Վերլուծություն

Ես կաշառք չեմ ստացել, բայց դու, Նիկո՛լ, կաշառատու ես

Ես կաշառք չեմ ստացել, բայց դու, Նիկո՛լ, կաշառատու ես

Նիկոլն ասում է, որ իր «քվեները 100 տոկոսով օրգանիկ են, մյուսներինը՝ 100 տոկոս փողով»: Ես հայտարարում եմ, որ Նիկոլը հերթական անգամ սուտ է խոսում: Ես ձայն եմ տվել «Ուժեղ Հայաստան» դաշինքին, ու ինձ ոչ ոք փող չի տվել: Ընտրություններին այս կամ այն ուժին քվե տալու համար երբևէ ո՛չ փող եմ պահանջել ու ո՛չ էլ ինձ փող են առաջարկել՝ իմանալով, որ չեմ ընդունելու: Ընդհակառակը, ավելի քան մեկուկես տասնամյակ դիտորդություն եմ արել, որպեսզի մարդիկ խղճի կամոք ընտրություն կատարեն և ոչ թե փողով: Ուրիշ հարց՝ դա հաջողվել է, թե ոչ: Ի դեպ, 2021-ին ընտրել եմ «Հայաստան» դաշինքին: Որի ղեկավարին քեզ նման ընդդիմադիր եմ եղել հին, բարի ժամանակներում: Բարի, քանի որ Արցախ չէինք կորցրել, բազմահազար զոհեր չէինք ունեցել ու մեր արժանապատվությունն իր տեղում էր:

Բայց դու, Նիկո՛լ, հաստատ կաշառատու ես: Որովհետև տարվա սկզբին ասում էիր՝ մարդկանց թոշակները 10 հազարով բարձրացնենք՝ որ ի՞նչ անեն: Իսկ երբ հասկացար, որ թոշակառուները քեզ չեն ընտրելու՝ հենց այդքանով բարձրացրիր թոշակները: Միաժամանակ, օրենք խախտելով, քանի որ պետբուջեում նման ծախս նախատեսված չէր: Այսինքն, օրենք խախտեցիր, նախ, թոշակները բարձրացնելով: Դրանով թոշակառուներին կաշառելով՝ կատարեցիր կրկնակի հանցագործություն: Դրանով չբավարարվելով՝ երրորդ անգամ օրենք խախտեցիր՝ նախօրոք պետական բյուջեով չնախատեսված՝ առողջապահության ապահովագրություն մտցնելով ու 65+ տարիքի անձանց համար այն դարձնելով անվճար: Ու դա արեցիր կրկին ընտրություններին թոշակառուների ձայները ստանալու նպատակով: Ի՞նչ էր այդ ամենը՝ եթե ոչ թոշակառու ընտրողների ձայները պետական միջոցներով գնելու գործընթաց: Ու երբեմնի, քո ասելով, հպարտ քաղաքացիների մի մասին փողով ընտրության գնացող դարձնելով: Չնայած ընդդիմադիր կյանքում դրա դեմ կռիվ էիր տալիս:

Քեզ ձայն տալու համար թոշակառուների փող տալով՝ դու նրանց անուղղակի սովորեցրիր, որ եթե փողով իրենց ձայնն են վաճառում, ապա փողով կարելի է նաև հայրենիք վաճառել: Այնպես որ, քո քվեների ինչ-որ մասն իսկապես կարող են վերածվել «օրգանիկի», սակայն հայրենիք վաճառելու առումով: Ի դեպ, հայրենիքի պոտենցիալ վաճառողներ են նաև նրանք, ովքեր շրջանառում են մեկ պետության մեջ ադրբեջանցիների հետ կողք-կողքի ապրելու գաղափարը: Որովհետև դրանք այնքան անմեղսունակ չեն, որ չհասկանան, որ դրա վերջը լինելու է Հայաստանի կործանումը: Թեկուզ ո՛չ անմիջապես և ո՛չ ռազմական ճանապարհով, այլ խաղաղության անվան ներքո և 2-3 սերնդի ընթացքում: Իսկ դրանց թվում նաև այն քվեներն են, որ հունիսի 7-ին տրվել են քեզ, Նիկո՛լ: Հիմա ո՞ւմ քվեներն են իրապես բնական՝ նրանց, ում ձայն եմ տվել ես ու ինձ նմանները: Թե՞ քոնը, որ ստացել ես այն անձանցից, ովքեր հայրենիքի վրա թքած ունենալով՝ քո շնորհիվ վաղը պատրաստ կլինեն վաճառել այն:

Այս ընտրություններով դու, Նիկո՛լ, մխտռեցիր այն ամենը, հանուն ինչի պայքարել ես ընդդիմադիր տարիներիդ: Եվ եթե քո մեջ արժանապատվության նշույլ մնացած լիներ՝ դու կթողնեիր այդ անիծյալ պաշտոնը ու կհեռանայիր: Սակայն քանի որ այն բացակայում է՝ դու պատրաստ ես ատամներով պահել քո պաշտոնը՝ չգիտակցելով, որ դրանով երկիրը կործանման ես տանում: Ինչի հետևանքով կորցնելու ես նաև պաշտոնդ: Այդ վերջաբանից չեն փրկելու նաև «Բարգավաճ Հայաստան»-ի մանդատների առումով ԿԸՀ-ի միջոցով արվող հանցագործ գործողություններդ: Եվ վերջապես, ընդդիմությանը մեղադրելով պատերազմ հրահրելու մեջ՝ դու ինքդ ես ստանալու այն, քանի որ չես կարողանալու կատարել քո երբեմնի «կիրթ ու կառոցողական» գործընկերոջ պահանջները: Եվ այդ ամենի չեղարկման միակ տարբերակը քո հրաժարականը կլիներ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image