Հարցազրույց

ՄԻՊ-ի պաշտոնում պետք է ընդդիմության թեկնածուն ընտրվի․ Արա Զոհրաբյան

ՄԻՊ-ի պաշտոնում պետք է ընդդիմության թեկնածուն ընտրվի․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանին հարցրինք, թե ինչպե՞ս կարող է մեկնաբանել դատական համակարգում սկսված այն գործընթացը, երբ ԲԴԽ-ն ու արդարադատության նախարարությունը միմյանց «պասերով» համակարգից հեռացնում են փորձառու դատավորներին․

«Բնականաբար, երբ դատավորի լիազորություն է դադարեցվում, այդ հարցը չի կարող չանհանգստացնել փաստաբանական համայնքին, որովհետև փաստաբանական համայնքը երազում է ունենալ անկախ, ուժեղ դատական համակարգ, և եթե այդ առումով կա խնդիր, ապա, բնականաբար, այդ խնդրի առաջին վնաս կրողները մենք ենք։ Մեր խնդիրն այսօր այն է, որ գործադիր իշխանությունը չկարողանա դատական իշխանությանը իրեն ենթարկեցնել և այլն, և այս առումով նման գործիքները, որոնք այսօր կիրառվում են դատավորների նկատմամբ, իրոք կարող են նման թաքնված նպատակ հետապնդել։ Քաղաքական տեսակետից, կարծում եմ, հենց այդ նպատակն էլ հետապնդում են։ Բնական է, որ երբ դատավորների նկատմամբ այդ պատասխանատվության միջոցները կիրառում են, և երբ որոշումները կարդում ենք, առերևույթ կան այդ հիմքերը, որ նման միջոց են կիրառում, բայց հարցը հետևյալն է, թե արդյոք այդ նույն մոտեցումը կիրառվո՞ւմ է բոլոր դատավորների նկատմամբ։ Օրինակ, եթե դատավորը դատական ակտ է ուշացնում, իսկ մենք գիտենք, որ դա ծանրաբեռնվածությունից ելնելով համատարած բնույթ է կրում, արդյոք բոլո՞ր դատավորներն են այդ տույժը կրում, ուրեմն բոլորն էլ պետք է հեռացվեն, և այդ դեպքում քանի՞ դատավոր կմնա ընդհանրապես։ Եթե ընտրողական է դա կիրառվում, ուրեմն արդեն անհանգստացնող է, և այստեղ, կարծում եմ, բոլորս անելիքներ ունենք՝ և՛ լրագրողները, և՛ փաստաբանները»,- պատասխանեց Զոհրաբյանը։ 

- Հաշվի առնելով, որ ակտերը ուշացնելու խնդիրը, ինչպես Դուք եք ասում, ողջ դատական համակարգում է, ինչո՞ւ են դատավորների նկատմամբ միանգամից պատասխանատվության  ամենախիստ միջոցը կիրառում՝ նրաց լիազորությունների դադարեցումը։

- Ես Ձեր հարցին կպատասխանեմ առակով, կարծեմ՝ Այգեկցու առակն էր։ Գայլը, աղվեսը և առյուծը գնում են որսի և մեկական եղնիկ են որսում, հետո առյուծը գայլին ասում է՝ որսը բաժանիր մեր մեջ, գայլն ասում է՝ յուրաքանչյուրիս մեկական եղնիկ, քանի որ բոլորս մասնակցել ենք որսին։ Առյուծը միանգամից գայլին պատառոտում է։ Հետո աղվեսին է ասում՝ հիմա դու բաժանիր։ Աղվեսն ասում է՝ դե առաջինը քեզ, որովհետև դու թագավորն ես, երկրորդն էլ քեզ, որովհետև դու ուժեղ ես, երրորդն էլ քեզ, որովհետև որսը դու ես կազմակերպել։ Առյուծն ասում է՝ էդ ո՞վ քեզ այդպես արդար բաժանել սովորեցրեց, աղվեսն ասում է՝ պատառոտված գայլը։ Այսինքն՝ երբ նման վերաբերմունքի են արժանանում դատավորները․․․, պատկերացրեք մի դատավոր իր սենյակում նստած տեսնում է, թե ինչ կարող է լինել մեկ այլ դատավորի հետ։ Դա իր համար օրինակ է, որպեսզի հետագայում գլուխը կախ աշխատի և գործող իշխանության քիմքին համահունչ դատական ակտեր կայացնի։

- Իսկ ինչո՞ւ դատական իշխանությունը չի ընդվզում, որովհետև ինչպես գործադիրն է իշխանութուն, նույն կերպ էլ դատական իշխանությունն է իշխանություն։

- Խնդիրը մի քիչ ավելի խորն է։ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, ցավոք, այդ հարցի հետ կապված մեծ արտոնություն տվեցին այսօրվա գործադիր իշխանությանը։ Այն ժամանակ փաստաբանական համայնքն էլ առարկում էր, ասում էր, որ չի կարելի ԲԴԽ համամասնությունը թողնել հավասար, հակառակը՝ պետք է դատավորները այնտեղ մեծամասնություն լինեին(ԲԴԽ-ն կազմված է 10 անդամից, որոնցից 5-ը դատավորներ են, իսկ մյուս 5-ը՝ իրավաբան գիտնականներ Կ․ Ս․)։ Այս առումով փաստաբանական համայնքը առարկություն ներկայացրեց, մասնակցեց հանձնաժողովի նիստին, իր արգումենտները բերեց։ Մյուս խնդիրը՝ մենք ասացինք, որ պետք է դատավորը անձեռնմխելի լինի, 2015 թվականի սահմանադրությամբ նաև դատավորի անձեռնմխելիության շեմը իջեցվեց։ Այսինքն՝ եթե դատավորը արդարադատության հետ չկապված այլ քրեական վարույթի մեջ հայտնվի, ապա ԲԴԽ համաձայնությունը պետք չի լինի քրեական հետապնդման համար։ Այն ժամանակ ասում էինք, որ, օրինակ, Մարալիկից մի քննիչ կարող է ցանկացած դատավորի քրեական հետապնդման թիրախ դարձնել։ Սա դատավորի անկախությանը ուղղակի հարված է։ Այսինքն՝ սահմանադրական այս կարգավորումների պայմաններում դատական համակարգը պաշտպանված չէ, և պարզ է, որ գործադիր իշխանությունն այստեղ ինչ ուզի, կանի։

- Արդեն 1 ամիս է, ինչ Հայաստանը մարդու իրավունքների պաշտպան չունի, Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո ՔՊ-ն նույնիսկ թեկնածու չի առաջադրել։ Ձեր կարծիքով՝ սա ինչպե՞ս է անդրադառնում մարդու իրավունքների պաշտպանության վրա։

- Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, շատ կարևոր ինստիտուտ է, և այս առումով, բնական է, որ այդ ինստիտուտի այսօր արդեն դե յուրե բացակայությունը, բնականաբար, խնդիրներ է ստեղծում։ Մենք կարծում ենք, որ ընդհանրապես այդ պաշտոնի հավակնության համար պետք է ընդդիմության թեկնածուին ընդունեն, որովհետև եթե ՄԻՊ-ը լինի գործող իշխանության համակրողը և գաղափարակիցը, ապա ոչինչ չի ստացվի, նա չի կարողանա լավ գործել։ Օրինակ՝ Արման Թաթոյանի ժամանակ այդ կառույցը իր տեղում էր, որովհետև Արման Թաթոյանը իշխանության գաղափարակիցը չէր և այդ օբյեկտիվությունը կարողանում էր պահպանել, Քրիստիննե Գրիգորյանի դեպքում, բնականաբար նշաձողը իջավ, որովհետև Քրիստիննե Գրիգորյանը իշխանության գաղափարակիցն էր, դրա համար էլ մենք այդ տեսակետից որոշակի խնդիրներ ու անհարմարություններ ունեցանք։ Հիմա, երբ չկա ՄԻՊ, կարծում եմ՝ առավել ևս մենք անպաշտպան վիճակում ենք։

Լրահոս

Ամենաընթերցված

ՔՊ-ի վերջին շանսը

ՔՊ-ի վերջին շանսը

Հայ բնապահպանները շատ բան ունեն սովորելու իրենց ադրբեջանցի գործընկերներից: Դուք տեսաք, չէ՞, թե ինչպե...

×
Gallery Image