Վարչապետը չկար։ Շատ մնացինք, չկար։
Ում հարցրինք, չկար, ուր գնացինք, չկար։
Առավոտ էր, չկար, երեկո էր, չկար,
Արդեն երեք գիշեր, երեք օր էր, չկար։
Կորել էր ու չկար, - կորե՞լ, ասեղ, հո չի,
Ո՞վ է տեսել մարդուս վարչապետը կորչի…
Թերթերը «շուխուր» են դրել՝ վարչապետը չկա, վարչապետը երկրորդ պլան է մղվել, ՖԲ-ում չի գրում, ելույթներ չի ունենում, Վեհարանը չի գրոհում, ՔՊ-ին թողել է անտեր… Եվ սա այն դեպքում, որ վարչապետն ընդամենը արձակուրդ է գնացել… Մի քիչ երկար, բայց, այնուամենայնիվ արձակուրդ: Բա հո էս շոգերին Պողոսների հետ չէ՞ր ճռռալու Երևանում: Գնացել է մի քիչ կազդուրվի, հանգստանա, մտքերը հավաքի ու նոր թափով սկսի երկիրը կառավարել: Պուտի՞նը չի գնում արձակուրդ, թե՞ Թրամփը: Եվ ուրեմն ի՞նչ կարիք կա Նիկոլի արձակուրդի շուրջ այսպիսի աղմուկ բարձրացնելու:
Կարճ ասած՝ բարով գնա, բարով… չվերադառնա: Իբր վերադառնում է, որ ի՞նչ անի: Աննան, խնդրեմ, գրել էր, որ Չինաստանից մեկ-մեկ կգա Հայաստան: Նիկոլը կարող է դա էլ չանել և, առհասարակ, Չինաստանից ավելի հեռու երկիր մեկնել: Հետ չգա, չերևա, չհիշվի… Սա հայ ժողովրդի համար լավագույն լուծումը կլինի: Տեղի կունենա անարյուն իշխանափոխություն, Վեհարանը կմնա իր տեղում, ՀԷՑ-ը կվերադարձվի իր իսկական տիրոջը, Մեղրիի միջանցքի մասին խոսակցությունները կդադարեն, կվերսկսվեն Արցախի հարցով բանակցությունները:
Ճիշտ է, վարչապետն ընդամենը արձակուրդ է գնացել, բայց ՔՊ-ում արդեն տագնապ են հայտարարել: Թե բա՝ մշուշոտ վիճակ է, որովհետև վարչապետը չկա, իսկ Վահագն Խաչատուրյանը նրա ֆունկցիաներն է կատարում Սյունիքում, այն էլ՝ սխալ-մխալ: Միջանցք է տալիս, դարպաս է բացում, ապագայից է խոսում… Շատ չեղա՞վ ՔՊ-ում մի մարդ չկա՞ր, որ Նիկոլը տեղապահ նշանակեր ու նոր արձակուրդ գնար: Ողբ են կապել արդեն.
Վեր կենա ու կորչի, ի՞նչ ասելու բան է,
Ախր ՔՊ-ն հազիվ 10 տարեկան է,
Ախր տանը ուրիշ եփող-թափող չկա,
Ախր աներձագի գոտին կապող չկա,
Ախր ե՞րբ չի նրա ցավին հասել ՔՊ-ն,
Ախր ե՞րբ է նրան ցուրտ խոսք ասել ՔՊ-ն,
Ախր ամբողջ կյանքում չի էլ ասել իսկի՝
«Տեղդ ծուխ է, վեր կաց մի ուրիշ տեղ նստի»։
ՔՊ-ն՝ ՔՊ, բայց հանրությանը չես ստիպի ողբալ վարչապետի անհետացումը: Հանրությունն ավելի թեթև է նայում նման բաներին: 3 միլիոն վարչապետ… Մի վարչապետ ավել, մի վարչապետ պակաս, ի՞նչ նշանակություն ունի մեր հանրության համար: Եվ հանրության տարբեր շերտերում տարբեր խոսակցություններ են սկսվել Նիկոլի անհետացման կապակցությամբ: Մեծավ մասամբ բամբասում են.
Կորել էր ու չկար... Սկսվել էր թաղում.
- Աղջի, սատանա էր, խեղճություն էր խաղում։
- Դե երևի... - Այո, սիրուհի է ճարել…
-Չէ, չէ մի սիրուհի… Գնացել է տանձի,
- Տավուշ խոզ են մորթել, ինքը պիտի խանձի:
Ահա այսպիսի հանրային երևակայություն: Եվ դա բնական է, քանզի մի վարչապետ, որ արձակուրդ գնալիս տեղը չի ասում, ուրեմն նա վարչապետ չէ: Այ, օրինակ, մեր հարևան Շմավոնը: Կնոջ հետ ծածուկ գնացել էր Դուբայ: Ոչ ոք չհետաքրքրվեց՝ Շմավոնը որտեղ է, ինչ է, ոչ ոք չէր բամբասում: Շենքում բոլորը գիտեին, որ գնացել է գյուղ՝ զոքանչանոց:
Նիկոլի պրպտումները, սակայն, իրենց առաջին արդյունքները տալիս են: Հանրության առավել քաղաքականացված սեկտորը երեք կետի վրա է կենտրոնացել՝ Էրդողան-Ալիև-Միշուստին: Այս եռանկյունու մեջ են փնտրում Նիկոլին ու նրա՝ անսպասելի ու երկարատև արձակուրդի պատճառները: Ի վերջո հայտարարեցին.
Վերջը հետքը գտանք...
Մի անծանոթ քեռի առել է ու տարել։
Ուրիշ տեղ է տարել, ո՞վ իմանա թե ուր,
Աշխաիհն անհուն կարաս՝ մեջը լիքը մրուր...
Բայց ես ուզում եմ խոստովանել, որ այնքան էլ համամիտ չեմ մեր հանրության քաղաքական սեկտորի այս կարծիքին: Այդ ինչ անծանոթ քեռի պիտի լիներ, որ Նիկոլին առներ ու տաներ: Ո՞ւմ էր պետք Նիկոլը, որ մի հատ էլ նրա պատճառով պրոբլեմների մեջ ընկներ այդ անծանոթ քեռին: Վստահաբար, զայրացած է եղել Նիկոլի վրա, բայց մի՞թե այն աստիճան, որ առներ ու տաներ: Էս թվին ո՞վ է այդպիսի բան անում: Ի վերջո, եթե նա այդքան ուժեղ քեռի է, կարող էր Ալթայում իր վարչապետի միջոցով Նիկոլին փոխանցել՝ կգնաս, դիմում կգրես ու կկորչես արձակուրդ՝ մինչև նոր հրահանգ:
Հ.Գ. Ինչևէ, ներողություն եմ խնդրում Համո Սահյանից՝ նրա հրաշալի բանաստեղծություններից մեկն այսպես «փչացնելու» համար: Ցանկացողներն իսկական բանաստեղծությունը կարող են գտնել հետևյալ հղումով.
https://katalog.am/grakanutyun/show-htm-itemid-1278.html