Տնտեսություն

Սակագնային փոփոխություններ, որոնք չեն ազդի ոչ սպառողի, ոչ էլ Գազպրոմի վրա

Սակագնային փոփոխություններ, որոնք չեն ազդի ոչ սպառողի, ոչ էլ Գազպրոմի վրա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին հայտարարեց, որ գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջներից ելնելով՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված սակագների վերանայման գործընթացի շրջանակում սակագների վրա ազդող դրական և բացասական բոլոր գործոնների արդյունքում վերանայվել է բնական գազի փոխադրման, բաշխման և գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների սակագները: Սակայն դրանք չեն անդրադառնա բնակիչների վճարների վրա։ Բնակիչների համար գազի գինը կմնա անփոփոխ։

Մեզ հետ զրույցում էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը նշեց, որ պետք է տարբերել գազի համակարգում գոյություն ունեցող երեք տարբեր սակագին. «Դրանք են՝ բնական գազի փոխադրման սակագինը, որը ապահովում է գազի տեղափոխումը հիմնական գազատարներով, բաշխման սակագինը, որը վերաբերում է գազը մինչև վերջնական սպառող հասցնելուն, և գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների սակագինը։ Այս բաղադրիչներից էլ ձևավորվում է ծառայության ընդհանուր արժեքը։ Վերանայման ընթացքում ստացվել է, որ փոխադրման սակագինը իսկապես բարձրացել է՝ 8 229,741 դրամից հասնելով 9 099,354 դրամի 1000 խմ համար, այսինքն՝ մոտ 10,6% աճ։ Միաժամանակ բաշխման սակագինը նվազել է՝ 19 664,779-ից մինչև 14 989,730 դրամ, այսինքն՝ մոտ 23,8% անկում։ Նվազում է արձանագրվել նաև օպերատորի ծառայությունների մասով՝ 24 042-ից մինչև 23 533 դրամ։ Այլ կերպ ասած՝ ՀԾԿՀ-ն վերադասավորել է ծախսերը համակարգի ներսում․ մի բաղադրիչը աճել է, երկուսը նվազել։ Հենց այդ պատճառով վերջնական հաշվով բնակչության համար գազի գինը չի փոխվել»։

Նրա խոսքով Գազպրոմի համար սա լուրջ փոփոխություն չէ. «Նպատակը, որքանով հասկանում եմ, սակագնային կառուցվածքի ներքին վերահսկելիությունն ու ծախսերի թափանցիկ բաշխումն է: Օպերատորի՝ Գազպրոմի համար սա թերևս լուրջ ֆինանսական փոխակերպումների ևս չի հանգեցնի: Оպերատորը կարող է կորցնել մեկ բաղադրիչի վրա և շահել մյուսի հաշվին: Այստեղ կարևորն առանձին ենթասակագինը չէ, այլ ամբողջ սակագնային փաթեթի վերջնական հաշվեկշիռը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image