Երբ տարեսկզբին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մասնակցեց Վաշինգտոում կազմակերպված ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին ու Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին, մարսեցի չեզոք դիտարկողը պետք է մտածեր, որ վերը նշված անձը հավատացյալ է ու միաժամանակ կրոնի հարցերում ազատական հայացքների տեր: Ու պետք է եզրակացություն կատարեր, որ երնեկ այն ժողովրդին, որ նման ղեկավար ունի: Բայց եթե ավելի խորը դիտարկեր երևույթը՝ պետք է զարմանար, թե ինչու է հայաստանյան պատվիրակության կազմում հայտնվել արմատական աթեիստ մեկը: Իսկ եթե շարունակեր փորփրելը, ապա պետք է կրկնակի զարմանար, որ արտերկրյա նման միջոցառմանը մասնակցող ղեկավարը բացարձակ անտեսում է սեփական երկրում կատարվող գրեթե նույնաբովանդակ միջոցառումները: Սակայն զարմանալու հետ մեկտեղ կփորձեր հասկանալ, թե ինչպես է հնարավոր «ժողովրդավարության բաստիոնում» երկակի չափանիշների առկայությունը:
Ու եթե օգնության համար դիմեր, օրինակ, ինձ, ապա ես կասեի, որ ժողովրդավարության հայաստանյան «բաստիոնում» երկակի չափանիշների առկայությունը միակ հնարավոր տարբերակն է: Որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր համադրել մեկ անձի բացարձակ իշխանությունը ժողովրդավարական սկզբունքների հետ: Դա՝ մեկ: Երկրորդ, ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հավատացյալ է այնքանով, որքանով ժամանակին իրեն պատկերացնում էր Քրիստոսի (մեղա՜, մեղա՜) դերում: Սակայն երբ գիտակցեց, որ այդ ֆինտը (իտլ. «finta» - մտացածին բան) չի անցնում, ընդհանրապես դադարեց հավատացյալ լինելուց: Իսկ քանի որ հայկական եկեղեցու ղեկավարությունն անընդհատ պահանջել էր վերջինիս հրաժարականը, ինչը բնական էր՝ հաշվի առնելով նրա գերագույն հրամանատարությամբ պատերազմում մեր խայտառակ պարտությունը, իսկ այնուհետև Արցախի հայաթափումը, դարձել էր կրոնատյաց: Բայց զուտ ազգայինի մասով, քանի որ եթե այդպես չլիներ, ապա չէր մասնակցի ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին:
Մնաց կարծես թե երկրորդական, իրականում ամենակարևոր հարցը: Ինչո՞ւ էր իր հետ ԱՄՆ տարել այն անձին, ով ժամանակին եղել է ՀՀ առողջապահության նախարար, սակայն տապալել էր այդ «առաքելությունը»: Եթե չտապալեր, ապա պետք է որ շարունակեր պաշտոնավարելը: 2021 թ.-ին նշանակվել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար, սակայն կես տարի անց վարչապետը նրան դարձրել էր խորհրդարանի շարքային երեսփոխան, իսկ չորս տարի անց՝ հանձնաժողովի նախագահ: Ենթադրում եմ, որ նա իր տեղում չէր՝ երբ աշխատակազմի ղեկավար էր, այլապես կմնար այդ պաշտոնին: Բայց ինչ ասես աշխատակազմի ղեկավարի մասին՝ երբ իր տեղում չէ պետության ղեկավարը՝ ՀՀ վարչապետը:
Ինչևէ, ենթադրում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Թորոսյան Արսենին (իսկ խոսքը հենց նրա մասին է) ամերիկյան կրոնական միջոցառմանն էր տարել այն նպատակով, որպեսզի այնուհետև եվրոպական երկրների գլոբալիստական-ազատական-ազատախոհական ղեկավարության առաջ «արդարանար», որ իր այցը բացարձակ կրոնական բնույթ չի կրել: Եվ որպես ասվածի հիմնավորում ներկայացներ Թորոսյանի մասնակցությունը: Կարող է և սխալվում եմ, սակայն վերջինիս մասնակցության ավելի ճշմարտանման բացատրություն ես այնպես էլ չհանդիպեցի: Ու չեմ կարծում, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այս անգամ կմասնակցի հայաստանյան՝ Սուրբ Էջմիածնում ացկացվող Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի արարողությանը: Եվ քանի որ հոդվածը գրվել է հենց Զատիկի առումով, ապա ավարտեմ այն ավանդական մաղթանքով. «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի»: