Հարցազրույց

«Հրապարակ»․ Իշխանությունների թելադրած օրակարգն ունի կես ժամվա կյանք

«Հրապարակ»․ Իշխանությունների թելադրած օրակարգն ունի կես ժամվա կյանք

«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Միհրդատ Մադաթյանն է:

- Իշխանություններն ամեն անգամ կարողանում են այնպես անել, որ հանրությունը, անգամ ընդդիմադիր շրջանակներն ընկնեն իրենց ծուղակը` առաջնային հարցերը շրջանցելով, ինչ-որ անէական հարցեր բերեն առաջին պլան: Օրինակ` կիրակի օրվանից ակտիվ քննարկվում է Սամվել Կարապետյանի մի թիմակցի կողմից Գյումրին գյուղ անվանելու թեման: Դրանից առաջ էլ օրեր շարունակ քննարկվում էր Կարապետյանի որդու ասածը, որ իրենց ղեկավարած Հայաստանում չբավարարված կանայք չեն լինելու: Ի դեպ, այդ ընթացքում Բաքվում գտնվող մեր գերիներին ցմահ դատապարտեցին, Ալիեւը հայտարարեց, որ դա նյուրնբերգյան դատավարություն է, ու ներում չի լինելու։ Եվ անգամ Արցախը հանձնելու ժամանակ չկար նման աժիոտաժ, ինչպես որ ինչ-որ մեկի կողմից Գյումրին գյուղ անվանելուց հետո առաջացավ: Ինչո՞ւ են փորձում նման անկարեւոր հարցերն օրակարգ բերել:

- Դա գալիս է օրվա իշխանությունների սնանկ վիճակից` այո, այո: Նրանք այնքան սնանկ են, այն աստիճան ոչինչ չեն ներկայացնում իրենցից, որ ամենաչնչին լեզվական վրիպակն անգամ դարձնում են օրակարգ, ծիծաղի թեմա եւ այլն, բայց ո՞ւմ մոտ չի լինում լեզվական վրիպակ: Դա լրիվ նորմալ է, եւ այնպես չէ, որ ՔՊ-ականներն անթերի խոսք ունեն եւ ոչ մի վրիպակ թույլ չեն տալիս: Մի Հասմիկ Հակոբյան վերնագրով պատգամավոր կա, այդ կնոջ խոսքը լրիվ վրիպակներից է բաղկացած, դե թող նրա վրիպակներին անդրադառնան, բայց՝ չէ․ նրանց թեմա է պետք՝ ընդդիմության հետ կապված: Այսօրվա դրությամբ այն օրակարգը, որ բերում է «Հայաստան» դաշինքը, «Մեր ձեւով»-ը, բավականին թեմատիկ են: Նրանք խոսում են տնտեսության մասին, խոսում են ռազմագերիների, պարտության եւ Արցախի մասին, իսկ Նիկոլի իշխանությունը չունի այդ ամենի դիմաց դնելու որեւէ նյութ, որպեսզի կոնկրետ բանավեճի դուրս գա: Առաջ ասում էին` նախկինները՝ էսպես, նախկինները` էնպես, թալան, նախկին եւ այն: 8 տարի անց նորից խոսել թալանի եւ նախկինների մասին՝ մի քիչ զավեշտալի է թվում: Ուստի փորձում են հիմա լեզվի սայթաքումը շահարկել, չեղած բանն ուռճացնել եւ այլն: Հայաստանի քաղաքացին գիտի, որ Գյումրին գյուղ չէ, քաղաք է: Սամվել Կարապետյանի որդին մեծացել է այլ միջավայրում, գուցե հայերենի հետ կապված խնդիր ունի, եւ նրա ոչ լիարժեք հայերենը դարձնել քննարկման հարց, կներեք, բայց ուղղակի նման քննարկումները երգիծական մակարդակի են, այն էլ` ամենացածր լեւլի: Դա քաղաքական խոսույթ չէ:

- Իսկ ընդդիմադիրներն ինչո՞ւ են ներքաշվում այդ կեղծ օրակարգերի մեջ, սկսում հակադրվել իշխանավորներին:

- Նրան, ում հասցեագրված է այդ ամենը, կարծում եմ, որ պետք է խոսի: Եթե չես պատասխանում, այն ուռչում է եւ դառնում մի մեծ նյութ, սակայն պատասխանելն էլ, հասկանում եմ, պատվաբեր գործ չէ, բայց կան դեպքեր, որ արժե պատասխանել: Դեպքը պետք է քննարկել առանձին: Ամեն դեպքում, եթե իշխանություններն ինչ-որ մի բան մանիպուլացնում են, ապա ճիշտ կլինի, որ տվյալ ընդդիմադիր ուժի կողմից այն հերքվի: Հակառակ դեպքում այն կարող է դառնալ վիրուսային:

- Բայց նույն այդ իշխանություններն անթերի չեն իրենց խոսքում եւ հայտարարություններում: Կարո՞ղ ենք մի քանի նման օրինակ հիշեցնել ընթերցողին:

- Մարդը, որը հրամայում է քաղաքացու ձեռքերը կապել, որ ինքը թքի քաղաքացու երեսին, իրավունք չունի որեւէ մեկի լեզվի սայթաքմանն անդրադառնալ: Կամ՝ մեկ ուրիշը պլյուս-մինուսով զոհվածների թիվ է ասում, կամ՝ զոհվածի մորը քարշ են տալիս Եռաբլուրում, կամ էլ ասում են՝ եկեղեցում մանկապիղծներ կան, իսկ թոշակառուն չգիտի, թե որտեղ ծախսի 10 հազար դրամ թոշակը, եւ այսպես շարունակ: Այս մտքերի կարկառուն հեղինակները որեւէ մեկի խոսքի վրա ծիծաղելու իրավունք չունեն, բայց, ցավոք, այդպես է: Մարդն ավելի բարձր է ծիծաղում այն թերությունների վրա, որոնք հենց ինքն ունի:

- Իսկ այս քայլերով կարողանո՞ւմ են հասարակությանը շեղել, հավատացնել, որ իրենց բերած օրակարգերը կարեւոր են:

- Վստահորեն կարող ենք ասել, որ իշխանությունների թելադրած օրակարգն ունի կես ժամվա կյանք: Օրվա իշխանությունները հասարակության համար դարձել են անհետաքրքիր: Նույնիսկ Վենսի այցն ունեցավ 2 ժամվա քննարկման կյանք, ինչպես տեսնում ենք` այդ մասին բոլորը մոռացան, պատկերացնո՞ւմ եք, եթե 2018-2019 թվականներին նման այց լիներ, ինչ կկատարվեր Հայաստանում: Առաջիկայում էլ Մակրոնն է Հայաստան գալու, բայց նա նախ պետք է հասկանա, թե ինչպես են իրենց առհասարակ Եվրոպայում վերաբերվում, ինքն օգտակա՞ր գործիչ է, թե՝ ոչ, թե չէ՝ հո գալով չէ՞, կարող է Զելենսկին էլ գա Հայաստան….

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image