Մշակույթ

Մեր աչքի առաջ անէացող մոդեռնիզմի ճարտարապետության գլուխգործոցը

Մեր աչքի առաջ անէացող մոդեռնիզմի ճարտարապետության գլուխգործոցը

Խորհրդահայ մոդեռնիզմի նշա­նավոր հետազոտող, մոդեռնիզմի պատմու­թյան մասնագետ, ճարտարապետու­թյան պրոֆեսոր Կարեն Բալյանն ընթերցողի դատին է ներկայացրել «Հրազդան» ստադիոն. մոդեռնիզմի ճարտարապետության գլուխգործոցը» գիրք-աշխատությունը: Գրքի հայերեն թարգմանությունը ֆինանսավորել է մարզադաշտի ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի ընտանիքը՝ նրա 90-ամյակի կապակցությամբ։ Կարեն Բալյանի գիրքը նվիրված է 1960-70-ականների հայկական ճարտարապետության գլուխգործոցին։ «Հրազդան» ստադիոնի նախագծման եւ կառուցման պատմությունը ներկայացված է ազգային գիտակցության բարձրացման դարաշրջանի՝ «ձնհալի» համատեքստում։

«Հրազդան» ստադիոնը կառուցվել է 1970-ին, Հրազդան գետի գեղադիր լանջին, որից էլ ստացել է իր անունը։ 70 հազար հանդիսատեսի համար նախատեսված ստադիոնը բացվել է 1971-ի մայիսի 19-ին։ Այն ԽՍՀՄ խոշորագույն մարզադաշտերից մեկն էր։ «Հրազդանն» այսօր էլ դեռ կանգուն է եւ պահպանում է իր վեհությունն ու մոգական ձգողականությունը, սակայն չի շահագործվում ըստ նշանակության։ Նախատեսվում է քանդել այն։ Խորհրդահայ մոդեռնիզմի բազմաթիվ գլուխգործոցներ են քանդվել կամ այդ ճանապարհին են։ Երեւանցիների հպարտության խորհրդանիշ «Հրազդանը» գուցե անէանա հենց մեր սերնդի աչքի առաջ։ Ու մայրաքաղաքը կկորցնի եւս մեկ լեգենդ։ Գուցե հնարավոր չլինի կանխել դա: Այդ դեպքում մնում է մյուս կործանված հրաշքների պես այն պահպանել թղթի վրա, փրկել գոնե ստադիոնի ստեղծման պատմությունը, անմահացնել հեղինակների երեւակայության թռիչքը, արխիվացնել մարզական կոթողի վեհ ու հաղթական տեսքը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image