Հասարակություն

Ինչպե՞ս բարձրացնել մեր ազգի դիմադրողականությունը, ինչպե՞ս անել, որ թեթև քամուց մարդիկ չընկրկեն

Ինչպե՞ս բարձրացնել մեր ազգի դիմադրողականությունը, ինչպե՞ս անել, որ թեթև քամուց մարդիկ չընկրկեն

Մասնագիտության բերումով հաճախ եմ շփվում ծանր կացության մեջ հայտնված մարդկանց հետ: Միշտ ցավով արձանագրում եմ, թե հայ մարդիկ ինչքան հեշտ են կոտրվում, ինչքան շուտ են ենթարկվում ճնշումներին, ինչ արագ են հրաժարվում իրենց սկզբունքներից ու ինչքան քիչ են հակված պայքարի: Նայում ես` սարի պես տղամարդ է, ներսում` նապաստակի սիրտ: Մեր հասարակության մեծ մասը ցավալիորեն զրո դիմադրողականություն ունի և պատրաստ է ամեն զիջման: Տատս նման թույլիկ մարդկանց մասին ասում էր` փըշտ անես, թախտի տակ կմտնի...

Մեկին «սամադուր» շեֆը նեղում է` արագ դիմումը գրում գնում է, մյուսը մի կիսահամարձակ հարցազրույց է տվել, հարևանը մի կեսբերան ասել է` իզուր ես էսինչ բանն ասել` պրոբլեմ կունենաս, զանգում խնդրում` աղաչում է, թե էդ մասը հանեք: Երրորդին թաղի տասովշիկը վախեցնում, ասում է` կգնաս իշխանության օգտին կքվեարկես, ենթարկվում է: Չորրորդը դեմ է վերևից իջեցված հրահանգին, վարվող քաղաքականությանը, չի համարձակվում հակադրվել...
Բայց եթե սովորական քաղաքացու դեպքում աղետը մեծ չի` մարդը չի ուզում համակարգի, հանրային կարծիքի, վերադասի դեմ գնալ, ուզում է աննկատ ապրել իր շարքային կյանքը, ողբերգությունը սկսվում է այն ժամանակ, երբ մտավորական, մտածող, որոշում կայացնող, համակարգեր ղեկավարող մարդիկ են թուլակամ ու ողորմելի, իրենց պուճուր կարգավիճակից ու ճղճիմ կոմֆորտից կառչած...

Վերջին տարիներին ականատես եղանք, թե ինչպես դատավորները դադարեցին արդարադատություն իրականացնելուց, ինչպես կրթական համակարգը զիջեց` թույլ տալով, որ բովանդակություն փոխվի, ինչպես Գիտությունների ակադեմիան քանդվեց, ինչպես զինվորականները` որպես խավ անհետացան, հիմա հերթը եկեղեցունն է...

Ինչպե՞ս բարձրացնել մեր ազգի դիմադրողականությունը, ինչպե՞ս անել, որ թեթև քամուց մարդիկ չընկրկեն, համակարգերը չփլվեն, մարդիկ ուժային լծակներից, ռեպրեսիաներից չվախենան ու պայքարեն իրենց իրավունքների, իրենց երկրի համար...ահա սա է խնդիրը:

ՀԳ. Մտածում էի դնել Նելսոն Մանդելայի նկարը, ով 27 տարի բանտում է անցկացրել, պայքարել է ու իր սկզբունքներից չի հրաժարվել, բայց վերջին պահին որոշեցի դնել Անդրեյ Սախարովի` այս փոքրիկ, փխրուն գիտնականի նկարը, որը սովետական սարսափազդու կագեբեի դեմ էր մեն մենակ պայքարում, հալածվում, բայց չէր կոտրվում...

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image