Քաղաքականություն

Գավառի համայնքապետարանում ժողով են անում

Գավառի համայնքապետարանում ժողով են անում

Մեր տեղեկություններով, Գավառի համայնքապետարանում այսօր ժողով են հրավիրել, որի ժամանակ համայնքապետարանի աշխատակիցներին հորդորել են պարտադիր մասնակցել Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին։ Անգամ քննարկել են այն հարցը, թե ով ինչպես հասնի Երևան և վերադառնա, որպեսզի ավտոբուսներով բերելու տպավորություն չստեղծվի:

Գավառի համայնքապետի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանին հարց ուղղեցինք՝ համայնքի աշխատողների՝ Երևանում հանրահավաքի մասնակցելը պարտադրվա՞ծ է, թե իրենց կամքով են գնալու, դրա համակարգման աշխատանքներին ինքը ներգրավվա՞ծ է, վերջինս նշեց․ «Ճիշտն ասած, մարդիկ իրենց կամքով են գալիս։ Ես ո՞նց կարող եմ համակարգել, եթե այս պահին աշխատանքի եմ ու մի քիչ հետո էլ ինձ մոտ խորհրդակցություն է լինելու»։ Հարցին՝ համայնքի ղեկավարի հետ ե՞ք գալու հանրահավաքին, թե՞ ամեն մեկդ ձեր միջոցներով՝ Դաշտոյանը նշեց․ «Այս պահին ես համայնքապետարանում աշխատում եմ, չեմ կարող ասել դեռ որևէ բան։ Մինչև չավարտեմ աշխատանքը, չեմ կարող ոչինչ ասել»։

Համայնքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին արձակուրդում է գտնվում ու չգիտի համայնքապետարանից ով է գալու, ով՝ ոչ։ Եւ չցանկացավ պատասխանել հարցին՝ ինքը մասնակցելո՞ւ է հանրահավաքին, թե՝ ոչ։

Գավառի համայնքապետի մամուլի պատասխանատու Ալվարդ Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ համայնքի ղեկավար Գրիգոր Մարտիրոսյանը մասնակցելո՞ւ է հանրահավաքին։ Մանուկյանը զարմացավ, որ համայնքապետի վերաբերյալ իրեն հարց ենք ուղղում առաջարկելով հենց համայնքապետին ուղղել այդ հարցը։ Իսկ իր՝ հանրահավաքին մասնակցելու հարցին չցանկացավ պատասխանել, նշելով, որ նման անձնական հարցին չպատասխանելն իր իրավունքն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image