժնում, ժամանակ ենք կորցնում՝ «իրար ուտելու համար»։ Բժիշկը դուրս է գալիս ու ասում՝ արագ որոշեք, ժամերն անգամ նշանակություն ունեն։ Միակ ելքը ուռուցքի հեռացումն է։ Քաղաքական դաշտում արագ համախմբում է պետք դրա շուրջ, խաղաղություն կոչվող պայմանագրերի վերծանումը ժամանակի զուտ կորուստ է։ 8 տարի կա այդ գոյացությունը և անընդհատ ծանրանում է հիվանդի վիճակը։ Քննարկումները թողեք ու զուտ գործնական քայլի անցեք։ Բժիշկն ասում է, որ միակ ելքը ուռուցքի հեռացումն է։