Այսօր համացանցով մեկ դաժան կադրեր էին տարածվում, թե ինչպես է երեխան տանջամահ անում վանդակում փակված կատվին, իսկ տղամարդը կողքից քաջալերում փոքրիկին։ Տեսարանն այնքան դաժան է, որ հնարավոր չի դիտել։ Շատ արագ պարզվեց խոշտանգումը կազմակերպող տղամարդու ինքնությունը։ Նա Ավշար համայնքի բնակիչ Մարզպետ Ռազմիկի Գրիգորյանն է։ Նա փոքրիկ կատվիկի կտտանքը կազմակերպել է այն բանից հետո, երբ վերջինս գողացել է իր աղունիկին։
Տեսանյութը նկարահանվել է օգոստոսին։ Կենդանին, մեր տեղեկություներով անկել է։ «Հրապարակի» հետ զրույցում Ավշարի վարչական ղեկավար Արգամ Զաքարյանը հայտնեց, որ Մարզպետ Գրիգորյանը հրավիրվել է ոստիկանություն։ «Ես չեմ զրուցել իր հետ, արդեն իրավապահ մարմինները նրան բերման են ենթարկել։ Ես չեմ տեսել տեսանյութը, չեմ էլ պատրաստվում նայել։ Գիտեմ, որ աղունիկ է պահում, աղունիկ տանելու համար է արել, բայց շատ վատ բան է արել։ Մարզպետը եւս գտնվում էր ոստիկանությունում», – ասաց վարչական ղեկավարը, խոստանալով, որ կզրուցի բնակչի հետ։ Իսկ մինչ այդ իրավապաշտպան Մարինա Պողոսյանը և Hrant's Ark հիմնադրամի նախագահ Հրանտ Դավոյանը, «Դինգո» ՀԿ–համակարգող Գոհար Մանուշյանը ասուլիս էին հրավիրել, որի ժամանակ դատապարտող հայտարարություններ արեցին, կոչ անելով իրավապահ մարմիններին․
«Սա ոչ միայն կենդանու նկատմամբ է դաժան վերաբերմունք, այլև հանրության նկատմամբ, որովհետև այսօր առավոտից բոլոր նորմալ մարդիկ, ովքեր այդ եթերը տեսել են, բոլորը դողացնում են։ Ես համամիտ կլինեի, որ Հայաստանում օրենքի գերակայություն է, եթե այդ օրենքը գործեր։ Հայաստանը Նյու Յորքը չի, Լաս Վեգասը չի, Տոկիոն չի, էսքան փոքր Ավշար է։ Բա տեղի ոստիկանությունը չգիտի տեղի ստահակներին ու մարդասպաններին։ Նա նույնպես դաժան վերաբերմունք կարող է ցույց տա եւ երեխայի, եւ ծերի նկատմամբ, այսինքն՝ իրենից թույլի։ Այստեղ նաև այլ հանցակազմ կա, նա իր թոռանն է ստիպում, աճեցնում է իրեն հետևորդ մեկին, որը կարող է նույնը անել մանկապարտեզում, իրենից փոքի հանդեպ», – ասաց Մարինա Պողոսյանը։
Վաղը կենդանասերները գնալու են Ավշար, ազատազրկում պահանջելու հանցագործի նկատմամբ։ Վերջին շրջանում կտրուկ ավելացել են կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դեպքերը, սակայն որև մեկը մինչ օրս չի ենթարկվել պատասխանատվության, չհաշված մի դեպքից, երբ գամփռ շանը տանջելու համար դատարանը տուգանք սահմանեց։
Ավելի ուշ տեղեկացանք, որ Մարզպետ Գրիգորյանին ազատ են արձակել։