Նախորդ տարվա գարնանը կառավարությունը որոշում ընդունեց Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին եւ անմիջապես էլ բախվեց «Գոյ» թատրոնի դիմադրությանը, քանի որ «Գոյը» կառավարության որոշումը մի քանի ամիս է արդեն՝ վիճարկում է դատական կարգով։ Սակայն, չնայած վիճարկվող որոշմանը, այս տարվա հունվարի 30-ից թատրոնների միավորման փաստն այլեւս իրողություն է՝ արտացոլված Պետռեգիստրում։
Առաջիկա դատական նիստը, որը նախատեսված է սեպտեմբերի 19-ին, անդրադառնալու է կառավարության որոշումից բխող գործողությանը, ըստ որի՝ հունվարի 30-ից Պետռեգիստրում դադարեցվել է «Գոյի» գործունեությունը։ «Այս դեպքում պատասխանող կողմը ոչ թե կառավարությունն է, այլ` Պետռեգիստրը, որն ապօրինի «Գոյ» թատրոնի գործունեությունը դադարեցրել է, իսկ ապօրինությունն այն է, որ չի եղել ընդունում-հանձնում, այնտեղ կան բաց ստորագրություններ, առանց այդ ամեն ինչը հաշվի առնելու, Պետռեգիստրում գրանցվել է, որ «Գոյ» թատրոնն այլեւս պետք է չլինի»,- մեզ հետ զրույցում ասում է թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանն ու նկատում, որ հնարավոր է` այդ օրը որոշ փակագծեր բացեն, այդ թվում` նախարարության հետ ունեցած իրենց քննարկումներից: Ըստ նրա՝ դատարանի որոշումից է կախված նաեւ «Գոյի» կարգավիճակի հարցը:
«Քննարկումները դեռ ընթանում են, եւ ոչ մի հստակություն չկա՝ կարգավիճակի հետ կապված: Մի քիչ տեխնիկական խնդիրներ կան՝ տարածքի հետ կապված, դեռ չենք կարողանում վերջնական հայտարարի գալ թատրոնի տարածքի հարցում, որը լիարժեք չեն կարողանում մեզ տրամադրել: Իսկ մենք էլ ուզում ենք, որ այդ տարածքը լիարժեք լինի մերը»,- ասում է Ս. Արզումանյանն ու նկատում, որ ԿԳՄՍ նախարարությունից առաջարկել են տարածքը կիսել Սունդուկյան թատրոնի հետ, շաբաթվա ընթացքում ինչ-որ օրեր իրենցը կլինի, ինչ-որ օրեր էլ նրանք կզբաղեցնեն, բայց ընդհանուր հայտարարի դեռ չեն եկել:
«Գոյը» դեռ չի շտապում մասնավոր թատրոնի կարգավիճակով հանդես գալ, ինչպես նկատում է Ս. Արզումանյանը` դա մի քիչ լայն հասկացություն է. «Իրենք ասում են` մասնավոր դարձեք, ձեզ 3 տարի կաջակցենք, կտանք գումար, բայց հետո ի՞նչ է լինելու թատրոնի ճակատագիրը։ Բացի այդ, հարցը միայն գումարը չէ: Ստացվում է, որ, կոպիտ ասած, մեզ «կառնեն», 3 տարվա գումարը կտան, որ մենք լուռ մնանք... այսինքն՝ մասնավորի անվան տակ կատարվում է այլ բան..., սա է իրավիճակը, փորձենք հասկանալ՝ ընթացքն ուր է տանում»:
Ներկայացումների մասով, թատրոնն արդեն շուրջ կես տարի է՝ ստեղծագործական դադարի մեջ է, Արզումանյանն ասում է` ենթադրենք, ներկայացումները վերականգնեցին, բայց որտե՞ղ խաղան. «Կարող ենք այլ թատրոնում վարձակալել, խաղալ, բայց սկզբունքի հարց է, որ պետք է լինի մեզ մոտ: Հիմա մեր թատրոնը թողնենք, ո՞ւր գնանք խաղանք: Դա նման է նրան, որ մեր երկրում չապրենք, գնանք ուրիշ երկրում ապրենք ու ասենք․ կարեւորը՝ ապրում ենք, ի՞նչ տարբերություն՝ մե՞ր երկրում, թե՞ ուրիշ: Բայց մենք ունենք մեր տարածքը, ուրեմն ինչո՞ւ ոչ հենց այդտեղ»: