Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում գտնվող Հուշապատի վրա կավելանա եւս երկու անուն։ Այս մասին տեղեկացրել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը` նշելով, որ շուտով այս շարքին կավելանա Ռաֆայել Լեմկինի անունը, որը մեծ ներդրում է ունեցել ցեղասպանագիտության` որպես գիտական առանձին ճյուղի ձեւավորման եւ զարգացման գործում: Լեմկինին է վերապահվում ոչ միայն «ցեղասպանություն» եզրույթի ստեղծումը եւ մասնակցությունը 1948 թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի կազմման գործին, այլ նաեւ պատմության ընթացքում տեղի ունեցած տարբեր ցեղասպանությունների հիմնավոր ուսումնասիրությունը:
Հուշապատին տեղ կգտնի նաեւ ֆրանսիացի ադմիրալ Լուի դե Ֆյուրնեի անունը, որի գործողությունների շնորհիվ Մուսալեռան հերոսական ինքնապաշտպանության ժամանակ փրկվել է շուրջ 4 հազար հայ։
Նկատենք, որ100 մետր երկարությամբ ձգվող բազալտե Հուշապատի մի հատվածի վրա փորագրված են Օսմանյան կայսրության հայաշատ ավելի քան հինգ տասնյակ մեծ ու փոքր քաղաքների ու բնակավայրերի անունները, որտեղ կազմակերպվել են հայ բնակչության կոտորածներն ու տեղահանությունները։ 1996 թվականից Հուշապատի հետնամասում ամփոփվում են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Նրանց անուններն են՝ Ֆրիտյոֆ Նանսեն, Բենեդիկտոս XV, Ջակոմո Գորինի, Անատոլ Ֆրանս, Ջեյմս Բրայս, Յոհաննես Լեփսիուս, Ֆրանց Վերֆել, Արմին Վեգներ, Հենրի Մորգենթաու, Հեդվիգ Բյուլ, Ֆայեզ ալ Ղուսեյն, Կարեն Եփփե, Յակոբ Կյունցլեր, Բոդիլ Բյորն, Մարիա Յակոբսեն, Ալմա Յոհանսոն, Կլարա Բարտոն: