Երեկ առավոտյան Արզումանյան փողոցի ծառերի` ռոբինիաների վրայով անցել են «Երեւանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատողները։ Առավոտվանից ակացիաների ճյուղերը, մի մասը՝ չոր, մյուսը՝ կանաչ, գլխատված` պատել էին Արզումանյան փողոցի կանաչ գոտին։ Սաղարթախիտ ռոբինիաները, որոնց ժողովուրդն անվանում է ակացիա, ամբողջությամբ այլանդակվել են` էտելու անվան տակ։ «Երեւանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ փոխտնօրեն Արթուր Խալաթյանին հարցրինք, թե ինչ աշխատանքներ են սրանք, արդյոք սկսվե՞լ է էտի շրջանը, ինչո՞ւ են ծառերի կանաչ ճյուղերը հատվում։
«Սա էտ չէ, էտի շրջանը դեռ չի սկսվել։ Սաղարթի ձեւավորման աշխատանքներ են իրականացվում։ Կտրվում են ռոբինիաների չոր կամ կախված ճյուղերը։ Խորը էտի մասին խոսք չկա»,- ասաց պաշտոնյան։
«Սա սպանդանոց է, ծրագիր են ստացել, որ վերուվար անեն մեր քաղաքը»,- արձագանքում է Երեւանի ավագանու անդամ, քաղաքի կանաչապատման խնդիրներով մտահոգ գործիչ, Բժշկական համալսարանի Հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը։ Նա հիշեցնում է, որ 2020 թվականի ապրիլին նույն՝ Արզումանյան փողոցի ծառերն աղավաղել էին, խորը էտ էր իրականացվել։ Այժմ ծառերը փոքր-ինչ վերականգնել են նախկին տեսքը, եւ բնակիչները սրտի տրոփյունով են հետեւում այստեղ հայտնվող սղոցով մարդկանց։
Ձեզ վրա կիլոգրա՞մ է դրված, կիլոգրամով ճյո՞ւղ եք հանձնելու, ինչո՞ւ եք կտրում՝ կանաչապատման ՀՈԱԿ-ի բանվորներին հարցրել է բնակիչներից մեկը` Ռուզաննա Սիմոնյանը, եւ ապշեցնող պատասխան է լսել։ «Որ ճյուղերը մարդկանց գլուխներին չկպչեն»։ Ամռանն էլ պտղատու ծառերն էին վերացնում՝ պատճառաբանելով, թե մարդիկ սայթաքում-ընկնում են ծառերից թափված հասած մրգերի պատճառով։